Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ ԾԱՆՐԱՁՈՂԻՆ

Հոկտեմբեր 18,2007 00:00

2008թ. ընտրություններից առաջ դարձյալ փորձում են փակել լրատվամիջոցների բերանը

Երեկ հայաստանյան թերթերից մեկն արդեն գրել է, որ հայրենի իշխանությունները որոշել են 2008թ.-ին սպասվող նախագահական ընտրություններից առաջ առավելագույնս վերահսկողության տակ առնել զանգվածային լրատվամիջոցները: Այդպես եղել է ե՛ւ նախորդ ընտրություններից առաջ, ե՛ւ դրանց ընթացքում, այդպես է նաեւ այսօր: Եվ հնչեցված այն ահազանգը, թե հանրապետության նախագահի նստավայրում որոշվել է արդեն իսկ վերահսկվող հեռուստաընկերությունների եթերներում ընտրություններից առաջ առավել խստիվ արգելել «անցանկալի» քաղաքական գործիչների մուտքը, նաեւ կասեցնել գործող ամենատարբեր տրամաչափի ու ձեւաչափի մամուլի ակումբների գործունեությունը՝ այլեւս փաստ է: Հայաստանում գործում են մամուլի մի քանի եւ քաղաքական գործիչների հետ տարբեր ձեւաչափերով ասուլիսներ հրավիրող ակումբներ՝ «Հայելի», «Փաստարկ» , «Ուրբաթ», «Տեսակետ», «Մամուլի ազգային ակումբ» եւ այլն:

Այս ակումբների մի մասի գործունեությունը ֆինանսավորում են մարդիկ, ովքեր իրենց ընկերություններն ու դրանց արտադրանքը ամեն օր գովազդում են այն նույն հեռուստաընկերությունների միջոցներով, որոնք հիմա փաստացի բոյկոտում են հիշյալ ակումբների գործունեությունը: Հրամայական պահանջ դնել՝ փակել այդ ակումբները, ՀՀ նախագահականը, իհարկե, կարող է առաջադրել սույն գործարարներին կամ քաղաքական գործիչներին, բայց դա ընտրություններից առաջ մի քիչ քաղաքակիրթ չի լինի: Ուստի՝ որոշում է կայացվել ակումբները փակելու փոխարեն հեռուստաընկերություններին արգելել լուսաբանել այնտեղ հյուրընկալվող ու մասնավորապես Սերժ Սարգսյանին եւ նրա՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու հարթ ճանապարհը խոչընդոտող քաղաքական այլ ուժերի ու հատկապես ընդդիմադիր գործիչների ասուլիսները: Այն, որ նման միտում կա, փաստում են հե՛նց այդ ակումբների բաժնետերերն ու ասուլիսներ վարողները: «Ուրբաթ» ակումբի բաժնետերերից մեկը՝ Թաթուլ Հակոբյանը, երեկ մեր զրույցի ժամանակ հորդորեց դատողություններում հեռու չգնալ՝ հույս հայտնելով, թե այն փաստը, որ այս երկուշաբթի օրվանից՝ հոկտեմբերի 15-ից, մամուլի ակումբներում ոչ մի հեռուստաընկերության տեսախցիկ կամ լրագրող չկա, օրինաչափություն եւ միտումնավոր չէ: Այդուամենայնիվ, Թ. Հակոբյանն ասաց, որ եթե ակումբները փակելու մասին մամուլում հայտնված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա ինքը ցավում է դրա համար:

Փաստ է, սակայն, որ այս ակումբում երկուշաբթի օրը հյուրընկալված ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանի ասուլիսի ժամանակ որեւէ հեռուստաընկերության տեսախցիկ չի եղել: Երեկ էլ այս ակումբում ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի ասուլիսին ոչ մի հեռուստաընկերության տեսախցիկ չի աշխատել: Բացառություն է կազմել միայն «Երկիր-մեդիան»՝ հասկանալի պատճառներով:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնավորապես «Հայելի» ակումբի ներկայացուցիչներին դեռ մեկ շաբաթ առաջ է զգուշացվել իշխանությունների կողմից նման որոշում ընդունելու մասին, բայց նաեւ ասվել է, թե դա կտեւի ընդամենը երկու շաբաթ: Զավեշտականն այն է, որ, չգիտես ինչու, ՀՀ նախագահականում ընդդիմադիր գործիչների հետ միասին արգելքի տակ է հայտնվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունը: «Առավոտը» դեռ մի քանի շաբաթ առաջ էր տեղեկություն ստացել, թե նախկին վարչապետի մասին որեւէ հիշատակումը «թիվի»-ներով տաբու է: Մենք չէինք հավատում դրան, քանի դեռ երկուշաբթի օրը չեկավ: Իսկ այդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, «Հայելի» ակումբում հերթական մրցանակաբաշխություն էր կազմակերպվել, որի ժամանակ ակումբի «Ամենացանկալի եւ սպասված հյուր» մրցանակը շնորհվել էր նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, իսկ մրցանակներից մեկն էլ՝ «Ամենաինտելեկտուալ բանավիճող», ավելի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Մեր աղբյուրների ասելով, այդ օրը ՀՀ նախագահականից Հանրային հեռուստաընկերությանը հրահանգ էր իջեցվել այդ արարողությունը եթեր չհեռարձակել, իսկ լրագրողները ետ էին կանչվել:

Հեռուստաընկերությունների կողմից «ակումբները» բոյկոտելու միտումն ակնհայտ է նաեւ «Փաստարկի» դեպքում:

Ավելին, մեր տեղեկություններով, ուժեղ ճնշումների են ենթարկվում նաեւ մարզային հեռուստաընկերությունները: Այնտեղ ամենատարբեր մակարդակներով՝ մարզպետ, քաղաքապետ, Անվտանգության ծառայության մանր-մունր կամ խոշոր սպաներ, ՀՀ նախագահական նստավայրի չինովնիկներ, սպառնում են հեռուստաընկերությունների ղեկավարներին «իրավիճակը չապակայունացնելու» համար եթեր չտրամադրել ընդդիմադիր գործիչներին, այդ թվում՝ չհեռարձակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթի նույնիսկ առանձին հատվածներ: Մի խոսքով՝ սկսել ա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել