Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քննություն է հանձնում ԳԹԿ-ն, հետո՝ աշակերտները

Հոկտեմբեր 19,2007 00:00

Ըստ ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանի, իրենք եւս քննական «դող» են ապրում

Երեկ կայացավ Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանի առաջին ասուլիսը, թեման՝ ԳԹԿ առաջիկա անելիքներն էին: Ինչ վերաբերում է նախկին տնօրեն Վանյա Բարսեղյանին, նա դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: «Առավոտի» երեկվա համարում հայտնել էինք, որ Մ. Մկրտչյանը ծնունդով սիսիանցի է եւ ոչ թե ղարաբաղցի, ինչպես շրջանառվում էր մամուլում: Պրն Մկրտչյանը հատուկ շեշտեց, որ ինքը Սիսիանում է ծնվել, բայց մեծացել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում, ավարտել տեղի դպրոցը, այնուհետեւ ԵՊՀ մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը, դիսերտացիա պաշտպանել մաթեմատիկայից, զբաղվել մանկավարժության հիմնահարցերով եւ այլն:

Նա հավաստիացրեց, թե Հայաստան այցելած արտերկրյա փորձագետները խոստովանել են, որ մեր երկրում քննությունների՝ նոր համակարգով անցկացվելու փորձը հաջողվել է, ի տարբերություն այլ երկրների: Շարունակելով քննությունների թեման, ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը փաստեց. «Կարծում եմ՝ պետության կայացման եւ ազգովի համախմբման հարցերում մի լուրջ խոչընդոտ ունենք՝ իրար չվստահելու տհաճ առանձնահատկությունը: Քաղաքական գործիչներն իրար չեն վստահում, կրթության ոլորտի աշխատողները՝ միմյանց, հասարակությունը՝ բոլորին եւ այսպես շարունակ: ԳԹԿ-ն ունի լուրջ առաքելություն. իր ոլորտում արդյունավետ եւ ճիշտ կազմակերպելով գործունեությունը՝ նպաստել փոխադարձ վստահության մթնոլորտի ստեղծման»: Նա նշեց, որ նոր համակարգով, բացի հայոց լեզու եւ գրականություն առարկայից, այս ուսումնական տարում կանցկացվեն նաեւ մաթեմատիկան, անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենն ու ռուսերենը: Համապատասխան ուղեցույց-ձեռնարկները հոկտեմբերի վերջից նոյեմբերի սկիզբը անվճար կբաժանվեն դպրոցներին, իսկ մինչեւ դեկտեմբեր կհաստատվի քննությունների անցկացման ընթացակարգը, կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ ուսուցիչների, քննությունների կազմակերպիչների, տնօրենների եւ այլոց համար: «Աշխատելու ենք թափանցիկ: Օրինակ, քննական առարկաների ձեռնարկ-ուղեցույցների նախագծերի մշակման ընթացքը կազմակերպված է այնպես, որ շաբաթական մեկ անգամ աշխատախմբերի անդամները բաց քննարկումներ անցկացնեն»,- խոստացավ պրն Մկրտչյանը: Հետո էլ հավելեց, որ բոլոր առարկաների թեստերը առաջինը փորձարկում են ԳԹԿ աշխատակիցների վրա. «Նրանք արդեն քննություններ են հանձնել մաթեմատիկայից, հայոց լեզու, գրականությունից, ռուսերենից, առաջիկայում նաեւ մյուս առարկաներից: Անձամբ ես, բացի մաթեմատիկայից, մասնակցում եմ բոլոր քննություններին, անցնում բոլոր պրոցեդուրաների միջով: Այնպես որ, ԳԹԿ աշխատակիցները յուրացրել են քննական իրավիճակները»:

Հետաքրքրվեցինք՝ քննական թեստերը մշակող աշխատախմբերի հետ հանդիպումների, զանազան սեմինար-քննարկումների ժամանակ, հատկապես հայոց լեզու, գրականություն առարկայի «մասով» ի՞նչ ընդդիմախոսություններ են եղել, եւ արդյո՞ք հրավիրվել են այն մասնագետները, որոնք անցյալ տարի դժգոհություններ էին հայտնում: «Թեստերի մշակման ընթացքը մշտապես զուգակցվում է քննարկումներով: Շատերին գիտակցաբար ենք հրավիրել, որպեսզի մշակումների ընթացքում մասնակցություն ունենան եւ ոչ թե ամենավերջում կարծիք հայտնեն»,- պատասխանեց Մ. Մկրտչյանը: «Առավոտի» հաջորդ հարցին՝ ինչպե՞ս են վերահսկվելու այն քննական կենտրոնների ղեկավարները, որոնք ի պաշտոնե դպրոցի տնօրեններն են եւ տվյալ քննական առարկայի մասնագետը: «Հատուկ կետ ենք մտցրել, որ մասնագետը տվյալ քննության ժամանակ չլինի պատասխանատու, բացի այդ, նրանց ցանկը հսկվելու է: Մյուս կողմից էլ, պիտի ոչ թե վերահսկողության խիստ միջոցներ հնարենք, այլ թեկուզ տարիների ընթացքում հասնենք նրան, որ մարդը, անգամ գիտակցելով, որ ոչ մի արգելք չկա, չմիջամտի քննությանը»,- ասաց ԳԹԿ տնօրենի պաշտոնակատարը: Խոսելով թեստերի գաղտնիության մասին էլ, հայտնեց. «Մեծ պրոբլեմ է գաղտնիության ապահովումը: Այս տարի որոշ բաներ ենք մտածել: Մասնավորաբար քննարկվում է այն, որ թեստերը ոչ թե մարդը, այլ մեքենան կազմի: Առավոտյան աշակերտը գա, վերցնի իր թեստը, ու ոչ ոք չիմանա վերջինիս բովանդակությունը: Դա առայժմ ծրագիր է եւ ոչ թե որոշում: Նախարարի մասնակցությամբ դեռ պիտի քննարկվի»:

Մեր դիտարկմանն էլ, թե խոսվում էր այն մասին, որ ավարտական եւ միասնական քննությունների անցկացման նոր համակարգի ներդրման դեպքում դպրոցների դերը բարձրանա, սակայն իրականում կրկնուսույցների «գները» բարձրացան, պրն Մկրտչյանը հայտնեց. «Համակարգը նոր է ներդրվել եւ միայն հայոց լեզու, գրականություն առարկան է այդ եղանակով հանձնվել: Դպրոցների տնօրենները խոստովանում են, որ իրենց համար անակնկալ էր՝ ըստ գնահատման արդյունքների վերլուծությունների դպրոցների պատկերի «բացահայտվելը»: Այս ուսումնական տարում նրանք, թերեւս, ավելի զգոն եւ ուշադիր կլինեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել