Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միասնականը» ի սկզբանե դատապարտված էր

Հոկտեմբեր 19,2007 00:00

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը վստահ է, որ «օլիգարխիկ-արկածախնդրական ճանապարհով» միասնական թեկնածու չեն դառնում, իսկ այդպես, ըստ Հայրիկյանի, փորձում են վարվել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ նրա շրջապատը:

Հիմա արդեն անկասկած է, որ միասնական թեկնածուի գաղափարի իրականացումը հայրենի քաղաքական գործիչների համար անհնարին է: Տարբեր սոցիոլոգիական հարցումներից էլ է պարզ, որ ՀՀ շարքային քաղաքացիները եւս չեն հավատում, որ ընդդիմությունը միասնական թեկնածուի հարցում կարող է միասնական լինել: Օրինակ, վերջերս հայկական սոցիոլոգիական կենտրոնի հարցման արդյունքում պարզվել էր, որ հազար հարցված քաղաքացիների 66 տոկոսը չի հավատում, որ ընդդիմությանը կհաջողվի նախագահական ընտրությունների գնալ մեկ միասնական թեկնածուով:

Եվ քաղաքացիները, հավանաբար, չեն սխալվում, քանի որ անցած տարիներին տեսել եւ ճանաչում են բոլոր ընդդիմադիր գործիչներին, եւ նրանց ամբիցիաները եւս խորը թաքնված չեն: Փաստորեն, անգամ հոկտեմբերի 26-ին կայանալիք հանրահավաքը ի զորու չէ լուծել միասնական թեկնածուի հարցը, քանի որ արդեն իսկ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ նույն այդ հանրահավաքին չեն պատրաստվում մասնակցել։ ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը օրինակ, հայտարարեց, որ դա «իրենց» հանրահավաքն է, եւ ինքը չի մասնակցելու: Մոտավորապես նույն կերպ խոսեցին նաեւ ՕԵԿ-ը եւ «Ազգային միաբանությունը»: Այնպես որ, միայն Ստեփան Դեմիրճյանի եւ Արամ Սարգսյանի մասնակցությունը հանրահավաքին չի նշանակում, որ ընդդիմությունը ունի միասնական թեկնածու:

Ստացվում է, որ չիրականացավ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ցանկությունը՝ միասնական թեկնածու ձեւավորել հանդիպումների, հավաքների եւ քննարկումների արդյունքում: Երեկ մենք այս մասին զրուցեցինք Պարույր Հայրիկյանի հետ: Վերջինս նկատեց, որ եթե 26-ին կայանալիք «հանրահավաքի տեսանկյունից նայենք, երեւի միասնական թեկնածուի գաղափարը տապալվեց, բայց իրականում մենք աշխատում ենք, այսօր էլ աշխատեցինք»: Նկատի ունի իր նախաձեռնած արդեն հայտնի հանդիպումների շարքը, բայց չմանրամասնեց, թե որ ուժերն են մասնակցում այդ հանդիպումներին, «քանի որ ուժերի մի մասը հեռակա է մասնակցում»: Ասաց, սակայն, որ թեպետ արդեն իսկ պարզ է, որ միասնական թեկնածու չի ստացվելու, բայց կարծես միասնական թիմը կստացվի. «Ես շատ չեմ խորանում դրա մեջ, որովհետեւ որոշ մարդիկ բարդույթներ ունեն իմ նկատմամբ, միանգամից իրենց թվում է, որ եթե ես իրենց կողքին կանգնած եմ, իրենք ստվերում են մնում, դրա համար աշխատում եմ նախաձեռնության շատ առանցքային դեմք չլինել»:

Պարույր Հայրիկյանը վստահ է, որ հոկտեմբերի 26-ի հանրահավաքի կազմակերպիչները գնում են ոչ «ամենաարդյունավետ» ճանապարհով. «Սկուտեղի վրա մարդկանց մատուցվեց ճիշտ աշխատելակերպը, բայց իրենք նախընտրեցին գնալ օլիգարխիկ եւ արկածախնդրական ճանապարհով: Նրանք, ովքեր ուզում են Լեւոն Տեր-Պետրոսյանին առաջ մղել, նրանք ճիշտ ճանապարհ չընտրեցին: Մնում է ենթադրել՝ երեւի Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ ազդեցություն չունի նրանց վրա, կամ ինքն էլ ճիշտ ճանապարհ որդեգրելու պատրաստ չէ: Ի՞նչ են շահելու իրենք՝ ոչինչ, եւ մարդիկ հիմա մտածում են. ահա՝ Լեւոնն էլ ուզում է իր թայֆան ստեղծել եւ ոչ թե միասնական-ժողովրդավարական ճակատ»:

Պարույր Հայրիկյանը վստահ է, որ «օլիգարխիկ-արկածախնդրական ճանապարհով» միասնական թեկնածու չեն դառնում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի շանսերը նախագահական ընտրություններում պարոն Հայրիկյանը գնահատում է այսպես. «Գիտե՞ք, ընտրվել կարող է կամ առավելագույն ընդունելին, կամ նվազագույն մերժելին: Լեւոնը ոչ առավելագույն ընդունելին է, ոչ էլ նվազագույն մերժելին, եթե անհատի մասին ենք խոսում: Բայց ընտրվելու է նա, ով կունենա թիմ, իսկական թիմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել