Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ձիթենու ճյուղ» պարզողը

Հոկտեմբեր 20,2007 00:00

Թուրքիայի վարչապետ Էրդողանը «Կոնգրեսը եւ Հայաստանը» վերնագրով հոդված է հրապարակել ամերիկյան հեղինակավոր «Ուոլ Սթրիթ Ջոռնըլ» պարբերականում, որում ամերիկացի կոնգրեսականներին կոչ է անում չընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւը, տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն:

«Մեր պետությունների միջեւ հարաբերությունները, ինչպես եւ հարաբերությունները մարդկանց միջեւ, նման են սարդոստայնի: Դրանք կարող են վիթխարի բեռնվածություն պահել եւ դիմանալ մեծ ճնշման: Սակայն եթե ճնշումը ուղղվում է հենց կրիտիկական կետին՝ ամբողջ սարդոստայնը կարող է ոչնչանալ»,- գրում է Թուրքիայի վարչապետը՝ հավելելով. «Մեր պետությունները կապակցող փոխադարձ շահերի սարդոստայնը թելադրում է, որ մենք անենք ամեն հնարավորը՝ այն անվնաս պահելու համար մի ժամանակաշրջանում, երբ երկու կողմերն էլ միմյանց կարիքն ունեն առավել, քան երբեւէ»:

Հույս հայտնելով, թե «առողջ բանականությունը կհաղթի, քանի որ դրա այլընտրանքը չի բխի ո՛չ ԱՄՆ-ի եւ ո՛չ էլ Թուրքիայի շահերից», Էրդողանը գրում է. «Հետեւաբար, ես կոչ եմ անում ԱՄՆ-ի ժողովրդի ներկայացուցիչներին՝ ցուցաբերել պետական մտածողություն եւ խորաթափանցություն, որոնք պահանջվում են Թուրքիայի հետ ԱՄՆ-ի՝ ժամանակի փորձությանը դիմացած գործընկերությունը այն ինքնավնասակար շրջադարձից փրկելու համար, որին կարող է հանգեցնել Ներկայացուցիչների պալատի թիվ 106 բանաձեւի հետագա առաջխաղացումը»: Թուրքիայի վարչապետը հոդվածում ներկայացրել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցում իր երկրի պաշտոնական տեսակետը եւ հիշեցրել անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու՝ ՀՀ-ին արած իր առաջարկը, գրելով. «Թուրքիան միշտ եղել է ձիթենու ճյուղը պարզողը: Բայց մինչ մենք այդ ցավոտ խնդիրը լուծելու եւ Հայաստանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու ուղիներ ենք փնտրում, մենք չենք կարող ապրել անցյալում: Երկխոսության եւ հաշտեցման մեր անկեղծ առաջարկը սեղանին է: Հաջորդ քայլը պետք է անի Հայաստանը: Մենք նաեւ չենք կարող թույլ տալ, որ այդ հարցը, որքան էլ այն ցավոտ լինի, մթագնի մեր ապագան»: Պետք է նկատել, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի նկատմամբ Թուրքիայի եւ, համապատասխանաբար, կոնգրեսականների նկատմամբ Սպիտակ տան գործադրած ջանքերը որոշակի ազդեցություն են ունեցել: Մի քանի օրվա ընթացքում ավելի քան վեց կոնգրեսականներ ետ են վերցրել թ.106 բանաձեւին սատարող իրենց ստորագրությունները: Նախօրեին տեղեկացրել էինք, որ անգամ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին արդեն նախկինի պես հաստատակամ չէ՝ բանաձեւը պալատի լիագումար նիստում քվեարկության դնելու հարցում: Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակ Թոմ Քեյսին դրական է գնահատել Փելոսիի այն արձանագրումը, թե դեռ պարզ չէ՝ արդյոք բանաձեւը կներառվի՞ պալատի նիստի օրակարգում:

«Փելոսիի մեկնաբանությունները մեզ հույս են ներշնչում, որ այդ փաստաթուղթը իրականում կարող է չհասնել ստորին պալատ»,֊ ասել է Պետդեպարտամենտի փոխխոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել