Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարագն ու ձեթն անհիմն են թանկացրել

Հոկտեմբեր 20,2007 00:00

Այդ երկու շուկաների տնտեսվարողները միմյանց հետ պայմանավորվել են ու գինը միաժամանակ բարձրացրել:

Վերջին շրջանում ալյուրի, հացի գների հետ մեկտեղ՝ կտրուկ բարձրացան նաեւ կարագի եւ բուսական յուղի գները: Հաց արտադրողները կարողացան Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին հիմնավորել, թե ինչու են թանկացրել հացը, իսկ կարագի եւ ձեթի իրացման շուկայի գործարարներին երեկ դա չհաջողվեց: Պարզվում է՝ այդ շուկաներում գործող տնտեսվարողները միմյանց հետ հակամրցակցային համաձայնության են եկել եւ գինը չհիմնավորված բարձրացրել: Այդ առնչությամբ երեկ հանձնաժողովը նիստ էր հրավիրել՝ քննարկելու նաեւ տնտեսվարողների բացատրություններն ու հիմնավորումները: Հանձնաժողովի մասնագետները մոնիտորինգի ընթացքում պարզել էին, որ թանկացումները տեղի են ունեցել հատկապես օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Համաշխարհային շուկայում այս տարվա երկրորդ կեսին նույնպես արձանագրվել է կարագի գների բարձրացում, ինչը հիմնականում պայմանավորված է նրանով, որ Եվրամիությունը, որը համաշխարհային շուկայում սերուցքային կարագի հիմնական մատակարարն է, 2007-ի օգոստոսի 1-ից արտահանվող կաթնամթերքի սուբսիդավորումը դադարեցրել է:

Ինչ վերաբերում է ձեթի գների բարձրացմանը, դա հիմնականում պայմանավորված է երաշտով, որի հետեւանքով հումքի ծավալները կրճատվել են: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ թե՛ ձեթի, թե՛ կարագի գները հայկական շուկայում գործող տնտեսվարողները բարձրացրել են համաշխարհային գների հետ ոչ հավասարաչափ: Դրանք թանկացել են նույնիսկ այն դեպքում, երբ նվազել է այդ ապրանքների մաքսը, երբ ձեռքբերման գինը մնացել է անփոփոխ, եւ, նույնիսկ՝ երբ միջազգային շուկայում նկատվել է գնանկում: Օրինակ, հայաստանյան շուկայում ֆիննական կարագը թանկացել է մինչեւ 80 տոկոսով, սա այն դեպքում, երբ Եվրոպայում այն թանկացել է ընդամենը 17 տոկոսով: Իսկ ձեթի գները որոշ դեպքերում տնտեսվարողները բարձրացրել են մինչեւ 43 տոկոս: Ինչպես նշեց հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը, «միջազգային գների համեմատ՝ մեր հանրապետությունում դրանք մի քանի անգամ ավելի են բարձրացել: Դրա համար էլ մենք ստիպված էինք միջոցներ ձեռնարկել»: Ձեթի շուկայում գործող «ՍԱՍ», «Հայր եւ որդի Երիցյաններ» եւ մի շարք այլ ընկերություններ արդարացել են, որ իրենք ապրանքը ներկրողներից կամ միջնորդներից վերցրել են բավականին թանկ գներով: Սակայն պարզվել է, որ, օրինակ, «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերությունն օգոստոսին 1 լիտրանոց «Զալատայա սեմոչկա» ձեթը միջնորդից գնել է ընդամենը 500 դրամով, բայց շուկայում նույն ձեթը վաճառել 960-970 դրամով, այսինքն՝ գրեթե կրկնակի: Ընդ որում, այդ ընթացքում ձեթի մաքսային արժեքը նվազել է:

Հանձնաժողովը գտնում է, որ կարագի եւ ձեթի իրացման շուկայում գործող տնտեսվարողները գործել են համաձայնեցված, որովհետեւ հենց միեւնույն ժամանակահատվածում կտրուկ թանկացրել են իրար հետ կապ ունեցող կամ իրար ինչ-որ չափով փոխարինող ապրանքների գները՝ սպառողներին այլընտրանքի հնարավորություն չտալով: Ուստի հանձնաժողովը որոշեց այդ երկու շուկաների հակամրցակցային համաձայնության մասնակից գործարարներին՝ շուրջ 50 տնտեսվարողի տուգանել 2006-ին ստացված հասույթի 2 տոկոսի չափով (մոտ 300-ական մլն դրամ):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել