Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃՆՇՈՒՄ ԵՆ ՄԱՐԶԱՅԻՆ TV-ՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 19,2007 00:00

Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունը հոկտեմբերի 14-ի երեկոյան եթեր է հեռարձակել Լեւոն Տեր֊Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթն ամբողջությամբ։ «Առավոտի» ունեցած տեղեկություններով, մինչ այդ ելույթը հեռարձակելը ողջ օրվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն անհանգստացրել են հեռուստաընկերության աշխատակիցներին՝ հորդորելով եթեր չհաղորդել այդ ելույթը, չապակայունացնել իրավիճակը եւ այլն։

Նշենք նաեւ, որ մեր ունեցած տեղեկություններով, որոնք ճշտում ենք, հեռուստաընկերության նկատմամբ ճնշումներ են գործադրել ԱԱԾ-ի մասնավորապես այն աշխատակիցները, որոնք խորհրդարանական ընտրություններից առաջ «Գալա»-ին փորձել են պարտադրել եթեր հեռարձակել «Օրինաց երկիր» կուսակցության վերաբերյալ հակաքարոզչական ֆիլմը, որն այդ շրջանում ցուցադրվում էր մարզային հեռուստաընկերություններով:

Այն բանից հետո, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն այնուամենայնիվ հեռարձակվել է՝ «Գալա» հեռուստաընկերությամբ հետաքրքրվել են արդեն Գյումրիի հարկային ծառայությունը, Շիրակի մարզպետը, նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը: Սակայն թերեւս այս մի մարզային հեռուստաընկերությունն իրոք տարբերվում է մյուսներից, քանի որ նույն օրը՝ հոկտեմբերի 15-ի երեկոյան նրանք արդեն հարցազրույց են հաղորդել «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Նիկոլ Փաշինյանի հետ: Նշենք, որ դրանից հետո ԱԱԾ պաշտոնյաները դարձյալ զրույցի են հրավիրել հեռուստաընկերության պատասխանատուներին:

Թերեւս նման իրադարձություններին տեղեկանալով է, որ թեեւ «Արմատ» կենտրոնի Վանաձորի մասնաճյուղի ղեկավար Կարեն Սարգսյանը դիմել էր քաղաքում գործող երկու անկախ հեռուստաընկերություններին՝ «ՄԻԳ»-ին եւ «Լոռի»-ին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը վճարովի հիմունքներով հեռարձակելու խնդրանքով, երկուսն էլ մերժել են: «ՄԻԳ»-ը մերժել է գրեթե անմիջապես: Իսկ «Լոռի» հեռուստաընկերությունը նախ համաձայնել է, իսկ հետո, ինչպես «Ազատություն» ռ/կ-ի Վանաձորի թղթակցին պատմել է Կարեն Սարգսյանը՝ «Ասացին, որ իրենց վրա եղել են լուրջ ճնշումներ՝ ելույթը չցուցադրելու համար, եւ ասացին, թե դա եղել է Լոռու մարզպետի կողմից, ուստի իրենք պարզապես չեն կարող ցուցադրել»: Վերջինս ժխտել է, թե ինքը ճնշում է գործադրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել