Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀՈՐՍ ԱՐԵՎ, ՄԱՔՈՒՐ ԲԵՆԶԻՆ Է»

Հոկտեմբեր 20,2007 00:00

Այդպես էին 90-ականների սկզբին «սալյարկա» վաճառողները ներկայացնում իրենց ապրանքը: Ըստ Ալբերտ Բաղդասարյանի, այդպես են նաեւ այսօր հասարակությանը ներկայանում ՀՀ նախագահի թեկնածուները:

«Որեւէ մեկի առաջարկով չէ, որ ես երբեւէ որեւէ մեկի թիմում կհայտնվեմ: Գոնե իմ կյանքի ինքնուրույնությունը պետք է, որ համոզի շատերին: Ինչի՞ համար ենք պայքարում: Ընդամենն իշխանափոխությա՞ն, մի կլանը մյուսով փոխելո՞ւ: Եթե դա է սկզբունքը՝ մեկ տարի հետո նոր հիասթափություն կառաջանա եւ անհնարին էլ է այդ ճանապարհով կլան փոխել»,- չհերքելով, որ նախագահի արդեն հայտարարված որոշ թեկնածուներ իր հետ փորձել են «բանակցություններ» վարել, «Առավոտի» հետ զրույցում ասաց 90-ականների առաջին կեսին հայտնի պետական եւ քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը, ով երեք տարի առաջ լուծարելով իր «Ազգային առաջադիմություն» կուսակցությունը, այժմ զբաղվում է մեղվաբուծությամբ: Մեր զրուցակիցը կլաններից ազատվելու երկու ճանապարհ է տեսնում՝ համաժողովրդական ընդվզում կամ արտաքին ուժերի միջամտություն: Վերջին տարբերակին, սակայն, կողմ չէ, քանի որ համոզված է, որ մեր երկրին դա ոչ մի լավ բանի չի բերի: Իսկ ժողովրդական ընդվզման համար, ըստ պարոն Բաղդասարյանի, ոչ թե լավ խոսք, այլ ծրագիր է պետք այն մարդու կողմից՝ ում նաեւ կվստահեն:

Իբրեւ քաղաքացի, ասպարեզում եղած թեկնածուներից ո՞ւմ կողմն է ձեր համակրանքը հարցին՝ պարոն Բաղդասարյանը իր քաղաքական գործունեությունը վերհիշելով նկատեց, որ համակրել է «Ղարաբաղ» կոմիտեի բոլոր անդամներին, ՀՀՇ վարչության անդամների 90 տոկոսին: Հետո սկսել է կոմիտեի անդամներից հիասթափվել, երբ իմացել է, որ նրանցից շատերը համագործակցում են գաղտնի գործակալությունների հետ: Անգամ մի զավեշտալի դեպք հիշեց. «Նույնիսկ մարդ կար, որ ասում էր՝ ես կարող եմ ԿԳԲ-ից տեղեկանք բերել, որ ես ԿԳԲ-ից չեմ»: Անուններ առայժմ մեր զրուցակիցը չցանկացավ տալ՝ «Կարող եք բոլորի անունները ցուցակով գրել»,- կատակեց նա:

1988-ի հետ համեմատականներում մեր զրուցակիցը ցավալի է համարում, որ «հիմա տեղեկանքը միայն ԿԳԲ-ից, ԳՌՈԻ-ից չէ, որ պիտի բերեն: ԿՀՎ-ից, ՄՈՍԱԴ-ից, ընդհուպ մինչեւ ադրբեջանական գաղտնի գործակալությունից: Երբ ամեն ինչ հանվում է վաճառքի եւ մարդը սովորական ձեւով չի կարողանում իրեն ապահովել՝ ավանտյուրան դառնում է գլխավոր առաջնորդող եւ ես չգիտեմ, թե ում շփումները մինչեւ ուր կտանեն»: Հետեւաբար՝ «Մարդկային, զգացական առումով որեւէ նշանակություն չունի, թե ես ում եմ համակրում: Իմ համակրանքը ինձ երբեք որպես թիվ մեկ գործոն չի առաջնորդի: Դա կնպաստի երկրորդ քայլին՝ իմ մեջ ինչքան էներգիա կառաջացնի, որ ակտիվանամ ու գնամ կռվին մասնակցեմ: Ինչքա՞ն հավատ կներշնչի, որ այդ կռիվն ընդամենը ինքնարժեքի բարձրացման խնդիր չի լուծում, երկրորդ տեղի համար պայքար չի, պայքար չի՝ առայժմ վերադառնամ, հետո՝ ոնց կստացվի կամ պատմության մեջ մնալու համար 96-ի բիծը մաքրեմ: Ուստի՝ ո՞րը կլինի այն ծրագիրը, որ մտածող մերգելյանցուն կհամոզի, թե այսքան ժամանակ հետո ավտորիտար ռեժիմի իրավական հիմքերը գոնե կվերացվեն: Ես չգիտեմ, որ դուք ասում եք՝ հորս արեւ՝ ես ազնիվ եմ:

Ուզում եմ տեսնել ծրագիրը, որը մաթեմատիկորեն ապացուցում է, որ ես գամ՝ ավելի լավ կլինի, ոչ թե՝ հորս արեւ, քիչ կթալանեմ կամ մի քիչ դեմը կառնեմ: Ասենք՝ կհանվի բոլոր իրավական հիմքերը, որոնք դատավորին դարձնում են նախագահից կախված: Աշխարհում կան այդպիսի բաներ, ուղղակի պետք է լուրջ քննարկել եւ ոչ թե Վենետիկի հանձնաժողովի հետ, որը շահագրգռված է, որ Հայաստանում չլինի օրինական դաշտ: Մի՞թե հայերիս ինտելեկտուալ պոտենցիալը այդքան քիչ է, որ պիտի գնանք Վենետիկի հանձնաժողովի հետ տրյուկներ անենք՝ հայերենից անգլերեն եւ հակառակը, խաբենք, ֆռռացնենք ու այսպիսի երկիր սարքե՞նք»: Մեր զրուցակիցը ցավով արձանագրում է, որ միտքը գրավելու քայլեր այսօր չի տեսնում, շեշտը դնում են սրտին՝ ով ավելի սիրուն կխոսի, ղարաբաղյան կլանին լավ կհայհոյի եւ այլն, բայց՝ «մարդն արթնանում է եւ մտածում՝ որտե՞ղ գնա աշխատի, երեխային ո՞նց ապահովի, այստե՞ղ, թե՝ դրսում, ու սկսվում է արտահոսքը կամ պարապ թափառումները»:

«Քանի որ ամեն ինչ այդքան լավ գիտակցել եք եւ պատրաստ եք նույնիսկ բարձրաձայն այդ մասին խոսել՝ ինչո՞ւ ինքներդ չեք փորձում առաջնորդել ժողովրդին»,- «Առավոտի» հարցի պատասխանը եղավ աստվածաշնչյան մեջբերումով. «Մարգարիտներ շաղ մի տուր խոզերի առաջ»: Մեր զրուցակցի համար կարեւոր է՝ մարդն իսկապե՞ս մտահոգ է իրավիճակի փոփոխությամբ, թե՝ ավելի շատ իրեն է տեսնում իրավիճակի փոփոխության մեջ: Այդ առումով նա միշտ վստահել եւ ապավինել է Վազգեն Մանուկյանին. «Նույն բանը կարող ենք ասել ես էլ, Վազգեն Մանուկյանն էլ՝ էական չի տարբերությունը»: Ապա՝ այս ընտրությունների համակարգը շոուի է վերածվել. այդ պահին իրականացվում, գրավում է, հետո՝ մոռացվում. ո՞վ շատ փող ունի, շատ դեկորացիաների փող կտա, երգիչներ եւ այլն: «Ես չունեմ շոուի անհրաժեշտ պայմաններ»,- խոստովանում է պարոն Բաղդասարյանը եւ հավելում, որ եթե մի միլիոնատեր որոշի թողնել «Պետդեպը, ասֆալտը, իրար առ ու ծախը» ու լսի միտքը՝ ինքը «խաղի մեջ» կմտնի կամ կառաջարկի այլ մեկին՝ ով առավելություններ ունի, քանի որ ինքը խնդիր չունի իր համար լավ կյանք ապահովելու. «Այլապես, նման հնարավորություն միշտ ունեցել եմ. կարող էի Տեր-Պետրոսյանին ասել՝ շեֆ, դու ճիշտ ես… Այն, ինչ հիմա էլ է արվում. արդյունքի հասան՝ լավ, չէ՝ ընդդիմությունում տեղները կապահովեն, ճանապարհ կբացեն իրենց համար: Եթե դրա դեմը չեմ կարողանում առնել՝ գերադասում եմ ընդհանրապես չմասնակցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել