Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՆՈՐ ԱՆՈՒՆՆԵՐ ԵՆ

Հոկտեմբեր 18,2007 00:00

\"\"Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը:

Աղջիկների մրցապայքարում եզրափակիչ տուրից հետո ռուսաստանցի Վերա Նեբոլսինան 13 հնարավորից վաստակեց 10,0 միավոր եւ նվաճեց չեմպիոնուհու կոչումը: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակում 9,5-ական միավորով արծաթե եւ բրոնզե մեդալները բաժին հասան, համապատասխանաբար, Յոլանտա Զավադսկուն (Լեհաստան) եւ Սալոմե Մելիային (Վրաստան): Հայաստանի 11 մասնակիցներից լավագույն արդյունքը Աննա Հայրապետյանինն է, որը 7,0 միավորով բավարարվեց 21-րդ տեղով:

Տղաների պայքարում մրցանակակիրների եռյակը կազմեցին.

1. Ահմեդ Ադլի (Եգիպտոս) 10,0 միավոր

2. Իվան Պոպով (ՌԴ) 9,5

3. Հաո Վանգ (Չին.) 9,0

Մեր շախմատիստների առաջատարը՝ գրոսմայստեր Արման Փաշիկյանը 8,5 միավորով հանգրվանեց 6-րդ հորիզոնականում, իսկ միջազգային վարպետ Ավետիք Գրիգորյանը՝ 17-րդում (7,5 միավորով):

Աշխարհի առաջնության ավարտին մրցաշարի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Արմեն Նիկողոսյանն «Առավոտին» ասաց. «Աշխարհի առաջնությունն այս անգամ բավականին ուժեղ կազմ էր հավաքել: Տղաների մրցաշարին մասնակցում էին 15 գրոսմայստեր եւ 22 միջազգային վարպետ, իսկ աղջիկների պայքարում նրանց թիվը, համապատասխանաբար, 9 եւ 6 էր: Երեւանյան մրցաշարն այս անգամ առանձնացավ անակնկալներով: Նկատի ունեմ նախ եւ առաջ չեմպիոն հռչակվածներին: Օրինակ, Վերա Նեբոլսինան մեկնարկային ցուցակում վարկանիշով 6-րդն էր, իսկ Ահմեդ Ադլին՝ 21-րդը: Այնպես որ, նրանց համար չեմպիոն դառնալը մեծ հաջողություն է: Այն, որ մեր հանրապետության ներկայացուցիչներն այս անգամ մրցանակային տեղեր չզբաղեցրին, առաջին հայացքից կարող է որպես անհաջողություն գնահատվել: Բայց դրա փոխարեն Ավետիք Գրիգորյանն առաջին անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա (այդ կոչումն ստանալու համար նա եւս երկու անգամ պետք է այդպիսի նորմա լրացնի), Դավիթ Քալաշյանը եւ Տիգրան Մամիկոնյանը՝ միջազգային վարպետի, իսկ Աննա Հայրապետյանը՝ կանանց միջազգային վարպետի նորմա:

Իսկ, ընդհանրապես, Երեւանում աշխարհի առաջնության 18 մասնակիցներ տարբեր նորմաներ լրացրին: Ինչ վերաբերում է գրոսմայստեր Արման Փաշիկյանի գրաված 6-րդ տեղին, տեղեկացնեմ, որ մեկնարկային ցուցակում նրա անունը գրված էր 12-րդ հորիզոնականում: Հետեւաբար, Արմանի ցուցանիշը վարկանիշային առումով սպասվածից ավելի է: Այս փաստերն ու թվերը խոսում են այն մասին, որ շախմատը Հայաստանում ամուր հիմքերի վրա է եւ կայուն առաջընթաց ունի»:

Մերոնք՝ դրսից

Աշխարհի առաջնությանը տարբեր երկրներից մասնակցում էին վեց հայ շախմատիստներ: Աղջիկների մրցաշարում նրանք հինգն էին, իսկ տղաների մեջ՝ ընդամենը մեկը: Ներկայացնում ենք նրանց զբաղեցրած տեղերը, երկիրը եւ վաստակած միավորների քանակը:

Աղջիկներ

7. Դիանա Հարությունովա (Ուկրաինա) 8,5

27. Տաթեւ Աբրահամյան (ԱՄՆ) 6,5

29. Իրինա Գեւորգյան (Ուզբեկստան) 6,5

35. Տաթեւիկ Հայրապետյան (ՌԴ) 6,0

41. Մարինե Գրիգորյան (ՌԴ) 5,5

Տղաներ

72. Ալեքսի Տեր-Կարապետյան (Վրաս.) 5,0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել