Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 19,2007 00:00

\"\"Վերջինիս գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, չնայած զբաղվածությանը, կշարունակի օպերային ներկայացումներով զարմացնել:

ՀՀ մշակույթի նախարարությունը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 4-ը հրավիրում են երեւանյան առաջին միջազգային երաժշտական փառատոնին, ինչի մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտնեցին փառատոնի գեղարվեստական ղեկավարներ, թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա) եւ ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Բանախոսները տեղեկացրին, որ փառատոնային օրերին «Ա. Խաչատրյան» համերգասրահում եւ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, բացի հայաստանցի ճանաչված երաժիշտներից, հայ ունկնդիրը կհանդիպի համաշխարհային ճանաչում վայելող մի շարք մենակատարների ու դիրիժորների՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից եւ Ֆրանսիայից: Փառատոնին կմասնակցեն նաեւ «Լինոս» լարային քառյակը, «Նարեկացի» եւ «Սերենադ» կամերային նվագախմբերը: Համերգների ծրագրերում ընդգրկված են սիմֆոնիկ, կամերային եւ անսամբլային երաժշտության բազմազան երկացանկ: Էդ. Թոփչյանը հայտնեց նաեւ, որ առաջին միջազգային փառատոնի գաղափարը հղացել է այս տարվա մայիսին, երբ Ալեքսանդր Չաուշյանը հերթական համերգային այցով գտնվում էր հայրենիքում: «Հարկ եմ համարում նշել, որ փառատոնի մասնակից որոշ ճանաչված անուններ, այդ թվում՝ 2007թ. թիվ 1 երաժիշտ հռչակված ջութակահարուհի Ջուլիա Ֆիշերը, դիրիժոր Ջոնաս Ալբերը (երկուսն էլ՝ գերմանացի) համաձայնել են մասնակցել երեւանյան փառատոնին՝ Ալիկի (նկատի ունի Ալեքսանդր Չաուշյանին) հետ տարիներ շարունակ ունեցած մտերմության շնորհիվ (Ալեքսանդր Չաուշյանը 1992-ից ապրում ու ստեղծագործում է Մեծ Բրիտանիայում): Եթե հետաքրքրում է անվանի երաժիշտների հոնորարի հարցը, ասեմ, որ հասկանալի պատճառով չենք կարող ապահովել արեւմուտքում նրանց ստացած շուրջ 300.000 եվրոները: Ի դեպ, արտերկրյա հյուրերը, օրինակ՝ ֆրանսիացի դաշնակահար Ֆիլիպ Կասարդը, Մեծ Բրիտանիայից դաշնակահար Աշլի Վոսը, ջութակահարներ՝ դարձյալ Մեծ Բրիտանիայից, Յուրի Ժիսլինը, Նատալյա Լոմեյկոն եւ մեր հայրենակից՝ հանրահայտ Լեւոն Չիլինկիրյանը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացնեն վարպետության դասեր»,- փառատոնային օրագիրը մանրամասնեց Էդ. Թոփչյանը:

«Առավոտի» հարցին, թե արեւմուտքում վաղուց դասական երաժշտության ոլորտի երաժիշտներն իրենց մենահամերգները համեմում են շոուի տարրերով, ասենք, բեմից անկաշկանդ զրուցում են հանդիսատեսի հետ, այս անգամ նման երաժիշտների կհանդիպե՞նք, Ալ. Չաուշյանը պատասխանեց. «Այո, կան նման երաժիշտներ: Կան նաեւ կարծիքներ, թե վերջիններս այդկերպ վարվում են հանդիսատեսին գրավելու ու իրենց համերգներին անշլագ ապահովելու նպատակով: Ես դա բացարձակ չեմ ընդունում: Միեւնույն է, դասական երաժշտության սիրահարը հաճախում է համերգի՝ բարձրակարգ կատարում լսելու համար, իսկ եթե կան ունկնդիրներ, որոնք կարոտ են իրենց կուռքի խոսքը լսելուն, ապա դրա համար գոյություն ունեն ասուլիսներ, որոնք հեռարձակվում են հեռուստառադիոալիքներով: Դասական համերգի ձեւը եղել, կա եւ կմնա այնպիսին, ինչպիսին ընդունված է»:

«Առավոտի» հաջորդ հարցին, թե արդեն 7 օպերային ստեղծագործություն բեմ հանած Էդուարդ Թոփչյանը վերջերս Ազգային օպերային թատրոնում Վերդիի «Ռիգոլետտոյի» հաջողությունից հետո չի՞ պատրաստվում իր երկացանկը հարստացնել այդ ժանրի այլ ներկայացմամբ եւս, դիրիժորն ասաց. «Թե կոնկրետ որ օպերային կանդրադառնամ՝ առայժմ չեմ հայտնի, բայց 2008-ի աշնանը Վերդիի «Աիդայով», 75 օրում՝ 50 ներկայացմամբ, ֆիլհարմոնիկը, մեներգիչները եւ երգչախումբը (դեռ որոշված չէ, թե հայաստանյան որ երգչախումբը կլինի) հանդես կգան Ճապոնիայում: Առաջարկը եղել է վերջերս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել