Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ազդարարները» գտան տերերին

Հոկտեմբեր 18,2007 00:00

Իսկ ԺՄ նախագահ Աստղիկ Գեւորգյանը արժանացավ «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի» մեդալի

Ժուռնալիստների միությունում երեկ ամփոփվեցին Հայ մամուլի օրվան նվիրված 2007 թ. «Ազդարար» մրցանակաբաշխության արդյունքները: Դրանք հրապարակեց մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, անցյալ տարվա մրցանակակիր Վարդան Ալոյանը: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը հայտնեց, որ յուրաքանչյուր տարի «Ազդարարին» արժանանում է 5 հոգի՝ պարբերական մամուլից, հեռուստատեսությունից, ռադիոյից, մարզային մամուլից, մրցանակ է տրվում նաեւ մեկ լուսանկարչի: «Ազդարար» մրցանակին արժանացան. Մելանյա Բադալյանը՝ «Ազգ» թերթում մշակութային թեմաներով հրապարակումների համար, «Շողակաթ» հեռուստաընկերությունը՝ հոգեւոր-մշակութային արժեքների լավագույն պրոպագանդման համար, «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը (հետմահու), Հանրային ռադիոյի երաժշտական խմբագրության ծրագրավար Ալիս Քալանթարյանը՝ երաժշտական հաղորդումներում եթերային խոսքի բարձր կուլտուրայի համար, «Սեւան» թերթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանը եւ «Հայ զինվոր» թերթի լուսանկարիչ Հովհաննես Արմենակյանը՝ Արցախյան հերոսամարտի լուսանկարային տարեգրության համար:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ նշանակություն ունի այս մրցանակը Հ. Արմենակյանի համար. «Շատ անսպասելի էր, որ այսօր ինձ էլ են մրցանակ տալու: Չնայած ես իմ կյանքում շատ պատվոգրեր եմ ստացել, սակայն այս մեկը՝ «Ազդարարը», կարեւորում եմ ավելի, որովհետեւ Ժուռնալիստների միությունն է գնահատում երկար տարիների իմ աշխատանքը»: Նույն հարցին պատասխանեց նաեւ «Սեւան» թերթի գլխավոր խմբագիր Պապ Հայրապետյանը. «Ես 25 տարի զբաղվում եմ լրագրությամբ: Արժանացել եմ բազմաթիվ մրցանակների, սակայն ինձ համար ամենաթանկն ու նվիրականը «Ազդարարն» է, որովհետեւ այն կարծես իմ կատարած աշխատանքների ամփոփումը լինի: Բոլորն էլ գիտեն, թե ինչ պայմաններում ենք գոյատեւում: Ցավոք, այսօրվա մարզային մամուլը կախված է հազար ու մի չինովնիկից: Ես երբեք գրելիս չեմ մտածել, որ ինձ պետք է մրցանակ տան, ու միշտ սրտանց եմ աշխատել՝ առանց ակնկալիքների: Փորձում ենք մարզային մամուլն արթուն պահել, դուրս գալ չինովնիկական պատնեշներից: Ես շնորհակալ եմ, որ մարզային մամուլը եւս արժանացել է Ժուռնալիստների միության ուշադրությանը: Նմանատիպ մրցանակները մեզ ոգեւորում են ու ճանապարհ հարթում դեպի ազատ խոսք ու ազատ մամուլ»: Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը եւս պարգեւատրվեց: Նրան շնորհվեց «Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի» մեդալ: Նա եւս «Առավոտին» ասաց, որ ամենեւին չէր սպասում այդ մեդալին: «Շատ ուրախ եմ, որ իմ անձը, որը տվյալ պարագայում ոչինչ չի նշանակում՝ այսպիսի մեծության անունը կրող պարգեւին է արժանացել»,- ասաց ԺՄ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել