Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՆ ԽԱԽՏԵԼ»

Հոկտեմբեր 20,2007 00:00

«Հայփոստի» նոր ղեկավարների հետ պայմանագիր կնքած մարմինը գտնում է, որ հոլանդացիները, կադրեր կրճատելով՝ պայմանագրից չեն շեղվում:

ՀՀ կառավարության եւ հոլանդական «Հայփոստ Թրաստ մենեջմենթ» ընկերության միջեւ դեռեւս մի քանի ամիս առաջ կնքվել է պայմանագիր, ըստ որի, հոլանդացիները ստանձնել են «Հայփոստ» ընկերության հավատարմագրային կառավարումը: Այս մի քանի ամիսների ընթացքում արդեն լուրջ տարաձայնություններ կան ընկերության նոր ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ: Քանի որ հայկական կողմից հոլանդացիների հետ պայմանագիրը ստորագրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը, «Հայփոստում» տեղի ունեցող կադրային կրճատումների հետ կապված զրուցեցինք վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանի հետ:

– Պարոն Մարկոսյան, «Հայփոստի» հետ պայմանագիրը կնքելիս եղե՞լ է նախնական պայմանավորվածություն՝ հաստիքների կրճատման վերաբերյալ:

– Ոչ, պայմանագրով հաստիքների կրճատում չի նախատեսվում, նշված է, որ նախատեսվում են էական փոփոխություններ, որոնք իրենց ազդեցությունը կթողնեն աշխատակիցների վրա՝ քանակի եւ որակի տեսանկյունից: Պայմանագրի 5-րդ հոդվածը ներառում է աշխատակազմի կառուցվածքի վերանայումը, աշխատողների պայմանների եւ վերապատրաստման պլանի բարեփոխումը: Ընկերությունը կաշխատի այն աշխատակիցների հետ, ովքեր կարող են եւ ցանկանում են ընդունել դրական փոփոխությունները եւ կարող են ենթարկվել ընկերության կողմից սահմանված կարգուկանոնին: Մեր կարծիքով, «Հայփոստը» չի հետապնդում մեծ թվով աշխատակիցներ կրճատելու գաղափարը, այլ, ընդհակառակը, ցանկանում է, որ վերջիններս ընթանան տվյալ ժամանակաշրջանին համապատասխան բարեփոխման պահանջներին ընդառաջ:

– Մեր տեղեկություններով՝ նոր ղեկավարության եւ աշխատողների միջեւ առաջին հանդիպման ժամանակ հոլանդացիները վստահեցրել են, որ հաստիքների կրճատում չի լինի, ճիշտ հակառակը՝ կլինի աշխատավարձերի բարձրացում: Սրանցից ոչ մեկը դեռեւս իրականություն չի դարձել. կան հաստիքների կրճատում, իսկ աշխատավարձերը չի բարձրացել: Սա չի՞ նշանակում, որ պայմանագրի կետերը խախտվել են, եւ հոլանդացիներն իրենց տված խոստումը չեն կատարել:

– Ես այդ մասին խոսեցի պարոն Բոոնի հետ (նկատի ունի «Հայփոստի» տնօրեն Հանս Բոոնին): Նա ընդունեց, որ, իսկապես, նման խոստում տվել է, բայց, ըստ նրա, այդ ժամանակ խոսակցություն է եղել, որ ընկերությունն աշխատողների նկատմամբ կարգապահության առումով իր պահանջները պետք է դնի, իսկ հիմա պարզվել է, որ շատ բաժանմունքներ իրենց աշխատանքային գործունեությամբ չեն համապատասխանում կարգապահական այդ նորմերին: Այո, նրանք, ովքեր նորմալ կաշխատեն՝ նրանց աշխատավարձը կբարձրանա: Իսկ ձեզ հետ համամիտ չեմ, որ պայմանագիրը խախտվում է: Ցանկացած կազմակերպություն մարդիկ են գալիս, մարդիկ են գնում, եւ դա նորմալ երեւույթ է: Նրանք նախօրոք տեղեկացվել են իրենց աշխատանքից ազատվելու մասին:

– Բայց չէ՞ որ աշխատակիցներից շատերն անակնկալի են եկել, հենց թեկուզ ընկերության փոխտնօրենները կամ շատ բաժանմունքների տնօրեններ մի օր եկել են աշխատանքի եւ պարզել են, որ պետք է հանձնեն իրենց աշխատասենյակների ու ծառայողական ավտոմեքենաների բանալիներն ու հեռանան:

– Ձեզ հետ համաձայն չեմ: Ամեն ինչ արվել է ՀՀ օրենսգրքի համաձայն: Ինչո՞ւ է ձեզ թվում, թե նրանք եթե այլ երկրից են եկել՝ ոչինչ չեն հասկանում: Այստեղ օրենքի ոչ մի խախտում չկա:

– Օրերս «Հայփոստի» մարզերի աշխատակիցները դժգոհում էին, որ մարզային բաժանմունքներում ներդրումների մեծ կարիք կա, անհրաժեշտ է թարմացնել տեխնիկան, համակարգիչները, մեքենաները, մինչդեռ նման հարցերը նոր ղեկավարությանը չեն մտահոգում, եւ նրանք մարզերում ոչ մի ներդրում չեն կատարում: Պայմանագրում հստակեցված չի՞ եղել, որ պետք է մարզերում ներդրումներ կատարեն:

– Ըստ պայմանագրի, ընկերության գործունեության արդյունքում ստացված շահույթը 5 տարվա ընթացքում բաշխման ենթակա չէ եւ պետք է ուղղվի հավատարմագրային կառավարչի գործունեության ծրագրի իրագործմանը: Ներդրումները կկազմեն մոտ 12 մլն դոլար: Ակնկալում ենք նաեւ միջազգային աղբյուրներից կատարվող ներդրումներ: Սրանք, բնականաբար, իրենց դրական ազդեցությունը կունենան ընկերության կատարողականության, ծառայությունների որակի բարձրացման, տեխնոլոգիաների արդիականացման եւ այլ անհրաժեշտ գործառույթների վրա:

– Իսկ մինչ այժմ որքա՞ն ներդրում է կատարվել:

– Կարծում եմ՝ մոտ 1 մլն դոլարի:

– Ի՞նչ է անում պայմանագիրը կնքող հայկական կողմը համակարգում ստեղծված այս լարվածությունը թուլացնելու համար եւ ի՞նչ լծակներ ունի:

– Լծակներն անսահմանափակ չեն, բայց կան: Դրանք, առաջին հերթին, ՀՀ աշխատանքային օրենսգրքի կետերն են: Ով էլ գա, ով էլ գնա՝ դրանք պետք է պահպանվեն: Վարչապետի հրահանգով մենք հանդիպում ունեցանք պարոն Բոոնի հետ եւ առաջին հերթին բարձրացրինք հենց ձեր նշած հարցը՝ հաստիքների կրճատման առնչությամբ, հաշվի առնելով պայմանագրի այն կետը, որն անդրադառնում է դրան: Մենք խնդրեցինք պարոն Բոոնին, որպեսզի 172 աշխատակիցների կրճատման գործընթացը դադարեցվի, եւ նա մեզ հետ համաձայնեց: Այսօր մենք ստացանք «Հայփոստի» արհկոմի հայտարարագիրը, որով կոմիտեն իր երախտագիտությունն էր հայտնում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ հանդես բերած աջակցության համար:

– Աշխատակիցների հետ «Հայփոստը», չգիտես ինչու, կնքում է եռամսյա պայմանագիր: Մտավախություն չկա՞, որ այս լարվածությունը կլինի նաեւ երեք ամիս հետո, եւ դուք երեք ամիս անց նորից հարկադրված կլինեք միջամտություններ անել ու կրկին խնդրել պարոն Բոոնին:

– Չեմ կարծում: Եվ ես դա հարկադրված չեմ անում, այլ՝ մեծ սիրով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել