Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քրդերը կկռվեն «մինչեւ արյան վերջին կաթիլը»

Հոկտեմբեր 19,2007 00:00

Թուրքիայի խորհրդարանի՝ նախօրեին կայացրած որոշումից հետո, որով հավանություն տրվեց թուրքական զինուժի Հյուսիսային Իրաք ներխուժելու մտադրությանը, նոր՝ ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում:

Երեկ Միացյալ Նահանգների նախագահ Բուշը հերթական ուղերձը հղեց Թուրքիայի իշխանություններին՝ փորձելով նրանց ետ պահել հարեւան Իրաքի տարածք մտնելու «անօգուտ» ծրագրից: Այդ ուղերձը, սակայն, Անկարայի վրա կարծես թե ազդեցություն չունեցավ: «Կարեւոր չէ, թե ով ինչ է ասում, կարեւորը Թուրքիայի ազգային մեծ ժողովի կայացրած որոշումն է»,- ըստ թուրքական «Միլլիեթի», այսպես է արձագանքել ԱՄՆ նախագահի հորդորին Թուրքիայի վարչապետը:

Այս ամենով հանդերձ, ԱՄՆ ռազմական կառույցները յուրովի են մեկնաբանում Թուրքիայի խորհրդարանի վերոհիշյալ որոշումը, գուցե չհամարձակվելով ենթադրել, որ Անկարան ի վերջո կգնա այդ քայլին՝ կոպտորեն անտեսելով ռազմավարական գործընկեր ԱՄՆ-ի կենսական շահերը: «Թուրքիան ցանկություն չունի ռազմական գործողություններ անցկացնել Իրաքի տարածքում թաքնվող քուրդ ապստամբների դեմ: Թուրքերն ակնհայտորեն նյարդայնացած են ու զայրացած: Սակայն ես չեմ կարծում, թե նրանք շատ են ուզում անել հաջորդ քայլը. դա հսկայական հետեւանքներ կունենա ոչ միայն մեզ, այլեւ հենց իրենց՝ թուրքերի համար»,- նախօրեին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջեֆ Մորելին: Նա նշել է, որ Իրաքի քրդական իշխանությունները բավարար ազդեցություն ունեն Քրդական աշխատավորական կուսակցության վրա, եւ Վաշինգթոնը Անկարայի, Բաղդադի եւ քրդերի հետ բանակցությունների միջոցով կարող է լուծել այդ խնդիրը:

Թեմայի համատեքստում ուշագրավ է նաեւ երեկ ստացված այն տեղեկատվությունը, թե Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Էլդար Մախմուդովի հրավերով Բաքու են ժամանել Թուրքիայի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի անվտանգության ծառայությունների ղեկավարները: Ինչպես փոխանցում է «Արմինֆոն», վկայակոչելով «Թուրանին», Բաքու են հրավիրվել նաեւ մի շարք այլ թյուրքական երկրների հատուկ ծառայությունների ղեկավարները: Աղբյուրը նշում է, որ Ադրբեջանի ԱԱՆ նախաձեռնած հանդիպման նպատակի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չկա: Մինչդեռ, ինչպես փոխանցում են թուրքական աղբյուրները, այդ հանդիպման ընթացքում քննարկվելիք թեմաներից մեկը կլինի քրդական խնդրի եւ, մասնավորապես, Իրաքի հյուսիսում Թուրքիայի կողմից հնարավոր ռազմական գործողության շուրջ ստեղծված իրավիճակը: Ի հավելումն հաղորդվում է, որ գրեթե բոլոր թյուրքական երկրներում կան քրդական խմբավորումներ, եւ Իրաքում իրավիճակի սրման դեպքում նրանք կարող են ինչ-որ գործողություններ ձեռնարկել Թուրքիայի դեմ:

Նշենք նաեւ, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը երեկ հայտարարություն է տարածել, թե իր զինյալները ամբողջովին պատրաստ են թուրքերի ռազմական ներխուժմանը եւ կպաշտպանեն քրդերին ու նրանց շահերը «մինչեւ արյան վերջին կաթիլը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել