Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՆԱ՞Լ, ԹԵ՝ ՉԳՆԱԼ, ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ

Հոկտեմբեր 19,2007 00:00

Իշխանական ուժերի որոշ ներկայացուցիչներ նույնիսկ ցանկության դեպքում չեն գնա հոկտեմբերի 26-ի հանրահավաքին:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը որակել էր «ոչ թե կուսակցական, այլ քաղաքացիական»: Նաեւ համոզմունք էր հայտնել, որ «արտառոց» այդ հանրահավաքի «մեխը լինելու է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը»:

Ըստ Արամ Սարգսյանի. «Այդ հանրահավաքին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները՝ անկախ քաղաքական պատկանելությունից: Ես չեմ կարծում, որ նույն հանրապետականների մեջ հետաքրքրություն չկա գալ հանրահավաքին եւ լսել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը»: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը վստահ է, որ մարդիկ կգնան լսելու Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Հակառակ դեպքում ես կհամարեի, որ Հայաստանի Հանրապետության անկախությունը պատահական դեպք է եղել»: Արամ Սարգսյանը շեշտել է, որ հանրահավաքի հետ քաղաքական կուսակցությունները որեւէ կապ չունեն. «Սա կուսակցությունների հավաք չէ: Սա հանրահավաք է, որին պետք է մասնակցեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները»:

«Առավոտը» փորձեց որոշ հայտնի քաղաքացիներից պարզել՝ նրանք ուզո՞ւմ են մասնակցել այդ հանրահավաքին:

Անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը մեր հարցին՝ մասնակցելո՞ւ է հանրահավաքին, ասաց. «Ես մասնակցելու եմ այդ հանրահավաքին, որպես շարքային քաղաքացի, որովհետեւ ինձ հետաքրքրում է, թե 10 տարվա լռությունից հետո ՀՀ առաջին նախագահը, որը կարեւոր դերակատարություն է ունեցել մեր երկրի կյանքում, ինչպիսի դիրքորոշում ունի երկրում ստեղծված իրավիճակի եւ այդ իրավիճակից դուրս գալու վերաբերյալ»: Հիշեցրինք, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթին արձագանքելով ասաց, որ դրանից հետո առաջին նախագահը վերածվել է շարքային ընդդիմադիր գործչի: Մեր հարցին՝ իսկ սա չի՞ նշանակում, որ սպասվող հանրահավաքում կլինեն բռնություններ եւ ուժի կիրառում, ինչպես եղել է այլ դեպքերում: Մեր զրուցակիցը այս կապակցությամբ հույս հայտնեց, որ տվյալ պարագայում կգործի խելամտության կանխավարկածը. «Իսկ ինչ վերաբերում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կդառնա՞ սովորական ընդդիմադիր կամ չի դառնա սովորական ընդդիմադիր հարցադրմանը, ասեմ, որ Տեր-Պետրոսյանը մնում է Տեր-Պետրոսյան»:

Մենք իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներից եւս հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հիմքով է Արամ Սարգսյանը լավատեսական վստահություն հայտնում, որ առաջին նախագահի խոսքը լսելու ցանկություն կունենան նաեւ իշխանական ուժերի ներկայացուցիչները: Պարզվեց, որ, մասնավորապես, հանրապետականները առանձնապես ցանկություն չունեն լսել եւ իմանալ, թե ինչ է ասելու առաջին նախագահը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը նկատեց, որ որեւէ արտառոց բան չկա, որ ինչ-որ ուժեր հանրահավաքներ են անցկացնում, քանի որ այդ ամենը տեղավորվում է նախընտրական տրամադրությունների շրջանակում. «Յուրաքանչյուր նախընտրական ժամանակահատվածում հանրահավաքներ անցկացվում են, ձեր նշած հանրահավաքին եւս մենք մոտենում ենք այդ տեսանկյունից, սա էլ ոչնչով չի տարբերվում մինչ այժմ եղածներից: Եվ մեր կողմից որեւէ ուշադրություն կամ այլ մոտեցումներ դրա կապակցությամբ չկա: Հանրահավա՞ք են անում, թող անեն: Չեմ կարծում, թե որեւէ հանրապետական ցանկություն կունենա գնալու»: Մեր հաջորդ հարցին՝ մի՞թե իսկապես չեն ուզում լսել, թե ի՞նչ է ասելու արդեն տասը տարի լռած առաջին նախագահը, Սամվել Նիկոյանը ասաց. «Առաջին նախագահը խոսեց եւ մենք հասկացանք, որ 10 տարի առաջ ինչ ասել է՝ ընդամենը դա կրկնեց եւ այս տարիների ընթացքում ինչ ասել էին բոլոր ընդդիմադիրները, ինքը դա կրկնեց եւ կրկնելու է»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանն ասաց, որ իրենց խմբակցությունում եւ կուսակցության քաղխորհրդում նման հարց չի քննարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել