Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ

Հոկտեմբեր 19,2007 00:00

Եթե խոսքը փողի կամ եկամտի աղբյուրի մասին է՝ ամեն ինչ հնարավոր է

Անցյալ շաբաթ ԼՂ-ում ձերբակալվել էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի տարածքային կազմակերպության նախկին ղեկավար, Ստեփանակերտի Հացի գործարանի եւ Ալրաղացի նախկին գործադիր տնօրեն Գրիշա Հայրապետյանը: Նրա գլխավորած այդ երկու հիմնարկներում եւ մասնավորապես Ալրաղացում լուրջ ֆինանսական խնդիրներ՝ խոշոր չափերի հասնող չարաշահումներ են եղել: ՀՅԴ Արցախի ԿԿ քարտուղար Ժիրայր Շահիջանյանը, «Lragir.am»-ի փոխանցմամբ, առանց մանրամասներ նշելու, հայտնել էր, որ դատախազության կողմից իրականացվող քննությունը կապված է Գ. Հայրապետյանի անձնական գործունեության հետ, ու հավելել էր, թե կուսակցությունը հետամուտ է լինելու քննության օբյեկտիվ եւ արդարացի ընթացքին: Նույն աղբյուրի փոխանցմամբ, այդ ձեռնարկությունների աշխատակիցները արդեն երկար ժամանակ աշխատավարձ չեն ստացել, չեն վճարվել գյուղացիների՝ հանձնված ցորենի դիմաց փողերը եւ այլն: Այդ ձեռնարկությունները պատկանում են Սփյուռքի դաշնակցական բիզնեսմենների խմբին:

Ղարաբաղում գործող Հացի գործարանի եւ Ալրաղացի շուրջ առկա խնդիրների մասին «Առավոտը» դեռ շուրջ 2 ամիս առաջ որոշակի տեղեկություններ ուներ: Ըստ այդմ, մոտ երկու տարի առաջ ՀՅԴ Արցախի ԿԿ ղեկավարները մեկ այլ կարկառուն դաշնակցական Աբո Պողիկյանի միջնորդությամբ ամերիկահայ մի քանի գործարարների համոզել էին Ղարաբաղում ալրաղաց ու հացի գործարան կառուցելու նպատակով ներդրումներ անել: Բնական էր, որ այդ հիմնարկներից ստացվող եկամտի մի մասը պետք է բաժին հասներ նաեւ ՀՅԴ-ի տեղի կառույցին: Այդ նպատակով փողեր էին հավաքվել, եւ ծրագիրը կյանքի էր կոչվել: Հիմնարկների տնօրեն էր նշանակվել Գ. Հայրապետյանը: Անցել էր երկու տարի, եւ սփյուռքահայ գործարարները ինչ-ինչ տեղեկություններից մտահոգված՝ այս տարի որոշել էին պարզել, թե իրենց ներդրած գումարները որքանո՞վ են արդյունավետ օգտագործվել: Պարզվել էր, որ գործարանում եղել են խոշոր չափերի հասնող յուրացումներ ու չարաշահումներ: Դա այն դեպքում, երբ, մեր աղբյուրների ասելով, ե՛ւ Հացի գործարանը, ե՛ւ Ալրաղացը հարկերից ազատված են եղել եւ աշխատել են արտոնյալ պայմաններում: Իբրեւ քաղաքակիրթ մարդիկ՝ գործարարները դիմել էին Ղարաբաղի դատախազությանը՝ գործը քննելու առաջարկով: Դատախազությունը սկսել էր զբաղվել այդ գործով, միաժամանակ ՀՅԴ առաջնորդները որոշել էին Ղարաբաղում գործող բանկերից մեկից վարկ վերցնել՝ Ալրաղացը, իբր, ոտքի կանգնեցնելու համար: Այս գործընթացին զուգահեռ՝ դաշնակցականները եկամտաբեր բիզնեսը ձեռքներից բաց չթողնելու համար որոշել էին ալրաղացը սնանկ ճանաչել ու աճուրդի հանել: Մեր աղբյուրների մատուցմամբ, ՀՅԴ առաջնորդները հույս են ունեցել, որ ալրաղացի աճուրդի ժամանակ դաշնակցականներից որեւէ այլ մեկը դա կգնի, եւ կուսակցությունը ձեռքի հետ կձերբազատվի սփյուռքահայ գործընկեր-գործարարներին հաշվետու լինելու հեռանկարից էլ, տնօրեն Գ. Հայրապետյանից էլ: Բանն այն է, որ, ինչպես փոխանցել էր «Lragir.am»-ը, Գ. Հայրապետյանը «Ղարաբաղում բավական հայտնի եւ ազդեցիկ գործիչ էր՝ հատկապես այն շրջանում, երբ ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչն էր»: Ըստ աղբյուրի, նա կարեւոր դերակատարում էր ունեցել նաեւ 2000թ.-ին Սամվել Բաբայանի չեզոքացման գործում: Գ. Հայրապետյանի օրոք ՀՅԴ կազմակերպությունը ԼՂ-ում ինքնուրույն գործոն էր դարձել, որը վարել էր ինքնուրույն քաղաքականություն: Դա դուր չէր եկել Հայաստանի ՀՅԴ առաջնորդներից մի երկուսին, եւ Գ. Հայրապետյանի հարցը լուծելու համար օգտագործելով տարբեր մեթոդներ՝ ՀՅԴ-ի Ղարաբաղի կազմակերպությունում ղեկավարի փոփոխություն էին արել: Գ. Հայրապետյանը փոխարինվել էր Արթուր Մոսիյանով, որը Բակո Սահակյանի՝ ԼՂՀ նախագահ ընտրվելուց հետո նշանակվեց ԼՂՀ արդարադատության նախարար:

Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանն անդրադառնալով Գ. Հայրապետյանի ձերբակալությանը՝ բացառել է դրա քաղաքական դրդապատճառը եւ հավելել, թե ԼՂ նոր կառավարության կազմում արդարադատության նախարարի պաշտոնը տրվել է Դաշնակցությանը՝ ի դեմս Արթուր Մոսիյանի, ու ակնարկել, որ դաշնակցականը դաշնակցականի նկատմամբ հաշվեհարդար չի տեսնի: Հ. Կարապետյանը վստահեցրել է, որ եթե Գ. Հայրապետյանի գործունեության մեջ, իրոք, կրիմինալ լինի, ապա նա պետք է դրա համար պատասխան տա: Մեր աղբյուրների ասելով, իրականությունն այն է, որ ՀՅԴ-ն պատրաստ է զոհաբերել իր զինակցին՝ սփյուռքահայ գործարարների ներողամտությանն արժանանալու եւ Հացի գործարանն ու Ալրաղացը ձեռքից բաց չթողնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել