Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Վերջին կռիվը»

Հոկտեմբեր 18,2007 00:00

Այսպես է բնութագրում Ռուբեն Միրզախանյանը նախագահական ընտրությունները՝ ընդդիմության համար:

ՀՌԱԿ նախկին ատենապետ Ռուբեն Միրզախանյանը չի նյարդայնանում այդ կուսակցության շուրջ եւ նրա ներսում ընթացող զարգացումներից. «Ես շատ հանգիստ եմ նայում որեւէ անձի, քաղաքացու քաղաքական դեգերումներին»,- «Առավոտի» հետ զրույցում նա այսպես արձագանքեց Սամվել Բաբայանի եւ Ալբերտ Բազեյանի ռամկավար դառնալու ցանկություններին: Այսպիսով, սահմանափակելով ՀՌԱԿ-ական թեման՝ Ռ. Միրզախանյանը ներկայացրեց իր կարծիքը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ՝ արձանագրելով. «Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների նախաշեմի՝ նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանում ավելի ու ավելի է կարեւորվում արտաքին գործոնը: Այսօր ակնհայտ նշաններ չեն դրսեւորվում, բայց գերտերությունները չափազանց կարեւորում են Հայաստանի այս ընտրությունները՝ ելնելով աշխարհաքաղաքական իրավիճակից»: Ըստ այդմ՝ ո՞վ կլինի Հայաստանի հաջորդ նախագահը հարցի պատասխանը մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս փնտրել ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերություններում. «Կախված նրանից, թե ինչ փոխհարաբերություններ կունենան այդ երկրները մեր երկրում նախագահական ընտրությունների պահին, կարելի կլինի եզրահանգումներ անել: Այսօր այդ հարաբերությունները լավագույնը չեն: Հետխորհրդային էյֆորիան տեղի է տալիս, եւ ռուսական հասարակությունում արդեն լուրջ հակաամերիկյան տրամադրություններ են ձեւավորվում: ԱՄՆ-ում գնալով ընկնում է Բուշի եւ Սպիտակ տան վարկանիշը: Հետեւաբար, արտաքին քաղաքականության հարցերում ԱՄՆ-ի այս վարչակազմը ստիպված կլինի հասարակական կարծիքի հետ հաշվի նստել: Բայց, այս ամենով հանդերձ, տնտեսապես ԱՄՆ-ը մնում է ավելի հզոր»: ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի հարաբերությունների հետագա սրումը, ըստ Ռ. Միրզախանյանի՝ Հայաստանին ոչ մի լավ բան չեն խոստանում: Մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս նաեւ չխաբվել 106-րդ բանաձեւի քննարկումների ընթացքում Թուրքիայի՝ ԱՄՆ-ից «նեղացածությամբ», քանզի այդ երկիրը եղել է եւ կմնա ԱՄՆ-ի դաշնակիցը:

Ռ. Միրզախանյանի համոզմամբ, անկախ Սահմանադրությամբ ամրագրված նորմերից, Հայաստանի համար նախագահի ինստիտուտը միշտ էլ վճռորոշ դեր է կատարելու, ուստի. «Այսօր այն խմբերը եւ ուժերը, որոնք որդեգրել են կամ իրականում ունեն ընդդիմադիր կեցվածք՝ սա իրենց համար լուրջ կռիվ է, չէի ուզենա անվանել վերջին կամ նախավերջին, բայց…»: Նկատի ունեք Հայոց համազգային շարժո՞ւմը՝ հարցի պատասխանը եղավ. «Ոչ միայն: Կան սկզբունքային տարաձայնություններ ունեցող այլ անձինք եւս, ում համար անձնական ողբերգություն է, եթե Հայաստանում տեղի ունենա իշխանության շարունակականություն: Կան ամբիցիաներ՝ քաղաքական կամ իրենց այդպիսին համարող մարդկանց: Կա տասը տարվա լռություն. ես նկատի չունեմ մեծ համրին, այլ շրջապատը. մարդիկ տեսել են քաղցրությունը: Կան մարդիկ, որ սերվում են ընտանիքներից, որոնք Հայաստանում ամենառեալ իշխանության կրողներն են եղել: Ես հասկանում եմ, թե դա ինչքան քաղցր է, մանավանդ որ՝ հաճախ ընտանիքի անդամներն այդ քաղցրությունը ավելի են զգում, քան իրենք՝ կրողները: Այնպես որ՝ ըմբռնելի է: Ցավոք, մեզանում ընդդիմության որոշ խմբեր ռեւանշիստներ են: Իշխանությունը ետ բերել՝ ցանկացած գնով»: Նորից ՀՀՇ-ի՞ն նկատի ունեք՝ հարցին պատասխան հնչեց. «Ինչպես ուզում եք՝ հասկացեք: Ես նկատի ունեմ այն երեւույթները, հայտարարությունները, որոնք առաջ էլ էին հնչում, հիմա ավելի ուժգնացել են: Մեզանից շատ ավելի ժողովրդավարական երկրներում բնական է, որ նախկինում իշխանության եղած կուսակցությունը նորից է հավակնում, բայց արդեն նոր դեմքերով»: Արամ Սարգսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը երբեւէ եղե՞լ են Տեր-Պետրոսյանի կողքին՝ «Առավոտի» հարցին Ռ. Միրզախանյանը պատասխանեց. «Դե, թող կանգնեն՝ կտեսնենք, հետաքրքրական է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել