Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՃԱԿԱՏՈՎ

Հոկտեմբեր 18,2007 00:00

Լեւոն Տեր-Պետրոսյանի «ղարաբաղյան» գործունեությունը՝ ըստ հեղինակավոր գնահատականների

Հայաստանի Հանրապետության հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը Լեռնային Ղարաբաղ՝ շատերին անակնկալ թվաց: Անակնկալ թվաց հատկապես վերջին 10 տարիներին մոլեգնող այն քարոզչության ֆոնի վրա, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդհանրապես կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, կապ չունի այնտեղ մղված պատերազմի, հաղթանակների հետ: Այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը բաց ճակատով կարող է այցելել Լեռնային Ղարաբաղ, ապացուցում է մեկ բան, այն է՝ գոնե ղարաբաղցիները շատ լավ գիտեն, թե նա ինչ է արել իրենց համար եւ ում են գլխավորապես պարտական իրենց այսօրվա ազատ եւ ապահով վիճակի համար:

Այս տասնամյակում քանի՜- քանի մարդիկ են հիշատակվել, հերոսացվել ու մեծարվել (հաճախ՝ իրենք իրենց) Ղարաբաղյան շարժման, մղած պայքարի, պատերազմի, ճակատամարտերի, հաղթանակների համար, սակայն երբեք չի հիշատակվել Հանրապետության Առաջին նախագահի՝ այդ տարիներին ՀՀ Գլխավոր հրամանատարի անունը: Իսկ եթե երբեմն հիշատակվել է, ապա որպես ազատագրական այդ պատերազմի խոչընդոտ, մատուցվել է, թե իբր շատ բան արվել է նրանից գաղտնի, ի հեճուկս նրա կամքի, հակառակ նրա տված հրամանների ու հրահանգների: Բայց այս ամենը եղել է ընդամենը սեւ քարոզչություն, ցինիզմի անճարակ դրսեւորում: Չէ՞ որ այդ ամենից հարյուրավոր տարիներ չեն անցել, չէ՞ որ կան փաստեր ու փաստաթղթեր, եւ ամենակարեւորը՝ կա, ապրում է այն սերունդը, որի աչքի առջեւ ու մասնակցությամբ տեղի է ունեցել այդ ամենը: Ու եթե Լեռնային Ղարաբաղի սովորական բնակիչներն ավելի քիչ, ապա քաղաքական ու ռազմական գործիչներն ավելի շատ, ոմանք ամենայն մանրամասնությամբ են ծանոթ այն դերին, որ ունեցել է Լեւոն Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղի փրկության ու անվտանգության ապահովման գործում:

Համենայնդեպս, ժամանակին տրվել է նրա խաղացած այդ դերի ճշգրիտ գնահատականը հենց իրողություններին ամենածանոթ մարդկանց կողմից: Ահա, օրինակ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության պետական կոմիտեի, ապա՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականը. «Հայաստանի անկախության, հայկական նոր ժողովրդավարական պետության ստեղծման գործում Դուք ուժ ու եռանդ չեք խնայել՝ առաջնորդվելով հայ ժողովրդի այն ձգտումներով, որ Հայաստանը լինի ազատ ու տնտեսապես բարգավաճ երկիր: Արցախի երախտագետ ժողովուրդը երբեք չի մոռանա Ձեր անձնական ներդրումը մեր հերոսական գոյապայքարում: Մենք մեր թիկունքում միշտ զգացել ենք մայր Հայաստանի, Հայաստանի Հանրապետության իշխանությունների զորակցությունը»: Նույնպիսի գնահատական է տվել նաեւ Սերժ Սարգսյանը, որը, լինելով նախ՝ ԼՂ պաշտպանության նախարար, ապա նույն պաշտոնը վարելով Հայաստանում, քաջատեղյակ էր ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի դժվարագույն տարիների իրողություններին: Ահա նրա գնահատականը. «Վերջին տասնամյակում Ձեր անվան հետ են կապված մեր ազգային ոգեւորումները, մեր խիզախումները, մեր հավատը, մեր հուսաբեկումն ու հույսը։ Քաղաքական այս վայրիվերումներում Ձեր կեցվածքը եւ թափանցողականությունը բարդ խնդիրները հանգեցնում են ամենապարզ լուծումների: Դուք եք մեր պետության քաղաքական հավասարակշռության լծակը: Դուք միաժամանակ կրում եք Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահի պատիվը եւ լուծը: Դուք միաժամանակ եւ՛ վահան եք հակառակորդի դեմ, ե՛ւ թիրախ՝ նրանց համար: Ձեր շնորհիվ է, որ կանգնում են ազգային պետության հիմնասյուները»: Եվ բարձրագույն այս որակումները ոչ թե զուտ զգացում են կամ համատարած գիտակցություն, այլ ժամանակին հենց Լեռնային Ղարաբաղի ղեկավարների կողմից հրապարակայնորեն արտահայտված գնահատական Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին:

Այնպես որ, եթե ոմանք, նաեւ այս գնահատականների հեղինակները, մասամբ «մոռացել» են, ապա Արցախի իրոք երախտագետ ժողովուրդն այսօր էլ հաստատ ոչինչ չի մոռացել: Նա չի կարող մոռանալ, որ իր ազատությանն ու անվտանգությանը հասել է ոչ միայն սեփական հերոսության, այլ նաեւ Հայաստանի ժողովրդի ամենաջերմ ու անմնացորդ օգնության ու անձնազոհության շնորհիվ: Չի կարող մոռանալ, որ դրա համար Հայաստանը զրկել է իրեն, տվել հազարավոր զոհեր, զոհաբերել իր ժողովրդի բարեկեցությունն ու անվտանգությունը, նրան մատնել ցրտի ու խավարի, սահմանամերձ շրջանները ենթարկվել են հարձակման ու հաճախ գտնվել նույնպիսի պատերազմական վիճակում, երկիրը ենթարկվել է դաժան տնտեսական շրջափակման, տասնյակ անգամներ պայթեցվել են երկաթգծերը, գազամուղները եւ այլն: Նույն կերպ Արցախի երախտագետ ժողովուրդը չէր կարող մոռանալ Հայաստանի Առաջին նախագահի անձնական ներդրումը, ու նրա վրա չէին կարող ազդել այս տարիներին իրականացված սեւ քարոզչությունն ու անպատկառ մարդկանց կողմից տարածվող հերյուրանքները: Բնականաբար, իր վաստակի ու խաղացած դերի մասին շատ լավ գիտի նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ուստի կարող էր իր հրապարակային քաղաքական ակտիվացման հենց այս առաջին օրերին, իրոք բաց ճակատով, այցելել Լեռնային Ղարաբաղ: Եվ այդ այցը ոչ միայն քաղաքավարական, այլ նաեւ, կամ առաջին հերթին հենց նույն Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի հետագա ճակատագրի համար մտահոգության արտահայտություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել