Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՄ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՆ ՉԵՆ ԾԵԾԵԼ

Հոկտեմբեր 20,2007 00:00

Ասում է Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Ենոք Ազարյանը

Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործով սեպտեմբերի 6-ից կալանավորված է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդին՝ 23-ամյա Արման Դարբինյանը: Նրա պաշտպանությունը սեպտեմբերի 7-ից ստանձնել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ենոք Ազարյանը:

Արման Դարբինյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու մեջ: Հայտնի է, որ այս գործի շրջանակներում Դարբինյանի «Կրայսլեր» մակնիշի 36 US 001 ավտոմեքենայի անվադողի մեջից հայտնաբերվել է 4 փամփուշտ:

Արման Դարբինյանը ներկայումս գտնվում է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում:

Երեկ նրա պաշտպան, փաստաբան Ենոք Ազարյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ Ա.Դարբինյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով դիմել են Լոռու մարզի առաջին ատյանի դատարան: «Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ, դատարանը լուծում է մեղադրյալին գրավով ազատելու հնարավորության հարցը եւ ճանաչելով նման ազատման հնարավորությունը՝ նշանակում է գրավի գումարը»,- նշեց Ե. Ազարյանը: Մեր այն հարցին, թե խափանման միջոցի փոխելու հարցը ի՞նչ հիմքերով է բարձրացվում, պրն Ազարյանը տեղեկացրեց, որ այն կապված է իր պաշտպանյալի առողջական վիճակի հետ: Մեր հաջորդ հարցին, թե առողջական խնդիրները ծագել են պաշտպանների ներկայությամբ ծեծելո՞ւ հետ, պրն Ազարյանն ասաց. «Իմ պաշտպանյալին չեն ծեծել: Ես թույլ չեմ տալիս անգամ բարձր խոսել նրանց հետ: Մարդու իրավունքների պաշտպանությունը թույլ մարդու գործ չի: Պաշտպանը գնում է պաշտպանելու, ոչ թե խոչընդոտներ ստեղծելու»: Ինչ վերաբերում է Արման Դարբինյանի առողջության վիճակի կապված խափանման միջոցը փոխելու միջնորդությանը, Ե. Ազարյանը տեղեկացրեց, որ Դարբինյանն անցյալ տարի ավտովթարի հետեւանքով ծանր վիրահատության է ենթարկվել: Վիրահատել են նրա փայծաղը: Նա գտնվել է բժիշկների հսկողության տակ: Բացի դրանից, կինը հղի է, ունեն մեկ անչափահաս երեխա: Նրան մեղսագրված արարքը միջին ծանրության հանցագործություն է, որը թույլ է տալիս փոխել կալանքը: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ գրավով փոխել են անգամ ծանր հանցագործություն կատարած անձանց խափանման միջոցը, ապա պարզ է, որ հավանականությունն այս հարցում մեծանում է: Ի դեպ, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը, Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, մեկ անգամ արդեն մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն էլ, Արթուր Պողոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 3-ին անփոփոխ է թողել Ա. Դարբինյանի խափանման միջոցը:

Ե. Ազարյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, սակայն պատասխանը դեռ չի ստացվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել