Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իրավական խճանկար

Հոկտեմբեր 20,2007 00:00

Հոկտեմբերի 17, 18, 19

Լրագրողի ներկայացուցիչը

Երեկվանից «Առավոտ» օրաթերթի լրագրող Ռուզան Մինասյանի ներկայացուցիչը լինելու է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեջլումյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին, ժ.14-ի սահմաններում, մի խումբ անձինք ներխուժել էին խմբագրություն՝ լրագրողի աշխատասենյակ, փորձել ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ՝ նույն օրը տպագրված հոդվածի կապակցությամբ: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164 հոդվածի 1-ին մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հակադրելը): Տեղեկացնենք, որ փաստի առթիվ քրգործ հարուցելու որոշումը լրագրողը դեռ չի ստացել:

Ձերբակալվել է կապիտան

Ըստ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքի, հոկտեմբերի 17-ին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության էրեբունի բաժնի քրեական-հետախուզության բաժանմունքի օպեր-լիազոր, կապիտան Հայկ Վառյանը: Նա մեղադրյալ Արամ Թորոսյանից, քրեական հետապնդումը դադարեցնելու համար, պահանջել է $3000 գումար: Երեկ տեղեկացանք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Հրաչիկ Բաղդասարյան) մերժել է Վառյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրելու միջնորդությունը: Դատարանի պատճառաբանությամբ՝ Քրեական օրենսգրքով նախատեսվում է այլ պատիժ: Մինչդեռ, Քրեական օրենսգրքով այս հանցանքի համար նախատեսվում է մինչեւ 2-6 տարի ազատազրկում:

Կնստի հացադուլի

«Առավոտի» տեղեկություններով, երկուշաբթի օրվանից հացադուլ է հայտարարելու արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Ենգոյանը:

Ավտոպատահար

Հոկտեմբերի 17-ին Սեւան-Գավառ ճանապարհին՝ Լճաշեն գյուղի մոտ, «ԲՄՎ» մակնիշի 09 ՏԼ 197 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից ու շրջվել: Ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի՝ Նոր Հաճըն քաղաքի 33-ամյա բնակիչ Ա. Շիրիմյանի դին, իսկ ուղեւորին՝ Երեւանի բնակիչ, 26-ամյա Վ. Սարգսյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Սեւանի հիվանդանոց:

Տարեց մարդասպանը

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սպանություն գործելու համար ներկայումս պահվում է 534 մարդ: Երեկ այդ մասին հաղորդել է Հայաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը: Աղբյուրի համաձայն, նրանցից 184-ը դատապարտվել է ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասով, 350-ը` ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասով (ծանրացուցիչ հանգամանքներում):

Ամենատարեց կին դատապարտյալը 77-ամյա Կիմա Վագրամյանն է, որը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել սպանություն կատարելու համար (ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մաս):

Ծնունդ՝ կալանքի պահին

Ըստ ՀՀ ՔԿՀ մամուլի պատասխանատու Ա. Բաբայանի, ՀՀ ՔԿՀ-ներում պահվողների թիվն ընթացիկ տարում համալրվել է ոչ միայն ձերբակալությունների հաշվին. «Աբովյան» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ գտնվող մի կին, որը մեղադրվում է սպանություն կատարելու մեջ, ծննդաբերել է:

Տաքսին հրդեհվել է

Երեկ ժ. 01.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհվել էր Երեւանի Բաղրամյան պողոտայի թիվ 77 շենքի դիմաց կայանված «ՎԻՊ» տաքսի ծառայության «ԳԱԶ-3110» մակնիշի 375 ԼՍ 63 համարանիշով ավտոմեքենան:

Արձագանքում է

Արձագանքելով «Առավոտի» հոկտեմբերի 9-ի «Ասպիրանտը «քցել» է իր դասախոսին» հրապարակմանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար Ն. Հարությունյանը տեղեկացնում է, որ Մանե Հակոբյանը 2004-ից չի աշխատում նշված բուհում: Նա ազատվել է իր դիմումի համաձայն: Հոդվածում նշված Արթուր Ամիրյանն էլ 2004-ից ազատվել է Ճարտարագիտական համալսարանից, եւ որ նրա գիտական ղեկավարը Մանե Հակոբյանը չի եղել, ինչպես ակնարկվել է հրապարակման մեջ: «Բուհի անվան անհարկի օգտագործումից զերծ մնալու համար պետք է կատարվեր ճշգրտումներ»,- գրում է աշխատակազմի ղեկավարը: Հիշեցնենք, որ կողմերի միջեւ ծագած վեճի պահին նրանք իսկապես աշխատել են նշված բուհում:

Վրաերթ դպրոցի մոտ

Երեկ ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Հովհաննես Հովհաննիսյանը եւ խոստովանել, որ նույն օրը վարելով ա/օ «ԲՄՎ-525» մակնիշի ա/մ-ն, թիվ 19 միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 1935 թ. ծնված Մերուժան Տոնոյանին եւ իր ա/մ-ով տեղափոխել նրան հիվանդանոց, որտեղ վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել