Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓԱՅՏԻԿԸ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ՝ ՖՌՌԱՑՆՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 20,2007 00:00

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի երեկվա քննարկումները ավելորդ անգամ ապացուցեցին, որ պատգամավորներն առաջին հերթին վարորդ են:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձ նաժողովում երեկ, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաեւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը ներկայացրել էր հանձնաժողովի անդամ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Պարոն Մարգարյանն իր կողմից արված առաջարկությունների անհրաժեշտությունն ավելի համոզիչ դարձնելու համար կոնկրետ եւ թարմ օրինակներ էր մատուցում: Մասնավորապես ասաց, որ մեկ օր առաջ օպերայի տարածքում մի ավտոմեքենա կարգը խախտեց եւ երկրորդ գծից մտավ աջ, անկյունում կանգնած ոստիկանը ձեռքի փայտիկը շարժեց, եւ դրանից պարզ չդարձավ՝ տվյալ ոստիկանը կարգազանցի՞ն էր փորձում կանգնեցնել (քանի որ նա արդեն մեքենան քշել-հեռացել էր), թե՞ պատգամավորի մեքենան, բայց համարանիշը տեսնելով՝ արդեն փոշմանել էր, որ փայտիկը ֆռռացրել էր: Հովհաննես Մարգարյանը երեկ բավականին ակտիվ էր եւ առաջարկեց իր գործընկերներին դրական գնահատական տալ օրինագծին: Ասելիքն այն էր, որ փոփոխություն է հարկավոր կատարել եւ ավելի հստակեցնել, թե ոստիկանը ի՞նչ ձեւերով կարող է կանգնեցնել կարգազանցներին: Հովհաննես Մարգարյանը իր առաջարկները կարեւոր համարելով՝ առաջարկեց, որ նախագիծը դրական եզրակացությամբ մտնի ԱԺ մեծ օրակարգ:

Մինչ այդ՝ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն առաջարկել էր հարցն առայժմ հետաձգել, ավելի ակտիվ աշխատել ոստիկանության հետ, լսումներ կազմակերպել եւ հետո միայն հարցը քննարկել ԱԺ լիագումար նիստում: Դավիթ Հարությունյանը նաեւ նկատեց, որ որեւէ հիմք չկա Հովհաննես Մարգարյանի այն առաջարկին, ըստ որի՝ ավտոմեքենայի հեռահար լույսը մոտակայի չփոխելու դեպքում վարորդը տուգանվում է նվազագույն աշխատավարձի 10-ապատիկը, իսկ պարոն Մարգարյանն առաջարկում էր տուգանքի չափը դարձնել 5-ապատիկ: Հանձնաժողովի նախագահն առաջարկեց. «Դուրս եկեք փողոց, կանգնեք կես ժամ եւ դուք կտեսնեք, թե ովքեր չեն ենթարկվում ոստիկանի կանգառի ազդանշանին, նրանք սովորական եւ շարքային քաղաքացիներ չեն, նրանք կարող են լինել հաճախ բարձրաստիճան անձանց սպասարկող մեքենաների վարորդները եւ այլն»: Հանձնաժողովականները ակտիվորեն սկսեցին քննարկել, թե երբ եւ որտեղ են ոստիկանները սուլում, փայտիկը ֆռռացնում կամ ազդանշանները միացնում: Ամեն ինչից զգալի էր, որ այս քննարկման դեպքում գործ ունեինք իսկական «պրոֆեսիոնալների» հետ:

Հանձնաժողովի նիստին ներկա էր նաեւ ոստիկանապետի տեղակալ Արարատ Մահտեսյանը, ում էլ Դավիթ Հարությունյանը խնդրեց, որ թեպետ նախագիծը ոչ դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովականների կողմից, բայց սպասվում են լսումներ հարցի կապակցությամբ, եւ լավ կլիներ, որ ոստիկանապետի տեղակալը եւս այս ուղղությամբ մտածեր ու իր առաջարկներն աներ: Արարատ Մահտեսյանն էլ իր հերթին ասաց. «Ճանապարհային ոստիկանությունում այնքան թափուր տեղ ունենք, էս քաղաքի շինարարությունը, ոստիկանությունը չի հասցնում աշխատել, ճանապարհային ոստիկանության այսօրվա գործը՝ միայն էս խցանումներն են բացում, տեղեր են փակում, որպեսզի շինարարությունն ընթանա եւ այլն, եւ այլն: Թույլ տվեք մի քիչ աշխատի, հետո նոր փոփոխությունները կքննարկենք»: «Ինչքա՞ն»,- հարցրեց Դավիթ Հարությունյանը: «Գոնե կես տարի պիտի աշխատի, կես տարուց հետո, խնդրեմ, ես էլ ուրախ կլինեմ քննարկել»: Դավիթ Հարությունյանը համամիտ չէր. «Ես չեմ կարծում, որ կես տարի պետք է սպասենք, դուք տվեք ձեր կարծիքը, մենք էլ մերը կձեւակերպենք, այսինքն՝ մեր լսումները չեն լինելու շոու: Մենք իսկապես մտահոգ ենք»:

«Առավոտը» Արարատ Մահտեսյանի հետ առանձին զրույցում փորձեց հստակեցնել՝ Երեւան քաղաքում ամենից ավելի կարգազանց վարորդները արդյոք նույն պատգամավորները, պաշտոնյաները, նրանց սպասարկող ավտոմեքենաները կամ «գոլդ» համարներով այլ պաշտոնատար անձինք եւ նրանց եղբայր-զավակնե՞րը չեն: Ոստիկանապետի տեղակալը համաձայն չէր. «Ինչո՞ւ եք նման կանխակալ կարծիք հայտնում»: Խնդրեցինք հակառակն ապացուցելու համար ներկայացնել ոստիկանության կողմից կատարվող վիճակագրությունն այն մասին, թե ավելի շատ ովքեր են կարգը խախտում: Արարատ Մահտեսյանն առանց կոնկրետ թվեր ներկայացնելու ասաց. «Վիճակագրությունն այսպիսին է՝ կատարված իրավախախտումները չեն գրվում այն կատարողի պաշտոններով, այնտեղ գրվում են ավտոմեքենաների համարանիշը, վարորդի անուն-ազգանունը եւ հասցեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել