Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ԻՆ ՍԿՍՈՒՄ ԵՆ ՀԻՇԵՑՆԵԼ

Հոկտեմբեր 18,2007 00:00

«Դրո» կառույցն անջատեցին Դաշնակցությունից, իսկ մենք, ցավոք, լռությամբ այդ ամենը վերցրեցինք մեզ վրա»,- հայտարարել է Արմեն Մնջոյանը:

Փաստորեն, իրականացավ այն լրագրողների կանխատեսումը, որոնք ՀՅԴ Հայաստանի կազմակերպության Գերագույն ժողովից հետո, երբ Դաշնակցությունը որոշեց նախագահի ընտրությանը մասնակցել սեփական թեկնածուով, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին «Ուրբաթ» ակումբում ասել էին, թե մրցակիցներն իրենց կարող են հիշեցնել Դաշնակցության անցյալը՝ «Դրո» խմբի գործ եւ այլն: Արմեն Ռուստամյանն էլ պատասխանել էր. «Թող հիշեն, մենք էլ հիշելու շատ բաներ կունենանք»:

… «Դրո» ահաբեկչական խմբի գործով ցմահ ազատազրկման դատապարտված, ՀՅԴ-ից հեռացված Արսեն Արծրունին եւ Արմեն Մնջոյանն այս գործի հանգամանքների շուրջ ցուցմունքներ չէին տվել ո՛չ դատավարության ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո: Ավելի ստույգ՝ Արսեն Արծրունին ընդհանրապես ցուցմունք չտվեց, իսկ հետո էլ իր հարցազրույցներում չէր անդրադառնում իրեն առաջադրված մեղադրանքներին: Իսկ Արմեն Մնջոյանը միշտ քաղաքական վերլուծությունների փորձեր է արել, մեղադրանքներ հղել իր նախկին կուսակցական առաջնորդներին, սակայն դարձյալ չէր խոսել «Դրո» խմբի էության մասին: Այս առումով առնվազն զարմանալի էր օրերս «Իսկական իրավունքում» ընթերցել այս երկու դատապարտյալների հարցազրույցը: Այստեղ Արսեն Արծրունին առաջին անգամ հանձն էր առել իրենց կատարած սպանությունը՝ նշելով. «Ափսոսում եմ այն մեկ հոգու համար, որին սպանել եմ: Թեպետ ժամանակն այնպիսին չէր, որ մարդիկ իմանային, թե ում հետ եւ ինչպես վարվել: Շատ էին սպանությունները… Հիմա, եթե մեկը այնպիսի բաներ անի, ինչ որ ես եմ արել, առաջինը ես կդատապարտեմ: Ժողովրդավարություն չկար, անարխիա էր տիրում: Մեկը մյուսին լոմով խփում, սպանում էր»: Եվ հարցին էլ, թե ինքն իրեն քաղբանտարկյալ համարո՞ւմ է՝ պատասխանել էր. «Ես ինչ արել եմ, գաղափարական պայքարի շրջանակներում է եղել»:

Իսկ Մնջոյանն ասել էր, թե 1994-95թթ. ձերբակալություններից հետո ՀՅԴ-ն «նախկին իշխանության հետ գնաց փոխզիջումային տարբերակի: Օսլոյում տեղի ունեցան հանդիպումներ, որտեղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն որոշվեց, որ ներկայացված մեղադրանքները որոշ մարդիկ պետք է հանձն առնեին, եւ այդ մարդիկ եղան Արսեն Արծրունին, Արմեն Մնջոյանը եւ այլք: Փաստորեն, «Դրո» կառույցն անջատեցին Դաշնակցությունից, իսկ մենք, ցավոք, լռությամբ այդ ամենը վերցրեցինք մեզ վրա: Համոզված եմ, որ եթե հիմա լիներ, նման բան տեղի չէր ունենա»:

Թեեւ «Դրո» խմբի անդամներին մեղադրում էին 3 հոգու սպանության մեջ, Մնջոյանն այս հարցազրույցում հանձն է առել միայն մեկի՝ դաշնակցական Գագիկ Սահակյանի սպանությունը, փորձելով արդարանալ. «Նա իրագործել էր Հայաստանի ՊԱԿ-ի նախկին նախագահ Մարիուս Յուզբաշյանի, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի եւ այլ սպանություններ: Շարքը կարող էր շարունակվել, քանի որ պատվերի ցուցակ գոյություն ուներ: Ըստ էության, մեր կատարած սպանությունը կասեցրել էր գործակալի կատարելիք մի շարք սպանություններ»: Նաեւ նշել է, թե իրենց էին մեղադրում Յուզբաշյանի սպանության մեջ: Թեեւ որքան մեզ ծանոթ են գործի նյութերը՝ «Դրո» խմբին երբեք չեն մեղադրել Յուզբաշյանի սպանության համար:

«Դրո» խմբի գործով դատապարտվել է այժմ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվաքաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը, որի վերաբերյալ դատարանը հաստատված համարեց այն մեղադրանքը, թե նա իմացել ու չի հայտնել պետական հանցագործության մասին: Երբ փորձեցինք նրա կարծիքը պարզել մասնավորապես Մնջոյանի այն պնդման մասին, թե «Դրո» կառույցն անջատեցին Դաշնակցությունից, իսկ իրենք լռությամբ այդ ամենը վերցրին իրենց վրա՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Կարելի է շա՜տ հերոսական կեցվածք ունենալ 1996 թվականին: Եվ կարելի է մեկ այլ կերպ հերոսական կեցվածք ունենալ 2007-ին: Բայց որեւէ մեկնաբանություն չունեմ: Ընդհանրապես, այդ գործով հայտարարությունները եւ այն ամենը, ինչ փորձ է արվել ներկայացնել հանուն ճշմարտության՝ իրականում տեղի է ունեցել մոտ 10 տարի առաջ, ավելի որոշակի՝ մինչեւ 1996-ի դեկտեմբերի 10-ը (այդ օրը հրապարակվեց «Դրո»-ի գործով դատավճիռը.- Ա. Ի.): Եվ անգամ այն ժամանակվա իշխանությունների օրոք գործող Հայաստանի բարձրագույն դատական ատյանները փաստեցին մի բան՝ «Դրո» կառույցը… ուրիշ հարց՝ եղե՞լ է, չի՞ եղել, բայց կապ չունի՛ ՀՅԴ-ի հետ, եւ այդ ամենի հետ կապ չունեն ՀՅԴ ղեկավարները: Մնացածն ամեն մեկի սահմանադրական իրավունքն է՝ անել հայտարարություններ ու մեկնաբանություններ»:

Մեր հարցին՝ պատահակա՞ն է, որ հենց այժմ որոշեց խոսել Արսեն Արծրունին, արդյոք որոշակի երրորդ ուժերի դրդմա՞մբ չեն արվել այդ բացահայտումները՝ Գեղամ Մանուկյանն այսպես արձագանքեց. «Դո՛ւք ասացիք»:

ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը մեր հարցին, թե պատահակա՞ն է համարում, որ հենց նախագահական ընտրություններից առաջ են սկսել նման բացահայտումներ անել «Դրո» գործի շուրջ՝ պատասխանեց. «Արսեն Արծրունու ասածներում բացահայտում չկար: Կարող է Արսենը միշտ հավատացած լինի, թե ինքն ինչ-որ գաղափարի համար է արել, բայց չի` ասել, թե ինքը Դաշնակցության գաղափարների համար է արել»: Մեր հիշեցմանը, որ Արծրունին այնուամենայնիվ դաշնակցական էր՝ Կիրո Մանոյանն այսպես արձագանքեց. «Չեմ ասում՝ դաշնակցական չէր: Բայց երբ ասում է՝ գաղափարական էր մեր արածը, չի պնդում, թե Դաշնակցության հետ առնչվում էր: Եվ հիմնական խնդիրն այդտեղ է»:

Իսկ Արմեն Մնջոյանի պնդումների առնչությամբ ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն նշեց. «Նրա ասածների մեջ բավական խառնիխուռն բաներ կան՝ ինչպես միշտ եղել է ձերբակալությունից հետո իր հոդվածներում՝ թվականներն է իրար խառնել, թե երբ է փակվել մեր կուսակցությունը, երբ են եղել ձերբակալությունները եւ այլն: Եվ չեմ զարմանա, եթե ինչ-որ մեկը փորձում է նախընտրական այս ժամանակաշրջանում նաեւ այս հարցը օգտագործել կամ չարաշահել: Չեմ կարող ասել, թե դա անպայման արել է հենց այս մարդը կամ քաղաքական ուժը: Կարող է ինչ-որ անհատ ծառայամիտ մոտեցմամբ կարծել է, թե ինքը լավ բան է անում իր պաշտպանած մարդուն՝ իրականության մեջ «արջի ծառայություն» մատուցելով, ու այս բաներն է մեջտեղ գցել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել