Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեծ եկամուտներ՝ փոքր փոխհատուցում

Հոկտեմբեր 18,2007 00:00

Ըստ ՕԵԿ պատգամավորի, ACP ընկերությունը Թեղուտի հանքարդյունահանման արդյունքում, իր գրպանի համար, մեր բնությունն ապականելու է:

Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված՝ արդեն ոտքի են կանգնել քաղաքական գործիչները: Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսում ՕԵԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Գուրգեն Սարգսյանն իր մտահոգությունը հայտնեց այն մասին, որ ACP ընկերությունն այդ հանքն արդյունահանելիս հայրենի բնությունը կանապատացնի. «Թեղուտի հանքի շահագործումը լուրջ վտանգ է շրջակա միջավայրին: Այդտեղ ոչ միայն ուղղակի ծառեր են կտրվելու, այլ խոսքը այնպիսի ծառատեսակների մասին է, որոնք նույնիսկ Կարմիր գրքում են գրանցված, օրինակ՝ այնտեղ կան հատուկ տեսակի տանձենիներ, խնձորենիներ, հաճարենիներ ու ընկուզենիներ, որոնք հանքարդյունահանման արդյունքում կանհետանան»: Գ. Սարգսյանի ներկայացմամբ՝ վտանգի տակ են նաեւ այնպիսի կենդանատեսակներ, որոնք գրանցված են ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային Կարմիր գրքում: Ըստ պատգամավորի, Թեղուտի հանքի շահագործման պատճառով կվտանգվեն նաեւ չորս գետեր, փոխվելու է Թեղուտ գետի բնական հունը:

Թեղուտի հանքերի շահագործումը քննարկվել է նաեւ խորհրդային տարիներին, եւ այդ ժամանակ էլ ոլորտի պատասխանատուները դեմ են եղել: Հիմա, թեեւ հանքի շահագործման թույլտվությունը բնապահպանության նախարարությունում քննարկման փուլում է, սակայն տեղի բնակչությունն ու բնապահպանական հ/կ-ները կտրուկ դեմ են ու պատրաստ են հանքարդյունահանման աշխատանքներին ամեն կերպ խոչընդոտել:

Ասուլիսին մասնակցած ՕԵԿ խմբակցության տնտեսական փորձագետ Ռազմիկ Տերտերյանի խոսքերով՝ հանքի շահագործումը հակասում է ՀՀ անտառային օրենսդրությանը, քանի որ 30 տոկոս եւ ավելի թեքությամբ անտառային շերտերը համարվում են պաշտպանական եւ ենթակա չեն նույնիսկ սանիտարական հատման, իսկ ACP ընկերությունն անգամ իր նախագծում նշում է, որ այնտեղ կան 5-40 տոկոս թեքությամբ անտառային լանջեր: Զեկույցում ներկայացրած բնապահպանական վնասների հատուցման ծավալները, ըստ փորձագետի, բավարար չեն, որ վերականգնվի շրջակա միջավայրը. «Հանքի շահագործման առաջին փուլում՝ 15 տարվա ընթացքում, ACP-ն 2,5 մլրդ դոլար եկամուտ է ունենալու, որից 500 մլն է միայն տրամադրվելու ներդրումներ կատարելու, աշխատավարձերի ու փոխհատուցման համար, իսկ շահագործման երկրորդ փուլում այլեւս ներդրում չի կատարվելու, եկամուտն էլ կրկնապատկվելու է: Եթե 2.5-ից հանենք այդ 500 մլն-ը, կստացվի՝ իրենք ունենում են 2 մլրդ դոլար մաքուր շահույթ: Իրենք բնությունից 2 միլիարդ դոլար 15 տարում ուզում են գողանալ, բայց բնությանը վերադարձնել ընդամենը 7 միլիոն դոլար: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում»: Գուրգեն Սարգսյանի հավաստմամբ՝ «ACP-ն, ունենալով հսկայական շահույթներ, խոշոր հարկատուների ցուցակում հանքարդյունաբերող 4-5 ընկերությունների մեջ ընդամենը չորրորդն է, այն դեպքում, երբ Ագարակի եւ Զանգեզուրի կոմբինատները, որոնք շատ ավելի փոքր են եւ քիչ եկամուտ ունեն, ավելի շատ հարկ են վճարել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել