Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իմ համերգը քո միտինգին վնաս չի

Հոկտեմբեր 20,2007 00:00

Հոկտեմբերի 26-ին՝ ե՛ւ «Ոսկե աշուն», ե՛ւ հանրահավաք

Հոկտեմբերի 26-ին՝ ճիշտ այն օրը, երբ ընդդիմությունն Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու եւ խոսելու է նաեւ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ու դրա հետեւանքների մասին, Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ՀՀԿ-ի աջակցությամբ տեղի է ունենալու «Ոսկե աշուն» կոչվող անվճար համերգային ծրագիր: Ընդդիմադիր որոշ գործիչներ նկատի ունենալով, որ ՀՀ իշխանությունները մինչ այս էլ ընդդիմության հանրահավաքները ձախողելու նպատակով նման համերգային միջոցառումներ էին կազմակերպում, օրինակ՝ հե՛նց այն տեղում, որտեղ ընդդիմադիրները մտադիր էին հանրահավաք անցկացնել, կարծում են, որ այդ համերգը եւս նույն տրամաբանության համատեքստում է: «Անվճար» ու «մուտքն ազատ» համերգային ծրագիրը, ըստ ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանի, նշանակում է՝ մարզերից մայրաքաղաք ժամանող մարդիկ, երիտասարդներ, առանց այն էլ անբարեկարգ փողոցների խցանումներ եւ այլն: Նա այդ համերգի եւ հանրահավաքի անցկացման միջեւ ուղղակի կապ է տեսնում. «Դա այսօրվա իշխանությունների գործելաոճն է: Նրանք ընդդիմության հանրահավաքները խոչընդոտելու համար պարբերաբար տարբեր ձեւեր են կիրառել՝ հոսանքազրկում, ճանապարհների փակում, ձերբակալություններ, սադրանքներ եւ այլն»: Այդուհանդերձ, տիկին Խաչատրյանի համոզմամբ, դա չի կարող ազդել հանրահավաքի անցկացման ու դրա բազմամարդ լինելու վրա, որովհետեւ մարդիկ, ըստ նրա, ավելի հետաքրքրված են իրենց ապագայով, քան իշխանությունների հրամցրած շոուներով:

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի գնահատմամբ, անվճար համերգ կազմակերպելու փաստը «իշխանությունների ջղաձգման արտահայտություններից մեկն է»: Նրա փոխանցմամբ՝ «Հոկտեմբերի 27»-ից առաջ «նման անառակություն սպասել հնարավոր չէր, երեւի: Ես կարծում եմ, որ եթե իրենք չսթափվեն եւ ուշքի չգան, նման քայլերը իրենց՝ ապագայի իմաստով, լավ բան չեն խոստանում»: Ս. Այվազյանն էլ էր այն կարծիքին, որ այդ միջոցառումից իրենց հանրահավաքը բացարձակապես չի տուժի, եւ մասնակիցների թիվն էլ դրանից չի պակասի. «Ավելին, կարծում եմ, որ մեր ժողովուրդն այնքան գիտակից է, որ ինքը հոկտեմբերի 27-ի նախօրյակին որեւէ համերգի մասնակից չի լինի»:

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը դժվարացավ ասել, թե ինչով է պայմանավորված հե՛նց այդ օրը «Ոսկե աշուն» կազմակերպելը, թեեւ փաստեց, որ տարիներ շարունակ Երեւանում նշվել է այդ տոնը: Նա էլ այն կարծիքին էր, որ համերգը որեւէ կերպ չի կարող խոչընդոտել նախատեսվող հանրահավաքին: «Ընդհակառակը՝ դա ինչ-որ իմաստով անգամ կօգնի հանրահավաքն ավելի լավ անցկացնելու համար: Մարդիկ նաեւ մարզերից կգան հանրահավաքի, հետո կմասնակցեն «Ոսկե աշուն» համերգին: Պրոբլեմ չեմ տեսնում»,- ասաց Վ. Խաչատրյանը: Իսկ թե ինչպե՞ս է ստացվել, որ այս տարի «Ոսկե աշունի» համերգը անցկացվելու է «Հոկտեմբերի 27»-ի նախօրյակին՝ պարոն Խաչատրյանը հորդորեց հարցն ուղղել կազմակերպիչներին:

ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովն այս հարցադրմանն ի պատասխան կարծիք հայտնեց, թե՝ հարցադրումն «ինքնին արդեն կողմնակալ է եւ ոչ կոռեկտ», որովհետեւ, նրա համոզմամբ, հոկտեմբերի 26-ը «27»-ի հետ կապ չունի: «Մենք այն կուսակցությունն ենք, որտեղ Սպարապետ Վազգեն Սարգսյանի վերաբերյալ երկու կարծիք լինել չի կարող: Եվս մեկ անգամ, թերեւս, կարիք չկա նշելու, թե որքան թանկ է ՀՀԿ-ի ու մեր ազգի համար Սպարապետի հիշատակը, ու կարծում եմ՝ ճիշտ չէ, որ Սպարապետի եւ «27»-ի հիշատակը պատեհ ու անպատեհ առիթով կապենք այս կամ այն միջոցառման հետ: 26-ի միջոցառումը որեւէ կապ չունի դրա հետ: Իսկ «27»-ը, բնականաբար, մեր նորագույն պատմության մեջ ողբերգական էջերից մեկն է, եթե ոչ՝ ամենաողբերգականը: Սպարապետ Վազգեն Սարգսյանն էլ այն անձնավորությունն է, որին ժողովուրդը գնահատել է: Նա հայոց պատմության փառահեղ էջերը կերտողներից մեկն է»,- ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը: Նա նաեւ ասաց, որ համերգը նախաձեռնել են «Արդինի» ստուդիան եւ «Ջիանի» ընկերությունը, եւ վստահեցրեց, որ այն հանրահավաքի հետ ընդհանրապես կապ չունի, «որովհետեւ նախ՝ դրան խոչընդոտելու խնդիր չկա, երկրորդ՝ հանրահավաք եւ «Ոսկե աշուն» գնացողները լրիվ տարբեր խավի մարդիկ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել