Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրիում տպարանն են փակում

Հոկտեմբեր 18,2007 00:00

Ըստ տեղի թերթերի խմբագիրների, տպարանի շենքին տիրացած ամերիկահայ Հովհաննես Օյումջյանը բարեգործություն է անում՝ իրենց հացը կտրելու, Գյումրին «թերթազրկելու» հաշվին:

Ինչպես նախկինում անդրադարձել ենք, մի քանի տարի է՝ ամերիկահայ բժիշկ Հովհաննես Օյումջյանի եւ Մհեր Մկրտչյան թիվ 47 հասցեում տեղակայված «Գյումրիի տպարան» ՓԲԸ-ի, ինչպես նաեւ այդ նույն շենքի 3-րդ ու 4-րդ հարկերում գտնվող 86-ամյա «Կումայրի» թերթի խմբագրակազմի միջեւ հեռակա վիճաբանություններ էին սկսվել քառահարկ կառույցի շուրջ: Սփյուռքահայ բարեգործը իր միջոցներով վերանորոգելով Գյումրիի թիվ 21 դպրոցը՝ որոշել էր տիրանալ նաեւ դպրոցին հարակից կառույցին, որի 1-ին եւ 2-րդ հարկերը երկրաշարժից անմիջապես հետո քաղխորհրդի գործկոմի որոշմամբ հատկացվել էին «Գյումրիի տպարան» ՓԲԸ-ին, իսկ 3-րդ եւ 4-րդ հարկերը՝ «Կումայրի» թերթին: Ըստ կառավարության 1997 թ. թիվ N 328 որոշման՝ «Գյումրիի տպարան» ՓԲԸ-ն սեփականաշնորհվել էր որպես գույքային համալիր: Ուղիղ մեկ տարի անց էլ Գյումրիի տպարանը ՀՀ այն ժամանակվա սեփականաշնորհման նախարարության հետ սեփականաշնորհման պայմանագիր էր կնքել, որի 3-րդ կետում հստակ նշվում է, որ Մհեր Մկրտչյան 47 հասցեի կառույցը պատկանում է տպարանին: Ինչպես «Առավոտին» դժգոհեց տպարանի տնօրեն Սոկրատ Էլբակյանը, շենքը 2004-ին անհայտ ճանապարհներով դառնում է Օյումջյանի դպրոցի սեփականությունը: Այդ պահից էլ սկսվում են Օյումջյանի հեռակա պահանջները շենքն անհապաղ ազատելու թեմայով: «Բարեգործը խուսափում է մեզ հետ հանդիպել, անընդմեջ միջնորդներ է ուղարկում, չնայած հազար անգամ խնդրել ենք մի անգամ գոնե Հայաստան գալիս հանդիպել մեզ հետ: Դուք գիտեք, որ սա Շիրակի մարզի միակ տպարանն է, որտեղ 7-8 անուն թերթեր են տպագրվում, գրքերի ու բուկլետների մասին էլ չենք խոսում: Օյումջյանը համառորեն ուզում է մեզ տեղահանել, փոխարենը ոչ մի կառույց չառաջարկելով: Մի անգամ իբրեւ թե շենք էին գտել, գնացինք տեսանք՝ ոչ կտուր ուներ, ոչ հատակ, պատերին խոնավությունից սունկ էր աճել: Չեմ հասկանում՝ բարեգործը չի՞ գիտակցում, որ տպարանի սարքավորումները թանկարժեք են ու նուրբ, աշխատում են հատուկ ջերմաստիճանի պայմաններում, տեղափոխելու դեպքում էլ հնարավոր է փչանան»,- ասում է Սոկրատ Էլբակյանը: Մի քանի օր առաջ դատական ակտերի հարկադիր կատարողները այդ նույն կառույցից տեղահանել են «Կումայրի» թերթի գույքը, սարքավորումները հանելու համար քանդել տպարանի երկու պատերը:

Տպարանի տնօրենի տեղեկացնելով, առայժմ հանել են 7-8 սարք, որոնք արդեն իսկ անպիտան են դարձել, ըստ նրա, եթե փորձեն ամբողջությամբ հանել՝ ստիպված են քառահարկ կառույցի վեց պատը քանդել: ԴԱՀԿ-ի գործողությունները մի քանի օր առաջ կասեցրել է ՀՀ տնտեսական դատարանը՝ բավարարելով «Գյումրիի տպարան» ՓԲԸ-ի միջնորդությունը ու դատական հարկադիր կատարողներին արգելել տպարանի ու «Կումայրի» թերթի շարժական գույքը այլ հասցե տեղափոխելը: Այդուհանդերձ, սա հարցի վերջնական լուծում չէ. տպարանի գլխին եկած պատմությունն էլ լրջորեն անհանգստացնում է տեղական թերթերի խմբագիրներին, որոնք վախենում են իրենց բիզնեսը կորցնելու մտքից: Ինչպես «Առավոտին» դժգոհեց «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսիա Մեխակյանը. «Բարեգործը խփում է հազարավոր գյումրեցիների բիզնեսին, վերջինս այնպես է անում, որ մենք միլիարդներ ծախսենք ու թերթը հրատարակելու համար Վանաձոր կան Երեւան հասնենք: Մի՞թե պարզ չէ, որ սա ազդում է թերթի ինքնարժեքի վրա: Օյումջյանն էդքան շատ է ուզում բարեգործություն անել, թող մեր քաղաքի համար մի տպարան կառուցի, անունն էլ Օյումջյան դնի: Գյումրին քի՞չ ընթերցող ունի, որ տպարան չունենա: Ուզում եմ հարցնել, թե շենքն ի՞նչ պետք է անի, եթե իր դպրոցի համար է՝ թող հանգստանա, էդ դպրոցում աշակերտություն չկա, քաղաքում ծնելիությունը նվազել է: Երեւի ուզում է ամեն հարկում մի աշակե՞րտ նստի»: «Հինգշաբթի» շաբաթաթերթի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ մեզ փոխանցեց, որ եթե նույնիսկ իրենք թերթ տպագրելու համար ամեն շաբաթ տասը հազար դրամ ծախսեն ու Վանաձոր հասնեն, միեւնույն է՝ ձմռանը սառցակալած ճանապարհների պատճառով հնարավոր չի լինի թերթը հրատարակել:

Իմիջիայլոց, մեր զրուցակիցներից դեռ ոչ մեկին հայտնի չէ, թե բարեգործ Օյումջյանը տպարանի շենքն ինչ է անելու՝ իր համար ապաստա՞ն է սարքելու, ճաշարա՞ն, թե՞ կազինո:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել