Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՍՈՒԼԻՍԱԴՈՒԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 20,2007 00:00

\"\"«Էս ի՞նչ «դուլ» է: Պիտի հասկանանք, թե ինչի՞ն է դեմ այս «դուլը»,- երեկ տարակուսեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Մամուլի ակումբների նկատմամբ հեռուստաընկերությունների հրահանգված բոյկոտը ունի նաեւ ծիծաղելի կողմեր: Ասենք, «TV 5»-ը հոկտեմբերի 17-ին ներկա չէր ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի ասուլիսին, որի հիմնական թեման 106 բանաձեւն էր: Այս հեռուստաընկերությունը ներկա չէր նաեւ Թեղուտի խնդրի վերաբերյալ ասուլիսին, որի մասնակիցներից մեկը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Սարգսյանն էր: Սակայն հետո այս հեռուստաընկերությունն առանձին նկարահանել էր այդ անձանց՝ հարցեր ուղղելով ասուլիսում արծարծված խնդիրների շուրջ: Մեղմ ասած, լուրջ հնարավոր չէ վերաբերվել նաեւ Հ2-ի լրատվական ծրագրի ղեկավարի «ՀԱ»-ին տված պարզաբանմանը. «Որեւէ քաղաքակիրթ երկրում ասուլիս լուսաբանող հեռուստաընկերություն ես չգիտեմ… Անշուշտ, սա չի նշանակում, թե ասուլիսներին դեմ եմ ընդհանրապես։ Ասուլիս հրավիրում է երկրի նախագահը, գլխավոր դատախազը, բայց ոչ թե՝ ով երբ կամենա եւ ինչ կամենա»:

«Տեսակետ» ու «Հայելի» ակումբներում երեկ կազմակերպված ասուլիսներին, որոնց հյուրերը դաշնակցականներ էին՝ դարձյալ ներկա էին միայն «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության ներկայացուցիչները:

«Հայելի» ակումբի հյուրը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը խիստ բացասական գնահատեց կազմակերպված բոյկոտը. «Նման դիրքորոշումը իսկապես մեզ կվնասի: Քաղաքացիական հասարակության, ազատ խոսքի արտահայտմանը ծառայելու համար են նաեւ ստեղծվում մամուլի ակումբները, որոնք ես դրական եմ գնահատում»: Հարցադրում արեց. «Եթե հեռուստատեսությունները չլուսաբանեն երկրի քաղաքական կյանքը, չբարձրացնեն ժողովրդի տեղեկացվածության մակարդակը, ինչպե՞ս ենք պատկերացնում՝ մեր ժողովուրդն ինչպե՞ս կկողմնորոշվի եւ կգնա ընտրության»: Հիշեցրեց, որ Հայաստանը դեռ դիտարկման գործընթացում է, մեր երկրում են ներկայացուցիչները եվրոպական երկրների եւ միջազգային կազմակերպությունների, «որոնց չափանիշները մենք պետականորեն եւ հրապարակավ ընդունել ենք: Այսինքն՝ մեզանից բացի՝ ուրիշներն էլ են, չէ՞, այս ամեն ինչը տեսնում: Այս պարագայում պետք է անպայմանորեն բացատրվի տրամաբանությունը: Եթե դա արվում է ժողովրդի շահերի նկատառումներով՝ ես էլ կմիանամ նրանց: Հակառակ պարագայում՝ մենք կտրում ենք այն ժողովրդավարական ճյուղը, որի վրա նստած ենք»: Նշելով, թե ժողովրդին զրկում են տեղեկատվություն ստանալու, ազատ քննարկումներ ու բանավեճեր տեսնելու հնարավորությունից՝ պրն Ռուստամյանն ասաց. «Այս պարագայում ես ամենաարմատական ընդդիմադիրն եմ դառնալու, որովհետեւ սա հարցերի հարցն է: Չի՛ կարելի երկրում ձախողել բանավեճերը, մանավանդ այն ժամանակ, երբ դրա ամենաճիշտ եւ հարմար պահն է՝ նախընտրական շրջանը»:

«Առավոտը» նրան հիշեցրեց բոյկոտի ներկայացված բացատրությունը, թե ակումբները գովազդում են օղի եւ ծխախոտ, ինչն օրենքի խախտում է: Օղու թաքնված գովազդ մշտապես ցուցադրող հեռուստաընկերությունների այս արդարացման կապակցությամբ նկատենք, որ «Տեսակետը» գովազդում է միայն «Ապարան» ջուրը, իսկ «Հայելի»-ն էլ՝ «Վեդի Ալկո»-ի եւ Իջեւանի գինիները: Իսկ Արմեն Ռուստամյանը նշեց. «Օղի են գովազդում՝ թող այդ գովազդի դեմ պայքարող կազմակերպությունն արգելի օղի գովազդող տվյալ ակումբի գործունեությունը… Բայց դրա պատճառով փակե՞նք եթերը, որ մարդիկ չիմանան այս ամենի մասին»:

Նշենք, որ երեկ հասարակական 6 կազմակերպություններ, մասնավորապես՝ Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Հայաստանի հելսինկյան կոմիտեն հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշված է. «Մենք հասկանում ենք, որ լրատվամիջոցները պարտավոր չեն լուսաբանել բոլոր ասուլիսները, սակայն հանրային նշանակություն ունեցող իրադարձությունների նկատմամբ միաժամանակյա եւ միահամուռ անտարբերությունը միայն հաստատում է «անտեսանելի ձեռքի» միջամտության մասին վարկածը»: Հայտարարության հեղինակները նաեւ նշել են, թե ունեն մտահոգիչ տեղեկություններ, որ «վերջին շաբաթում մասնավոր հեռուստաընկերությունների ղեկավարները հրավիրվում են զանազան գերատեսչական մարմիններ, որտեղ նրանց «հորդորում են» անտեսել ընդդիմության որոշ ներկայացուցիչների հանրային միջոցառումները, հրապարակային ելույթները, չհյուրընկալել նրանց, հարցազրույցներ չունենալ եւ չհեռարձակել: Մասնավորապես՝ հեռուստաընկերություններին «խորհուրդ է տրված» չլուսաբանել (ոչ դրական, ոչ բացասական համատեքստով) մի քանի քաղաքական ուժերի հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքը»: Կոչ է արված իշխանություններին՝ ձեռնպահ մնալ հեռարձակվող ԶԼՄ-ների «խմբագրական անկախությանը միջամտելուց, քանի որ դա անուղղելի վնաս է հասցնում խոսքի ազատությանն ու բազմակարծությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել