Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հեռուստամարաթոնի փողը տանք Քոչարյանին՝ բիզնես անի»

Հոկտեմբեր 17,2007 00:00

Առաջարկում էին կուսակցությունների երիտասարդական թեւերի ներկայացուցիչները, պայմանով, որ ներկայիս նախագահը ձեռք քաշի պաշտոնից:

«Մարիոթ Արմենիա» հյուրանոցում երեկ կազմակերպված քննարկումը նվիրված էր 1991թ. հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական ընտրություններին: Մասնակցում էին «Այլընտրանք» հասարակական քաղաքական նախաձեռնությունը, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միությունը, ՀՀՇ, «Հանրապետություն» կուսակցությունների երիտասարդական թեւերը, «Երիտասարդ պահպանողականներ» հ/կ-ն եւ այլք: Երիտասարդները նշում էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրության օրը: Շատերի համոզմամբ, 1991 թ. նախագահի ընտրության արդյունքում ժողովուրդը դարձել էր ժողովրդավար, Հայաստանում չէին ոտնահարվում մարդկանց իրավունքները, պաշտպանված էր յուրաքանչյուր հայաստանցու սեփականությունը, սակայն այս ամենը՝ մինչեւ 1998 թ. հեղաշրջումը:

Երիտասարդ հնչակ Նարեկ Գալստյանը երեկ «Առավոտին» ասաց, որ այս օրը նշանակալից է ոչ թե նրա համար, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ընտրվել, այլ Հայաստանում նախագահական ինստիտուտն էր կայացել: Նա նաեւ նշեց, որ իրենք քննարկման վերջում կընդունեն մի բանաձեւ, որն էլ կհավաստի երիտասարդների հավատարմությունը՝ Երրորդ Հանրապետության հիմնարար արժեքների նկատմամբ: ՀՀՇ երիտասարդական թեւի նախագահ Կարեն Կարապետյանն «Առավոտի» այն հարցին, թե ո՞րն է քննարկման նպատակը եւ ի՞նչ օգուտ կտա այն, պատասխանեց. «17 տարի առաջ այս օրը հիմք դրվեց նախագահական ընտրությանը: Քննարկման հիմնական նպատակն այն է, որ մարդկանց գիտակցության մեջ, ինչպես Անկախության, այնպես էլ այս օրը ամրագրվի, որովհետեւ վերջինս խորհրդանշական է: Մենք քննարկման ենք հրավիրել գրեթե բոլոր կուսակցությունների երիտասարդական թեւերին, բացառությամբ՝ «Հանրապետականի» ու «Բարգավաճ Հայաստանի»: Հարցին՝ ինչո՞ւ են բացառել երիտասարդ ՀՀԿ-ականների ու ԲՀԿ-ականների մասնակցությունը, Կ. Կարապետյանը շեշտեց. «Ուրիշները կերտում են պետականություն ու արժեքներ, նրանք փորձում են այն տրոհել ու քանդել: Կոնկրետ Սերժ Սարգսյանը արժեզրկում է այն հիմնարար արժեքները, որոնք կերտվել են այս տարիներին»:

Կարեն Կարապետյանը իր ելույթում նաեւ նշեց, որ 1998 թ. ներկայիս իշխանությունները՝ Ղարաբաղյան հիմնահարցը օգտագործելով իբրեւ պատրվակ, կատարեցին հեղաշրջում. «Ղարաբաղյան հիմնահարցը, որը նրանք փայլուն ձեւով շահարկել էին, մտավ փակուղի: Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից: Երկրի ներսում իշխող դարձավ անպատժելիության ու վախի մթնոլորտը: Ցինիզմն ու գռեհկությունը դարձան այն աստիճան տիրապետող, որ ներկայիս նախագահը ունակ է հեռուստաէկրանի առջեւ կլիզմաների վերաբերյալ պատմություններ պատմել, իսկ գործող վարչապետը լրագրողների հարցերին գռեհիկ անեկդոտներով պատասխանել»:

«Այլընտրանք» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ Մանուկ Սուքիասյանն էլ երեկ հայտնեց. «Ընդունված է կարծել, թե նախագահը պետք է լինի բարձր բարոյականության ու բարեկրթության էտալոն՝ զերծ կարգազանցություններից, զեխությունից, մոլուցքից ու պաշտոնեական դիրքն ի չարս օգտագործելու գայթակղությունից, սակայն անգամ 10 տարվա պաշտոնավարումից հետո հայոց լեզվի տարրական տիրապետումից կիլոմետրերով հեռու, բուրանացավով տառապող, տուրնիկի վրա օյինբազություններ անող մի նախկին պարտկոմ, որը ստացել է ՀՀ նախագահի բարձր պաշտոնը, հիմա փարիսեցիաբար հայտարարում է՝ եթե փող ունենար՝ Հայաստանում ներդրումներ կաներ: Նոյեմբերին կայանալու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Ես առաջարկում եմ՝ հավաքված գումարը տանք Քոչարյանին, գնա բիզնեսով զբաղվի, մենակ թե անվերադարձ հեռու մնա նախագահի բարձր պաշտոնից»: Իսկ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն էլ տեղից ասաց. «Ինքը ձրի էլ կգնա»:

«Այլընտրանքի» անդամ Մ. Սուքիասյանի համոզմամբ, «3-րդ նախագահը չպետք է լինի նախկին ոլորտներում տապալված, խաղատներում միլիոններ քամուն տվող մեկը, չպետք է ունենա մենաշնորհային ոլորտներ ունեցող եւ միլիոնները երկրից հանող եղբայր, չպետք է լինի կրիմինալով շրջապատված եւ չունենա կոռումպացված չինովնիկներով առօրյա»: Ն. Գալստյանն էլ երեկ հանդես եկավ առաջարկությամբ. «Ռ. Քոչարյանին ոչ թե պետք է կոչել նախագահ, այլ գեներալ- գուբերնատոր, որովհետեւ կատարում է միայն Մոսկվայի հրամանները՝ չմտածելով ՀՀ քաղաքացիների մասին: Հուսանք, որ փետրվարի նախագահական ընտրությունները կբերեն նրան, որ սրանք վերջնականապես կհեռանան: Թող գնան կազինոներում խաղան, բիզնեսով զբաղվեն, միայն թե Հայաստանից հեռու մնան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել