Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիացիներն արհամարհանքով են վերաբերվել «Սուրբ Հայաստանին»

Հոկտեմբեր 19,2007 00:00

\"\"Երեկ հայտարարեց ֆրանսահայ նկարիչ եւ պատմաբան Կլոդ Մութաֆյանը, որի ցուցահանդեսը կբացվի այսօր:

«Ուրբաթ» ակումբում հրավիրված երեկվա ասուլիսի հյուրերն էին Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն, արվեստաբան Շահեն Խաչատրյանն ու ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ֆրանսահայ պատմաբան, նկարիչ Արմեն-Կլոդ Մութաֆյանը: Թեման Զարեհ Մութաֆյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Ազգային պատկերասրահում այսօր բացված հոր եւ որդու ցուցահանդեսն էր: Զ. Մութաֆյանը սփյուռքահայ արվեստագետ է: Նա Հայաստանում առաջին անգամ իր անհատական ցուցահանդեսով հանդես է եկել 1967 թվականին, ապա 1971-ին: Տպավորված հայրենի բնաշխարհի գեղեցկությամբ, նկարիչը Փարիզ վերադառնալուն պես կտավներին է փոխանցել իր ապրումները, որոնց շնորհիվ ստեղծվել է մի ցուցահանդես, որը արվեստագետի սիրո խոստովանությունն է Հայաստանին: Վերջինս ներկայացվել է Փարիզում, Նյու Յորքում ու Միլանում եւ ընկալվել է իբրեւ «բարի խաբրիկ» հայրենիքից: Շ. Խաչատրյանի ձեւակերպմամբ՝ Զարեհի որդու այսօրվա ցուցահանդեսը կառուցված է յուրաքանչյուր մարդու փոքր ժամանակվա հուշերից: Ցուցահանդեսում ներկայացված է հայր եւ որդի Մութաֆյանների 40 նկար: Շ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ վերջերս Կ. Մութաֆյանը Մարսելում ներկայացրել է «Հայոց մոգական գիրը» խորագրով մի ցուցահանդես, որը, ըստ արվեստաբանի, հայ իրականության մեջ նմանը չունի. «Չի կարելի կորցնել հարազատը, մաքուրն ու ավանդականը, որովհետեւ կդառնաք պարզապես մարդ եւ չեք լինի հայ: Իսկ հայ լինել՝ դեռ չի նշանակում հետամնաց լինել»:

Կ. Մութաֆյանի փոխանցմամբ, ցուցահանդեսը հենց այնպես չի կազմակերպվել, այն ավելի շատ հայկական արվեստին նվիրված արարողություն է: Այժմ ինքն իրականացնում է հոր երազանքը, այսինքն՝ գալ Հայաստան ու ներկայանալ ցուցահանդեսով: Նկարիչը հայտնեց, որ առաջին անգամ ցուցահանդես է կազմակերպել 1993 թվականին Փարիզում՝ Կիլիկյան Հայաստանի պատմության թեմաներով: Կ. Մութաֆյանի ձեւակերպմամբ, ցուցահանդեսի թեման ու վայրը պատահական չէին ընտրվել. Լեւոն 5-րդ թագավորը ծագումով ֆրանսիացի էր: Նա մահացել է Փարիզում, դամբարանն էլ վերջինիս արվարձաններից մեկում է: Նկարիչն ասաց, որ իր ցուցահանդեսին ներկա են եղել Ֆրանսիայի նախագահն ու Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Շ. Խաչատրյանի համոզմամբ, այսօր լրագրողները ցուցահանդեսների մասին գրելիս կրկնվում են, մինչդեռ վերջիններս պետք է ստանան մասնագիտական խորհուրդներ, ունենան զրույցներ, որպեսզի իմանան, թե ում՝ ինչպես գնահատել ու ներկայացնել: Դառնալով Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսներին՝ մասնավորապես Լուվրում ցուցադրվող «Սուրբ Հայաստանին», պրն Մութաֆյանն ասաց, որ ոչ միայն վերնագիրն է սխալ թարգմանված (ճիշտը «Սրբազան Հայաստանն» է), այլեւ «Հայաստանում հայտարարեցին, թե Լուվրի ցուցահանդեսում ամեն ինչ սահուն ու բարեկամական է անցել, սակայն դա այդպես չէ: Ճիշտ է, հայկական արվեստի համար մեծ հաջողություն էր այնտեղ ցուցադրվելը, սակայն ֆրանսիացիները Հայաստանի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերեցին, որն ինձ ամենեւին չզարմացրեց: Նախապես պայմանավորված երեք դահլիճները ֆրանսիացիները դարձրել էին երկու, մինչդեռ մյուս երկրների հետ այդ ձեւով չեն վարվում: Հայաստանյան կազմակերպիչները եւս բազմաթիվ սխալներ թույլ տվեցին: Նրանք ավելի շատ կարեւորում էին աֆիշների ու տառերի մեծությունը՝ առանց ուշադրություն դարձնելու բովանդակությանը: Ցուցահանդեսի տեղափոխման ծախսերը հոգացել էր Հայաստանը, իսկ այնտեղ, չգիտես ինչու, բոլորին թվում էր, թե դա արել է Ֆրանսիան: Ասում էին՝ ի՜նչ առատաձեռն երկիր է Ֆրանսիան»:

Հ. Գ. Չնայած երեկվա ասուլիսը մշակութային թեմաներով էր, սակայն ոչ մի TV չէր եկել լուսաբանելու: Փաստորեն, ակումբները բոյկոտելու «վերեւից» իջեցված հրահանգը իրողություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել