Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅԷԼՑԱՆՑԵՐԸ» ԾՐԱԳԻՐԸ ԳՈՂԱՑԵ՞Լ Է

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"\"Ընկերությունը տարիներ շարունակ, առանց հեղինակի թույլտվության, օգտագործում է Հրայր Ավանեսյանի հեղինակած համակարգչային ծրագիրը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը երկար տարիներ օգտագործում է էլեկտրաէներգիայի ֆինանսային հոսքերի հաշվառման համակարգչային GOLD ծրագիրը, որի հեղինակը ՀԷՑ-ի նախկին աշխատակից Հրայր Ավանեսյանն է: Այդ ծրագիրը նախատեսված է սպառողների կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի գումարները եւ կորուստները հաշվելու համար, որի շնորհիվ է նաեւ, որ այս տասը տարիների ընթացքում ընկերության էլեկտրաէներգիայի կորուստները հասցվել են նվազագույնի: Բացի այդ, կրճատվել է նաեւ «լեւի» լույս օգտագործողների թիվը: Եթե նախկինում բնակչի կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսը հաշվելու համար էլցանցի տեսուչները կտրոնները ձեռքներին տնետուն ման էին գալիս՝ օգտագործած հոսանքի փողերը բնակիչներից հավաքելու համար եւ շատ հաճախ բնակիչների հետ լույսի կիլովատը քիչ գրելու համար գաղտնի պայմանավորվածություններ էին ձեռք բերում, ապա այժմ այս ծրագիրը ՀԷՑ-ի աշխատանքը դարձրել է ավելի արդյունավետ, քանի որ դրա միջոցով ծախսած էլեկտրաէներգիայի գումարային հաշվարկը կատարվում է համակարգչի միջոցով՝ նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը: Չնայած ընկերությունը 1997 թվականից ի վեր աշխատում է Հ. Ավանեսյանի ծրագրով, սակայն ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Գլադունչիկը նրա՝ ծրագրի նկատմամբ ունեցած հեղինակային իրավունքը չի ճանաչում: Ավելին, այդ տարիների ընթացքում ընկերությունը Հ. Ավանեսյանի հետ ծրագրի վաճառքի կամ օգտագործման պայմանագիր երբեք չի կնքել: Անգամ Հ. Ավանեսյանի աշխատանքից ազատվելուց հետո էլ ՀԷԿ-ը ոչ միայն օգտագործել է այդ ծրագիրն առանց հեղինակի թույլտվության, այլեւ դրա համար ոչ մի լումա Հ. Ավանեսյանին չի վճարել: Մինչդեռ, հեղինակի խոսքերով, դա հազարավոր դոլարներ արժեցող ծրագիր է: Նրա հավաստմամբ, հենց ինքը՝ Ե. Գլադունչիկն է խոստովանել, որ նման ծրագրի համար Ռուսաստանի Դաշնությունում 1 միլիոն դոլար են վճարում:

Նկատենք, որ, ըստ էության, էլցանցերն էլ է ընդունել այն փաստը, որ ծրագրի հեղինակը Հ. Ավանեսյանն է, քանի որ այդ մասին նշվում է ՀԷՑ-ում՝ առ այսօր օգտագործվող ծրագրում: Երբ Հ. Ավանեսյանն իր հեղինակած ծրագիրը գրանցելու համար դիմել է արտոնագրային վարչություն, նրան պատասխանել են, որ իր ծրագիրը գրանցման ենթակա չէ, քանի որ այն իրենից տվյալների բազա եւ համակարգչային ծրագիր է ներկայացնում եւ ճանաչվում է «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքով:

Հ. Ավանեսյանի խոսքերով, 5 տարի «Հայէլցանցերում» աշխատելուց հետո, Ե. Գլադունչիկը որոշել է նրա պաշտոնն իջեցնել տնօրենից փոխտնօրեն՝ պատճառաբանելով, որ՝ «Ես խոչընդոտում եմ ընկերությունում մեկ այլ՝ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ ստեղծված Abacus ծրագրի ներդրմանը, քանի որ ես իմ ծրագրից ակնկալում եմ ֆինանսական օգուտներ: Բացի այդ, ըստ Եվգենի Գլադունչիկի, Abacus ծրագիրը շատ ավելի հզոր է, քան՝ իմը: Այս ամենի հետեւանքով իմ հաստիքը կրճատվեց»:

Ուշագրավ է, որ Հ. Ավանեսյանի՝ ՀԷՑ-ում աշխատելու տարիներին ընկերությունը, առանց հեղինակային պայմանագրի, վճարել է նրան: Իսկ թե ինչու է ընկերությունը խուսափել Հ. Ավանեսյանի հետ այդ պայմանագիրը կնքելուց, ըստ նրա՝ ՀԷՑ-ի տնօրինությունը վախեցել է, որ կզրկվի Abacus-ի համար արտերկրից տրվող օգնությունից, որը Abacus ծրագրի հետ միասին հատկացվելու էր էլեկտրական ցանցերին: Այդ օգնությունը մասնավորապես համակարգչային տեխնիկա է:

Հ. Ավանեսյանի հավաստմամբ, իր, աշխատանքից դուրս գալուց հետո, Ե. Գլադունչիկն իրեն կանչել է ու իրենք պայմանավորվել են, որ «Էլցանցը» եւս 6 ամիս շարունակի օգտագործել ծրագիրը, մինչեւ իրենք հնարավորություն կունենան Abacus ծրագիրը ներդնել: Ըստ պայմանավորվածության, եթե ընկերությունը վեցամսյա ժամկետում չկարողանար նոր ծրագիրը ներդնել, ապա Ե. Գլադունչիկը պարտավորվում էր Հ. Ավանեսյանի հետ «GOLD» ծրագրի ձեռքբերման կամ վարձակալության պայմանագիր կնքել: Սակայն Հ. Ավանեսյանի հավաստմամբ, Ե. Գլադունչիկը խախտել է իրենց պայմանավորվածությունը եւ 6 ամիս հետո էլ դեռ ապօրինի շարունակել է օգտագործել իր հեղինակած ծրագիրը: Երբ նա դիմել է Ե. Գլադունչիկին, ապա նա գրավոր պատասխանել է, որ եղած փաստաթղթերը բավարար չեն վերոհիշյալ ծրագրային փաթեթի նկատմամբ Հ. Ավանեսյանի հեղինակային իրավունքը հաստատելու համար:

Ծրագրի հեղինակը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: «Դատավոր Էդուարդ Ավետիսյանը մերժել է իմ հայցը ու կայացրել է ակնհայտ ապօրինի վճիռ, քանի որ դատավորը առաջնորդվել է օրենքի այնպիսի հոդվածներով, որոնք կամ հաստատվել են իմ ծրագրի ստեղծումից հետո, կամ էլ ծրագրի ստեղծման պահին ուժը կորցրած են եղել, հետեւապես դրանք հեղինակային իրավունքի վեճ լուծելու համար հիմք հանդիսանալ չէին կարող»,- ասաց Հ. Ավանեսյանը: Նա դիմել է վերաքննիչ դատարան:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ՀԷՑ-ի իրավաբանական վարչության պետ Արմեն Մովսիսյանը, պատճառաբանելով, որ վերաքննիչ դատարանի վճիռը դեռ չի կայացվել, չցանկացավ որեւէ պարզաբանում տալ: Նա միայն նշեց. «Այս պահին կարող եմ միայն ասել, որ այդ ծրագրային փաթեթը աշխատանքային համատեղ գործունեության ընթացքում է ստեղծվել»:

Նկատենք նաեւ, որ «Հայհեղինակ» հ/կ-ում «GOLD հեղինակային ծրագիրը» գրանցված է Հրայր Ավանեսյանի անվամբ:

Հ. Ավանեսյանի տեղեկություններով, դատարանի վճիռ կայացնելու հարցում միջամտել են ՀՀ նախագահի ապարատից: Այս տեղեկությունը որոշ չափով հավաստի է դառնում «6-րդ վարչության» կողմից Հ. Ավանեսյանի գործը սառեցնելու մասին որոշումից: «6-րդ վարչությունը» ընդունել է Հ. Ավանեսյանի գործը՝ տեղյակ լինելով, որ այն գտնվում է դատական վարույթում: Սակայն որոշ ժամանակ անց ծրագրի հեղինակին հայտնել են, որ գործը կասեցվում է՝ պատճառաբանելով, որ սա իրենց գործառույթների մեջ չի մտնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել