Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՋՈՐԴ ԿԱՅԱՐԱՆԸ՝ «ՆԱԽԱՆՁԻ ԱՌԱՐԿԱ»

Հոկտեմբեր 20,2007 00:00

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն օրերս բացահայտել էր. «Պետությունների ժողովրդավարության կատարյալ մոդելը հիմա Արցախում քննարկվում է, ես առաջիկայում հրավիրվելու եմ, որպեսզի դա Արցախում կյանքի կոչվի, եթե Արցախի քաղաքական գործիչները, պետական այրերը համաձայնությունը տան, եթե դա ընդունեն: Այդ ձեւով Արցախը կդառնա աշխարհի այն պետությունը, որի ժողովրդավարականությունն օրինակելի կդառնա աշխարհի համար»:

Ստեփանակերտում լույս տեսնող «Դեմո» թերթի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը հեգնել է այս նախաձեռնությունը. «Պարզ ասած, մենք դառնալու ենք ժողովրդավարության կղզյակ կամ օազիս եւ ինքներս ենք հեղափոխության ձեւով ժողովրդավարություն տարածելու աշխարհում: Նայելու ենք օգնության համար մեզ մեկնած դիկտատորական ձեռքերին եւ դեռ մտածելու ենք, թե ում առաջին հերթին օգնել, կամ արժե՞ ընդհանրապես օգնել: Ի՞նչ կարելի է ասել այս առիթով: Եթե, Աստված մի արասցե, այդ մոդելը կյանքի կոչվի, ապա ԼՂՀ-ն դառնալու է աշխարհի նախանձի առարկան: Իսկ «Աստված մի արասցե», քանի որ մենք գիտենք, թե ինչ են անում մեկին, երբ բոլորը նրան նախանձում են: Մենք միայն մեր ու ադրբեջանցիների սեւ նախանձի մասին գիտենք ու անտեղյակ ենք կանադացիների, պուերտոռիկացիների, գվինեաբիսաուցիների, շոտլանդացիների, եթովպացիների, կոտդիվուարցիների երփներանգ նախանձի մասին: Ամերիկացիների մասին էլ չեմ խոսում: Իսկ մեր ռազմավարական դաշնակից ռուսներն իրենց ֆորպոստն իսկույն կտան «Կուզկինի մայրիկին»: Մի խոսքով, կխժռեն մեզ ու անձեռոցիկ էլ չեն օգտագործի: Հետո էլ՝ ինչքա՞ն կարելի է ժողովրդավարացնել երկիրը, էդ անտեր ժողովրդավարությունը հո առաձգակա՞ն չէ: Արդեն այսօր մենք այնպիսի մակարդակի ենք հասել, որ մեր ժողովրդավարության մասին գիտեն յոթ սարից անդին: Հետո ի՞նչ, որ մեր սեփական ժողովուրդը տեղյակ չէ, կարեւորն այն է, որ ուրիշներն իմանան:

Ամենակարեւորը՝ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, իսկ եթե ավելի լուրջ, ապա մեր դարավոր թշնամին մեր իսկ անհամեստությունն է, մեր իսկ ցուցամոլությունը: Մինչդեռ պատմական վճռորոշ պահերին շատ ավելի պահանջված են թեւքերը քշտած, անաղմուկ աշխատելն ու պատրաստվելը, սեփական ժողովրդին «գաղտագողի» երջանկացնելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել