Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԻՍԱՄՅԱԿՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Հոկտեմբեր 19,2007 00:00

Երեկ «Փաստարկ» ակումբում հայտնված միակ հեռուստաընկերությանը դիմավորեցին ծափերով

Երեկ պարզվեց, որ ո՛չ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի, ո՛չ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի ասուլիսներին «Փաստարկ» ակումբում չէր եկել մասնակցելու գրեթե ոչ մի հեռուստաընկերության ներկայացուցիչ: Այդ «գրեթե»-ն էլ «Երկիր մեդիա»-ի թղթակիցներն էին, որոնք խցանումների պատճառով Հրայր Կարապետյանի ասուլիսին եկան ուշացումով եւ արժանացան ծափերի: «Եվս մի քաջարի լրատվամիջոց»,- ուրախացավ պրն Կարապետյանը, որ մինչ այդ ողջունել էր «այն բոլոր քաջարի լրատվամիջոցներին», որոնք այնուամենայնիվ ներկա էին ասուլիսին: Ներկաները գերազանցապես տպագիր ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էին, որոնց հեռուստաընկերությունների բացակայությունը ձեռնտու է՝ ի վերջո, երկրորդ աստիճանի թարմության է դառնում հրապարակումդ ասուլիսի մասին, որին նախօրեին անդրադարձել են հեռուստաալիքները:

Թեեւ ընդամենը մի քանի ամիս է, ինչ քաղաքական գործիչների ասուլիսներին անդրադառնում էին նաեւ հեռուստաընկերությունները: Պատճառը դարձավ խորհրդարանական քարոզարշավը, որի ընթացքում էլեկտրոնային ԶԼՄ-ները վերածվեցին ազատ ամբիոնների: Եվ կարծեմ ԵՄԱ նախագահն էր, որ այդ երեւույթը բնութագրեց իբրեւ «խոսքի ազատության միամսյակ»: Այն իներցիայով ձգվեց եւս մի քանի ամիս: Եվ ահա, հոկտեմբերի 15-ի առավոտյան բոլոր հեռուստաընկերությունների ղեկավարներն արթնացան միեւնույն հաստատ մտադրությամբ՝ այլեւս անտեսել քաղաքական գործիչների ասուլիսները: Նրանք հաստա՜տ հրահանգով չեն գործում: Ուղղակի հանկարծ նկատեցին, որ մամուլի ակումբները ծխախոտ եւ օղի են գովազդում: Նկատենք, որ մասնավորապես «Փաստարկ»-ում չկա ոչ ծխախոտի, ոչ էլ որեւէ ոգելից խմիչքի գովազդ՝ եթե այդպիսին չհամարենք «Ջերմուկը» կամ «Բջնին»:

«Իշխանությունը միշտ հակված է առավելագույնս օգտագործել այն ուղղակի եւ ստվերային լծակները, որ ունի: Բայց խնդիրն այն է, որ եթե չկա կազմակերպված հասարակություն, եթե չկա այն ուժը, որը դա թույլ չի տա, ապա դա բնական է»,- այսպես արձագանքեց Շավարշ Քոչարյանն «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում նախագահական ընտրություններից առաջ տեղեկատվության ազատության նման սահմանափակումները:

Իսկ Հրայր Կարապետյանը մեր նույն հարցին այսպես պատասխանեց. «Ես կարծում եմ, որ չորրորդ իշխանությունն ընդհանրապես պիտի լինի չորրորդ իշխանություն, եւ անկախ ամեն ինչից, թե որ չինովնիկի մտքով ինչ է անցնում՝ ինչ հրահանգել, չորրորդ իշխանության ներկայացուցիչները պետք է կատարեն իրենց պարտականությունները»: Հավելեց. «Եթե իսկապես դա թելադրված է ինչ-որ տեղից, ինչ-որ պաշտոնյայի նախաձեռնությունն է՝ սա սխալ մտահղացում է եւ հակասում է մեր Սահմանադրությանը, ազատության մեր ըմբռնումներին, եւ ընդհանրապես խեղաթյուրում է մեր քաղաքական դաշտը»:

Մեր մյուս հարցին, թե արդյոք ՀՅԴ-ի նկատմամբ նման քարոզչական սահմանափակումներ չէի՞ն կիրառվում ավելի վաղ՝ այն բանից հետո, երբ որոշեցին ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով (ասենք, ՀՅԴ-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպման մասին հաղորդեց միայն «Երկիր մեդիան»)՝ ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ վերջին ամիսներին նկատվում է այդպիսի վերաբերմունք. «Այնուամենայնիվ՝ առաջ ավելի շատ էին հրավերները տարբեր հեռուստաընկերություններից: Այսօր դրանք անհամեմատ ավելի քիչ են: Իհարկե, նախագահական ընտրությունները մոտենում են, եւ այն հեռուստաընկերությունները, որոնք այս կամ այն քաղաքական ուժի ազդեցության տակ են գտնվում՝ նրանք էլ իրենց մոտեցումներն են ճշտում՝ կախված այդ քաղաքական ուժի մոտեցումներից»:

Հրայր Կարապետյանն ասաց, թե չի կարծում, որ այդ հրահանգը գալիս է նախագահից կամ վարչապետից. «Ավելի շատ կարծում եմ, որ կան չինովնիկներ, որոնք իրենց այսօր դրել են «սուսլովիկների» տեղ: Այսինքն՝ Սուսլովի դեր են ուզում ստանձնել՝ արջի ծառայություն մատուցելով հենց այն մարդկանց, որոնց քաղաքական շահերը, իրենց կարծիքով, իրենք հետապնդում են: Դրա դեմ մենք պայքարելու ենք»: Նաեւ համոզմունք հայտնեց, որ այս ամենը կանխվելու է. «Ես վստահ եմ, որ այն մարդիկ, որոնք այսօր ի պաշտոնե կամ, չգիտեմ, հանգամանքների բերումով առնչվում են քարոզչության դաշտի հետ, պետք է հասկանան, որ Հայաստանում ազատության նվաճումն անվերադարձ գործընթաց է, եւ երբե՛ք Հայաստանը չի վերադառնա ամբողջատիրական շրջան: Մենք բոլորս տարիներ շարունակ պայքարել ենք ամբողջատիրության դեմ, բոլշեւիզմի յուրաքանչյուր դրսեւորման դեմ, գրաքննության դեմ: Եվ այսօր այս ամենի որոշակի ինչ- որ դրսեւորումներն ուղղակի ծիծաղելի են ու զավեշտալի»:

Հ. Գ. Բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե քաղաքական գործիչների ասուլիսները չլուսաբանելը «սուսլովիկների» հրահանգն է, հիշեցնենք, որ մասնավորապես Հանրային հեռուստաընկերությունը չի ենթարկվում ո՛չ ՀՀ նախագահի մամուլի քարտուղարին կամ աշխատակազմի ղեկավարին, ո՛չ էլ վարչապետի այս կամ այն օգնականին, այլ միայն եւ միայն Ռոբերտ Քոչարյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել