Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՀԱՑԻՆ ԵՐԳԻ» ՈՒ ՀԱՑԻ ԽՆԴՐԻ ԱՌԻԹՈՎ

Հոկտեմբեր 18,2007 00:00

Ճանաչված կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի 1984թ. ստեղծված «Հացին երգը» օրատորիայի ներկայացնելը ՀՀ պետական

մրցանակի՝ կոլեգաների շրջանում ասեկոսեների տեղիք է տվել:

Սեպտեմբերի 1-ը 2007թ. գրականության եւ արվեստի բնագավառում ՀՀ պետական մրցանակների համար աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն էր: Ինչպես նախորդ անգամ, այս տարի էլ մրցանակակիրը կստանա 2,5 մլն դրամ: Սովորաբար այս առիթով արվեստագետների շրջանում ընթանում են քննարկումներ, պտտվում ասեկոսեներ: Օրինակ, 2005թ. նման խոսակցությունների թիրախ էր դարձել Կոմպոզիտորների միության կողմից ներկայացված դիրիժորի՝ Զավեն Վարդանյանի թեկնածությունը: Այդ տարի կոմպոզիտորներ Հրաչյա Մելիքյանը, Ռուբեն Սարգսյանը եւ Ստեփան Բաբաթորոսյանը առաջ էին քաշել իրենց թեկնածությունը՝ ըստ 2005թ. ՀՀ պետական մրցանակի շնորհման կանոնակարգում ամրագրված նոր կետի, այն է՝ թեկնածու-ստեղծագործությունները կարող են ներկայացնել ոչ միայն ստեղծագործական միությունները, այլեւ անհատները: Ժամանակին «Առավոտը» (13.09.2005թ., 19.05.2005թ. եւ 29.05.2005թ.) իր հրապարակումներում անդրադարձել էր այս հարցին: Հիշեցնենք, որ 2005թ. ՀՀ պետական մրցանակը շնորհվեց կոմպոզիտոր Հրաչյա Մելիքյանին:

Տեւական ժամանակահատված է՝ ինչ կուլիսային խոսակցություններ են շրջանառվում դարձյալ Կոմպոզիտորների միության կողմից ներկայացված կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի անվան շուրջ, իբր նա իրավունք չունի պետական մրցանակի հավակնել մի ստեղծագործությամբ, որը գրվել եւ կատարվել է 1980-ականներին, մինչդեռ, սահմանված կարգի համաձայն, հեղինակը պետք է ներկայացնի վերջին 2 տարվա ընթացքում գրված երկ: Ներկայացված են նաեւ Հայկական երաժշտական համաժողովի կողմից (նախագահ՝ կոմպոզիտոր Լեւոն Չաուշյան) Ռուբեն Սարգսյանը եւ իր թեկնածությունն է առաջադրել կոմպոզիտոր Ստեփան Սուքիասյանը:

«Առավոտը» զրուցեց կոմպոզիտոր Մարտուն Իսրայելյանի հետ: Արվեստագետը չհերքեց, որ իր «Հացին երգը» օրատորիան դիրիժոր Վահագն Պապյանի ղեկավարությամբ կատարվել է 1984թ.՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ֆիլհարմոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ մենակատարների մեկնաբանմամբ. «Չեմ թաքցնի՝ ստեղծագործությունս առաջին կատարումից հետո ինձ չգոհացրեց: Դա եզակի դեպք է իմ ստեղծագործական կյանքում: Մեծակտավ գործը գրել եմ Դիլիջանում, Կոմպոզիտորների միության տանը, ընդամենը 3 ամսում: 1984-ից մեկ-երկու տարի հետո երկու մաս եւս ավելացրի: Անցած տարիներին, քանի որ ինձ շատ հոգեհարազատ է Դանիել Վարուժանի պոեզիան, անընդհատ պրպտել եմ ու քանիցս փոփոխության ենթարկել «Հացին երգի» սկզբնական պարտիտուրը: 2005-ին ամբողջական տեսքի եմ բերել, որից արդեն գոհ եմ: Ի դեպ, այս տարվա մայիսին Կոմպոզիտորների միության հերթական գարնանային համերգաշրջանում օրատորիան հնչեց դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Հանգիստ եմ տանում այն խոսակցությունները, որ պտտվում են անվանս շուրջ՝ օրատորիան մրցանակի ներկայացնելու առիթով: Հավանաբար՝ այն գործընկերներս են այդ մասին խոսում, ովքեր տեղյակ չեն այս ստեղծագործության պատմությանը: Ասեմ նաեւ, որ հանձնաժողովին ներկայացրել եմ օրատորիայի ինչպես հին, այնպես էլ նոր պարտիտուրները»:

Կապվեցինք նաեւ երաժշտարվեստի հանձնախմբի նախագահ, երաժշտագետ Արաքսի Սարյանի հետ: Նա հայտնեց, որ իր ղեկավարած 9 անդամից բաղկացած հանձնաժողովը գումարում է նիստեր եւ անցկացնում ներկայացված ստեղծագործությունների քննարկում. «Յուրաքանչյուր անդամ ելույթ է ունենում, իր խոսքն ասում ստեղծագործությունների մասին, ուրվագծում այս կամ այն արվեստագետ անհատի ստեղծագործական դիմանկարը: Վերջնական կարծիք տալիս է դարձյալ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ, այս անգամ՝ փակ քվեարկությամբ: Իմ՝ որպես նախագահի խնդիրն է, որպեսզի ընտրությունը տեղի ունենա ամենաբարձր չափորոշիչներով: Ինչ վերաբերում է Մարտուն Իսրայելյանի սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի եւ մենակատարների համար՝ Դանիել Վարուժանի հանրահայտ շարքի հիման վրա գրված «Հացին երգը» օրատորիային, անձամբ ես եմ խնդրել կոմպոզիտորին ներկայացնել երկի հին եւ նոր տարբերակները: Գումարել ենք երկու նիստ, հաջորդը կկայանա առաջիկա շաբաթ օրը: Հանձնախմբի անունից վստահեցնում եմ, որ բարձր մրցանակը բաժին կհասնի արժանի ստեղծագործողին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել