Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չի կարողանում վարկ վերցնել, որ տուն գնի

Հոկտեմբեր 20,2007 00:00

20 տարվա ընթացքում հասցրել է 10 համայնքի բնակիչ լինել

Երեւան քաղաքի 52-ամյա բնակիչ, մանկավարժ Մարիամ Ստեփանյանը 20 տարվա ընթացքում հասցրել է մայրաքաղաքի բոլոր համայնքների բնակիչ լինել, սակայն որեւէ համայնքում գրանցված չէ: Տիկին Ստեփանյանը քսան տարի ապրում է վարձով: «Արդեն վարձով տասներորդ բնակարանն եմ փոխում: Ինչքա՞ն կարելի է այսպես ճնշված ու կարիքի մեջ, առանց սեփական անկյունն ունենալու ապրել»,- «Առավոտին» դժգոհեց Մ. Ստեփանյանը: Նրա խոսքերով. «Արդեն քանի տարի է՝ ինչ աշխատում ու տան վարձ եմ տալիս: Երեւան քաղաքում ոչ մի համայնք չի մնացել, որտեղ բնակություն հաստատած չլինեմ: Վարձերն էլ տարեցտարի բարձրացնում են: Մի փոքր սենյակի համար 100 հազար դրամ վարձ են ուզում: Տեսա, որ էլ ի վիճակի չեմ այսպես ապրելու, փորձեցի գոնե հիփոթեքային վարկ ստանալ ու մի բնակարան ձեռք բերել: Գոնե կիմանամ, որ տվածս գումարը զուր չի կորչում, ու 10 տարի հետո սեփական բնակարանս կունենամ»: Բնակչի պատմելով՝ ինքը հիփոթեքային վարկ ստանալու համար տարբեր առեւտրային բանկերի է դիմել. «Բանկում հիփոթեքային վարկը տարեկան ամենաքիչը 12%-ով են տրամադրում: Հայաստանի ներկա սոցիալական ահավոր պայմաններում ո՞վ է ի վիճակի այդքան բարձր տոկոսադրույքով վարկ վերցնել»: Բացի այդ, բնակչի տեղեկացմամբ, բանկերում այնքան փաստաթղթեր են պահանջում ու այնքան շատ են տանում-բերում, որ բնակարան ունենալու ցանկությունն անհետանում է:

Մ. Ստեփանյանը նամակով դիմել է ՀՀ վարչապետին ու խնդրել, որ նա պահանջի բանկերից՝ վերանայել հիփոթեքային վարկի տրամադրման պայմանները, բացի այդ, նա վարչապետին խնդրել է օգնել, սոցիալապես անապահով ընտանիքների համար նախատեսված ցածր տոկոսադրույքով վարկից օգտվելու հնարավորություն ընձեռել. «Վստահ եմ, որ վարչապետին չեն էլ տեղեկացրել նամակիս բովանդակության մասին, քանի որ, առանց նամակիս էությունը հասկանալու՝ այն ուղարկել են քաղաքապետարան, որտեղից էլ ստացել եմ այնպիսի պատասխան, որը նամակիս հետ ընդհանրապես առնչություն չունի»: Մ. Ստեփանյանի տեղեկացմամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությունից իրեն պատասխանել են, որ Երեւանի քաղաքապետարանը առանձին քաղաքացիների բնակարանային պայմանների բարելավման աշխատանքներ չի իրականացնում, քանի որ իր տնօրինության տակ ազատ, չբաշխված բնակարաններ եւ բնակելի տարածքներ չունի: Բնակչին քաղաքապետարանից խորհուրդ են տվել դիմել թաղապետարան: Բնակչի մեկնաբանմամբ, քաղաքապետարանի այս պատասխանն իր նամակի բովանդակության հետ ոչ մի կապ չունի. «Նախ ես վարչապետից խնդրել եմ, որ ոչ թե ինձ բնակարան տրամադրեն, այլ հիփոթեքային դաշտը կարգավորեն, որ ինձ նման հազարավոր մարդիկ կարողանան նորմալ պայմաններով բնակարան ձեռք բերել: Հետո էլ քաղաքապետարանը հորդորել է, որ դիմեմ թաղապետարան: Սակայն եթե Երեւան քաղաքի որեւէ համայնքում հաշվառված չեմ եւ բնակարան չունեմ, ինչպե՞ս կարող եմ նման հարցով թաղապետարան դիմել»:

Այսօր մեր երկրում բազմաթիվ են այն մարդիկ, որ անհասանելի հիփոթեքային վարկավորման պատճառով չեն կարողանում բնակարան ձեռք բերել ու չնայած տարեցտարի հիփոթեքի տոկոսադրույքները նվազում են, սակայն դա որեւէ կերպ չի նպաստում, որպեսզի ավելի շատ հաճախորդներ օգտվեն վարկավորման այս տեսակից, քանի որ, տոկոսադրույքների իջեցմանը զուգահեռ, Հայաստանում տարեցտարի բարձրանում են անշարժ գույքի գները:

ՀՀ-ում գործող առեւտրային բանկերը հիփոթեքային վարկ են տրամադրում տարեկան միջինը 14% տոկոսադրույքով, որը Հայաստանի բնակչության 30%-ի աղքատության պայմաններում պարզապես անիմաստ է: Ավելին՝ մատչելի չեն ոչ միայն հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանները, այլեւ խիստ բարդացված են փաստաթղթային ձեւակերպումները: Գործընթացը տեւում է ամիսներ, բացի այդ՝ այն շատ ծախսատար է: Անշարժ գույքի գնահատման, նոտարական վավերացման, վարկի ձեւակերպման, բանկային բրոքերի, գույքի եւ կյանքի ապահովագրության ու նաեւ բազմաթիվ այլ հարակից ծախսերի ընդհանուր գումարն անցնում է 300.000 դրամից: Ստացվում է, որ Հայաստանում հիփոթեքը վարկավորման մի տեսակ է, որը նախատեսված է միայն ունեւոր հաճախորդների համար, որոնք ունեն կայուն եկամուտ:

Օրերս էլ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը, խոսելով Հայաստանի բանկերից, ասել է, որ ՀՀ բանկերը թալանով են զբաղված եւ խաբում են նաեւ տոկոսադրույքների հարցում. «Մեր բանկերը մարդանց ստրկական կախվածության մեջ են գցել: Հենց ընկնում ես դրանց ձեռքը՝ 13%-ը ամեն ամիս ավելանում ու վերջում արդեն 20 է դառնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել