Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«106»-ը՝ հայ-թուրքական հարաբերությունների նոր փուլ

Հոկտեմբեր 20,2007 00:00

ԱՄՆ կոնգրեսում քննարկումների փուլ անցնող 106-րդ բանաձեւի վերջնական արդյունքում հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու:

Այս կարծիքին է Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը, ուստի նա խորհուրդ է տալիս ոչ գլխապտույտ ոգեւորությունների գիրկն ընկնել, ոչ էլ անհատակ հուսահատության: Գործընթացին Թուրքիայի վերաբերմունքը բնական որակելով, մեր զրուցակիցը, այնուհանդերձ, արձանագրում է, որ թուրք հասարակությունը եւ քաղաքական միտքն այսօր ավելի են պատրաստ ցեղասպանության խնդիրը քննարկելուն, քան երկու եւ ավելի տարիներ առաջ: Ինչը, ըստ պարոն Հարությունյանի, գործընթացի ամենագլխավոր ձեռքբերումներից մեկն է: Ելնելով այս ամենից, ՔԴՄ նախագահը առաջարկում է այս իրավիճակից քաղել առավելագույնը. «Այսօր, առավել, քան երբեւէ, ստեղծվել են հայ-թուրքական երկխոսություններ սկսելու հնարավորություններ: Առաջին անգամ միջազգային հանրության քաղաքական օրակարգի առանցքում հայտնվեցին հենց հայ-թուրքական հարաբերությունները: Ցեղասպանության բանաձեւի ճանաչման հիմնական լեյտմոտիվը հենց այդ հարաբերություններն են: Ներկայացուցիչների պալատը այսօր առանցքային դարձրեց երկխոսությունը, եւ մենք դա պիտի գիտակցենք»: Այս առումով ՔԴՄ նախագահը ողջունում է ՀՀ նախագահի հայտարարությունը, որ Հայաստանը նախապայման չի դնում հայ- թուրքական սահմանը բացելու կամ հայ-թուրքական հարաբերություններ ձեւավորելու հարցում: Բայց դա բավարար չհամարելով՝ մեր զրուցակիցը գտնում է, որ Հայաստանը պետք է գործնական քայլերի անցնի: Մասնավորաբար, միջազգային տարբեր կառույցների հովանու տակ տարատեսակ հանդիպումներ՝ բանակցությունների քաղաքական օրակարգ ձեւավորելու համար: Բանակցություններում «առաջին ջութակի» դերը, նրա կարծիքով, պետք է ստանձնեն ՀՀ արտգործնախարարը եւ ՀՀ ԱԺ-ն՝ օգտագործելով ԵԽԽՎ-ի, ԵԱՀԽ-ի եւ հայկական լոբբիստական կազմակերպությունների հնարավորությունները: Որ միջազգային կառույցները այս հարցում Հայաստանին կաջակցեն՝ մեր զրուցակիցը կասկած չունի: Համոզված է նաեւ, որ Թուրքիայում եւս կգտնվեն խելամիտ քաղաքական ուժեր, քանի որ այդ երկրում նույնպես սկսում են գիտակցել, որ այս թեման շրջանցել հնարավոր չէ: Որպեսզի Թուրքիայում մտահոգությունները փարատվեն, պարոն Հարությունյանը գտնում է, որ հայերս պիտի անկեղծ լինենք եւ պարզ ասենք, թե մեր ինչի՞ն է պետք ցեղասպանության ճանաչումը: Ինքն անձամբ գտնում է, որ ցեղասպանության ճանաչումը Հայաստանին պետք է հետաքրքրի բացառապես սեփական անվտանգությունը ապահովագրելու կոնտեքստում: Փակուղային է համարում այն ճանաչումը, որից ակնկալիքներ ունենք:

«Հայ-թուրքական հարաբերությունները մենք պետք է արձանագրենք իբրեւ մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիր: Ես խորապես համոզված եմ, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումն անցնում է հայ-թուրքական սահմանով: Քանի դեռ սահմանը փակ է եւ հարաբերություններ որպես այդպիսիք չկան՝ ադրբեջանական կարծր դիրքորոշումը տորպեդահարելու է խնդրի կարգավորման միջազգային ջանքերը: Իսկ ես այն գործիչներից եմ, ՔԴՄ-ն էլ այն կուսակցություններից, որոնք համոզված են, որ ղարաբաղյան խնդրի օր առաջ կարգավորումը շահավետ է եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի, եւ Ղարաբաղի, եւ տարածաշրջանի համար: Ուստի այս պահին մենք պետք է նախաձեռնությունը վերցնենք եւ անկախ բանաձեւի հետագա ճակատագրից, ամեն ինչ պետք է անենք հայ-թուրքական երկխոսություն սկսելու՝ չկապելով այն ղարաբաղյան խնդրի հետ: Մենք պետք է շահագրգիռ լինենք, որ Թուրքիան ոչ թե ճնշումների տակ ճանաչի ցեղասպանությունը, միեւնույն է, դա չի էլ լինի, այլ իրենք զգան ցեղասպանությունը ճանաչելու կենսական անհրաժեշտությունը՝ հենց իրենց ապագայի համար»,- կարծում է նա:

Թուրքական իշխանությունների գործողությունների համար 106 բանաձեւի քննարկումը առիթ, ոչ թե պատճառ համարելով, մեր զրուցակիցը գտնում է, որ ոչ թուրք-ամերիկյան հարաբերությունները, ոչ Թուրքիայի խնդիրները տարածաշրջանում կապ չունեն այդ բանաձեւի հետ:

Իսկ հայ խորհրդարանական միտքը պատրա՞ստ է իր վրա նման բեռ վերցնել: Հարցին ի պատասխան՝ պարոն Հարությունյանը գոհունակություն հայտնեց, որ ԵԽԽՎ պատվիրակության նախագահ նշանակված է Դավիթ Հարությունյանը, ում բարձր է գնահատում իբրեւ դիվանագետի, մասնագետի եւ քաղաքական գործչի: Եվ քանի որ վերջինս պետք է իրագործի ՀՀԿ-ի քաղաքական պատվերը, ՔԴՄ նախագահն առաջարկում է իր տեսակետի շուրջ քննարկումներ սկսել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել