Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԳԻՏԵՄ…

Հոկտեմբեր 19,2007 00:00

Տարօրինակ, անտանելիորեն տարօրինակ են ճանճերը. ամենուր են, եւ չկա փրկություն նրանցից: Այնինչ անծավալ տիեզերքում մոլորակներն անհետանում են սեւ խոռոչներում, եւ չկա ազատում նախաստեղծ կանոններից: Չկա փրկություն մոլորակների անբախտ սերունդների համար: Այնինչ ճանճերը, միեւնույն է, անխուսափելի են քաղաքականության մեջ, տանը, դրսում, եւ չկա այն սեւ խոռոչը, որ հավաքի իր մեջ այդ չկայացած թռչուններին, վերափոխի մի այլ կերպի՝ ազատելով մարդուն՝ ի վերուստ տրված նպատակի հորիզոնները: Եվ մենք ամեն օր տանջվում ենք ճանճահալած օրերի մեջ՝ լսելով մանրախնդիր մեկնություններ, ակամա ներկա գտնվում եսակենտրոն ասուլիսների, բամբասապատիր եզրակացություններ լսում մեր երկրի եւ մեր փրկության մասին, որպեսզի հետո իբր հերոսի պլպլան դեմքով նայենք մեր շուրջը՝ գոչելով՝ եկե՛ք մեր հետեւից, մենք ճանապարհը գիտենք, եկե՛ք: Այնինչ հինգ հարյուր տարի առաջ ստախոսության մեջ իրեն մեղադրող Դոն Քիշոտին Սանչոն երդվում էր՝ թուրք լինեմ, թե սուտ ասեմ, Տե՛ր իմ: Դրանք այն ժամանակներն էին, երբ Հայաստանի լեռներում մարդիկ կռիվ էին տալիս արծիվների հետ, եւ այդ կռվի մասին Սերվանտեսը տեղյակ էր…Ու հիմա՝ այս պահին, մեր չկայացած թռչուն առաջնորդները, որ թաքնվում են արծիվների թիկունքում, կուզենայի կրկնեին Սանչոյի երդումը եւ նոր միայն ասեին, թե իրենք գիտեն ճանապարհը պայծառ ապագայի: Այնինչ ինչ-որ մի օր ամեն բան անխուսափելիորեն ավարտվում է, ինչպես գարնան ծաղիկն է թոշնում՝ մեզ ստիպելով անցնող գարուններով չափել մեր սրտի ցավը, ունենալը եւ չունենալը, գտածը եւ կորցրածը եւ փորձել վերահաս աշնան մեջ տեսնել, թե ինչպես են լույսի ալիքները հարբում ստվերների հետ մեծ հրաժեշտից առաջ: Եվ որովհետեւ արդեն վաղուց աշունը տեղավորվել է մեր սրսփացող օրերի մեջ, եւ հոգիդ, ներանձնացած, ուզում է տուն վերադառնալ, բայց չի կարողանում, որովհետեւ մի շատ մեծ ու կարեւոր բան կիսատ է, եւ որովհետեւ միշտ էլ տագնապալի է խախտել ցրտի ու ջերմության՝ առաջին հայացքից անտեսանելի սահմանը, այո՛, տագնապալի է, քանի որ սահմանի վրա քո տունն է, քո պետությունն ու քո հայրենիքը: Այն Տունը, որտեղից հուսալքության պահերին ամեն օր փախչելով՝ ուզում ես անվերջ վերադառնալ, որովհետեւ գարնան անցողիկ ծաղկի նման քո կյանքը միայն այնտեղ կարող է առնչվել հավերժին եւ չմնալ անբախտ մոլորակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել