Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԸ ԽԱՐԻԶՄԱՏԻԿ Է, ՀԱՅԵՐԸ՝ ՍԻՐԱԼԻՐ

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"\"Ղազախական «Արտ եւ շոկ» փորձարարական թատրոնի արտիստների տպավորությունները

«Հայֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում Հայաստան էր ժամանել ղազախստանյան «Արտ եւ շոկ» փորձարարական թատրոնը՝ «Գագարին» դրամայով (բեմադրությունը՝ Գալինա Պյանովայի): Թատրոնը ստեղծվել է 2001-ին՝ Ալմաթիում: Դերասանները կիրառում են թատերարվեստի տարբեր արտահայտչամիջոցներ՝ իմպրովիզացիա, մնջախաղ, ձայնանմանակում: «Արտ եւ շոկի» «Գագարին» ներկայացումը նոր տեսակետ է՝ տիեզերագնացության փաստի վերաբերյալ: Թատերախմբի արտիստները սիրով զրուցեցին «Առավոտի» հետ:

– Թատերախումբն արդեն 4-րդ անգամ է մասնակցում «Հայֆեստին»: Ձեր տպավորությունները հայ հանդիսատեսի մասին:

Գալինա Պյանովա- Սա մեր ամենասիրելի հանդիսատեսն է: Այսպես եմ ասում ոչ թե քաղաքավարությունից, այլ նրա համար, որ իսկապես լավ տպավորություն եմ ստացել: Հայաստանցի հանդիսատեսը սրտաբաց, անկեղծ, թատրոնը եւ արտիստին գնահատող հանդիսատես է: Մենք ամեն անգամ գալիս ենք Հայաստան՝ սրտանց երկխոսելու հայ հանդիսատեսի հետ, որին միշտ ուզում ենք նորովի ներկայանալ ու զարմացնել՝ լավ իմաստով:

Վերոնիկա Նասալսկայա- «Գագարին» ներկայացման պրեմիերան եղավ Երեւանում, մենք ուզում էինք առաջինը հայ հանդիսատեսը դիտեր այն, որովհետեւ միշտ պատրաստ է երկխոսության եւ էքսպերիմենտի:

– Իսկ ինչո՞ւ Գագարինի եւ տիեզերք թռչելու թեմա:

Վերոնիկա Նասալսկայա- Այս ներկայացման վրա աշխատել ենք շուրջ 3 տարի, սա մեր ամենաերկար նախագիծն է: Մինչ ներկայացման «մարմին առնելը»՝ փորձել ենք բոլոր թեմաները, որոնք առնչվում էին Յուրի Գագարինին, խաղացել հենց Գագարինի պատմությունը: Կարծում ենք, որ նա մոլորակի ամենակարեւոր մարդն էր, որովհետեւ առաջինն էր, որ մուտք գործեց մարդու համար անձեռնմխելի եզերք: Եվ ինչպիսի՞ վերջաբան նման մարդու համար: Տիեզերք թռչելուց հետո նա դառնում է Աստված, սրբապատկեր ու անգամ իր համար դադարում է մարդ լինել, նրան նույնիսկ չեն թույլատրում իբրեւ օդաչու թռչել: Գագարինին որպես Աստված էին վերաբերվում, մինչդեռ նա ինքը Աստծուն էր որոնում:

– Ինչո՞ւ Գագարին եւ ոչ թե Վալենտինա Տերեշկովա:

Գալինա Պյանովա- Տերեշկովան առաջին կին տիեզերագնացն էր, բայց ոչ առաջին տիեզերագնացը: Հետո մեզ գենդերային հարցերը չէ, որ մտահոգում էին: Տերեշկովան այժմ էլ ողջ է, հզոր կին, իսկ Գագարինը չկա: Ժամանակին մարդիկ գլուխները կորցրել են, երբ ռադիոյով հայտարարվել է, թե մարդը տիեզերքում է հայտնվել, բոլորը մտածում էին՝ դա հնարավոր չէ, խելահեղություն է… Գագարինը հրաշք գործեց փաստորեն, իսկ առաջինը լինելով՝ միշտ չէ, որ լավ է դասավորվում տվյալ անհատի կյանքը:

Վերոնիկա Նասալսկայա- Գագարինի զոհվելու հարցը մինչեւ հիմա առկախ է մնացել: Ախր ինչո՞ւ պիտի մարդը զոհվեր հենց փառքի զարթոնքին: Այս ներկայացմամբ մտադիր չենք ինչ-որ բաներ փորփրել, ինչ-ինչ հարցերի պատասխաններ տալ, եզրակացությունները թողնում ենք հանդիսատեսին… Այսօր արեւմուտքում մոդայիկ է այս թեման՝ արդյո՞ք Գագարինը թռչել է տիեզերք, կամ եթե թռչել է՝ ի՞նչ մեծ բան է արել որ: Արեւմուտքի մարդիկ ասում են Արմսթրոնգից կարելի է ավելի շատ խոսել, նա Գագարինից հետաքրքիր է: Մենք տարբեր առիթներով հակադրվում ենք այդ կերպ մտածողներին: Դրա համար էլ որոշել ենք ստեղծել խորհրդային տիեզերագնացի ու մարդու կերպարը:

– Իսկ այսօր ինչո՞վ կարելի է զարմացնել 21-րդ դարի մարդուն:

Գալինա Պյանովա- Հոգեբանական թատրոնով…

Վերոնիկա Նասալսկայա- Եթե ուզում ես զարմացնել, գործի ես դնում ամեն մեթոդ, իսկ մեր նպատակը դա չէ: 90-ականներին բոլորը համատարած հանվում էին բեմի վրա, եղավ մի շրջան, երբ թատրոնը հասավ նատուրալիզմի բարձրակետին. անգամ բեմի վրա կենդանիներին էին ծեծում: Ախր թատրոնի խնդիրը բնավ վառվռունությամբ զարմանք պատճառելը չէ, այլ անգամ 21-րդ դարում հանդիսատեսին երեխայի նման հուզվել, ծիծաղել կամ լաց լինել ստիպելը: Եթե դերասանը կարողանում է մի 80 րոպե հանդիսատեսին կտրել իրականությունից՝ կոմպյուտեր, փող աշխատելու միջոցներ, աշխատանքային սթրեսներ, նյութապաշտություն, եւ նրան մենակ թողնել իր զգացմունքների հետ, ուրեմն՝ բրավո: Եթե դահլիճը քեզ հետ միաժամանակ շնչում-արտաշնչում է՝ առանց իրեն հաշիվ տալու, ուրեմն զուր չէին արտիստի ջանքերը:

– Ձեր կարծիքը «Հայֆեստ» փառատոնի մասին:

Գալինա Պյանովա- Մենք միշտ սիրով ենք ընդունում փառատոնի կազմակերպիչների հրավերը ու ամեն անգամ Հայաստան գալով՝ մտածում, թե ինչքան բարձր է «Հայֆեստի» նշաձողը: Ցանկանում ենք համապատասխանել այդ նշաձողին: Այստեղ հանդիպում ես արվեստի լավագույն արտադրանքին ողջ աշխարհից, եւ զուր չէ, որ «Հայֆեստը» ճանաչվել է ԱՊՀ լավագույն փառատոն: Եթե եվրոպական լավագույն թատրոնները «Հայֆեստին» գալիս են իրենց հաշվին, ինչպես կգնային հանրահայտ այլ փառատոների, ուրեմն մի բան գիտեն: Շատ ենք սիրում նաեւ Երեւանը, ինքնատիպ, խարիզմատիկ եւ բարի քաղաք է, բնակիչներն էլ՝ սիրալիր ու հյուրասեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել