Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԱՀՈՂԸ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՆ Է

Հոկտեմբեր 17,2007 00:00

\"\"«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն «Առավոտի» հետ զրույցում
կարծիք հայտնեց,

որ ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեի անդամների որոշումից՝ հավանություն տալ հայերի ցեղասպանության ճանաչման 106 բանաձեւին, շահել են առաջին հերթին ԱՄՆ-ն եւ Ամերիկայի ժողովուրդը:

«Ազգային միաբանություն» կուսակցության նախագահին խնդրեցինք մեկնաբանել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի կողմից 106 բանաձեւին հավանություն տալուց հետո հայաստանյան արձագանքները: Արտաշես Գեղամյանը նկատեց, որ հայաստանյան արձագանքներն ամենեւին էլ համարժեք չէին կատարվածին, եւ ահա թե ինչու. «Կարծես թե մի չար ճակատագիր է հետապնդում մեր ժողովրդին: Մարտավարական կամ բարոյական հաղթանակներ կրելով, ավա՜ղ, մենք միաժամանակ մեր արձագանքներով ռազմավարական լուրջ սխալների հիմքեր ենք դնում: Համոզված եմ, որ բանաձեւի ընդունման փաստով այս օրերին ողջ ազգս ներքին գոհունակության զգացում է ապրում, որ բոլորիս համար այս ցավոտ եւ պատվախնդիր հարցում վերջապես արդարություն հաստատվեց նաեւ ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան Կոմիտեում: Եվ հիմա միայն ծույլերն են, որ չեն խոսում տարած բարոյական հաղթանակի մասին: Մինչդեռ, շատ ավելի ճիշտ կլիներ խորհել, թե Հայոց պետականության գերակա խնդիրները կատարվածից ինչպիսի՞ վարքագիծ որդեգրել են մեզ թելադրում: Արդյո՞ք արդարացված է, որ ոմանք ոգեւորվում են այն աստիճան, որ փորձում են հավանության արժանացած բանաձեւը ներկայացնել իբրեւ 75 միլիոնանոց թուրքական պետության պարտություն: Ի՞նչ, դրանով մենք մեր Հայ դատի սրբազան գործի՞ն ենք օգնում: Իհարկե, ոչ: Իսկ ինչո՞ւ չենք մտածում, որ զգացմունքային, չկշռադատված գնահատականներով Թուրքիայի իշխանությունների համար ստեղծում ենք նպաստավոր պայմաններ՝ ապավինելու ԱՄՆ-ի ներողամտությանը եւ ծավալելու սանձարձակ գործողություններ այլ ոլորտներում, այլ երկրների նկատմամբ: Կարծում եմ, ճիշտ կլինի, որ մերօրյա մտքի ինքնահավան տիտաններն ավելի շատ կենտրոնանան այլ ուղղություններով. դիցուք, շահագրգիռ քննարկումներ սկսել, թե ի՞նչ տվեց բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ին, նրա ժողովրդին: Համոզված կարող եմ ասել, որ միջազգային հանրության կողմից առավել բարձր գնահատականների կարժանանան հենց ամերիկացիները, ի դեմս նրանց ներկայացուցչական մարմնի՝ Կոնգրեսի: Բանաձեւին հավանություն տալը աշխարհին վերստին համոզեց, որ ԱՄՆ-ը, նախ, իրապես, ժողովրդավարական երկրների շարքում այսօր էլ փարոս է, որտեղ գործնականում ապահովված է Սահմանադրությամբ նախատեսված իշխանության տարբեր թեւերի ազատ եւ անկախ գործելու իրավունքը: Երկրորդ, քննարկումները եւ ընդունված որոշումը կրկին աշխարհին համոզեցին, որ կոնգրեսականները գիտակցում են սեփական երկրի հզորությունը, ինչն էլ հնարավորություն է ընձեռում գործել խղճի մտոք, անգամ իսկ հակառակ տվյալ պահին երկրի համար ավելի կարեւոր թվացող շահերի: Երրորդ, ակնհայտ դարձավ, որ անպտուղ է ԱՄՆ-ի նման երկրի հետ խոսել շանտաժի լեզվով: Պակաս կարեւոր չեմ համարում նաեւ այն, որ ընդունված որոշումը ամերիկյան վարչակազմին հնարավորություն կտա ավելի համոզիչ պնդելու, որ Իրաքում, իսկապես, նրանք առաջնորդվել են ժողովրդավարություն հաստատելու վեհ գաղափարով: Ըստ որում, նրանք մերժում են ժողովրդավարության հաստատումը ամեն գնով: Անգամ իսկ, եթե այդ քայլով նրանք ստիպված են «նեղացնել» Իրաքում իրենց ամենասերտ դաշնակից Թուրքիային՝ մերժելով Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրանց կողմից պարտադրվող ոչ ժողովրդավարական մոտեցումների կիրառումը: Չորրորդ, ընդունված որոշմամբ, ասես թե, հիմնավորեցին դեռ երկու-երեք տարի առաջ Ջորջ Բուշի կողմից հայտարարված ժողովրդավարական Մեծ Մերձավոր Արեւելք ձեւավորելու գաղափարին հավատարիմ լինելու վճռականությունը: Հինգերորդ, որքան էլ տարօրինակ հնչի, ընդունված բանաձեւը վերահաստատեց ԱՄՆ Հանրապետական կուսակցության նորագույն պատմության մեջ, թերեւս, ամենահեղինակավոր նախագահ Ռոնալդ Ռեյգանի կառավարման փիլիսոփայության հիմնարար թեզը, որով նա հանդես էր եկել ԱՄՆ նախագահ դառնալու առիթով ունեցած ինագուրացիոն հանդիսությունների ժամանակ: Ռոնալդ Ռեյգանն ասել էր, որ Հանրապետական կուսակցության հաղթանակի արդյունքում ԱՄՆ-ում տեղի է ունեցել արժեքների նոր վերաիմաստավորում, երբ առանձին մարդու ազատությունն ու արժանապատվությունը վեր են դասվում պետության շահից: Ահա այս հարցն էր Ռեյգանի որդեգրած կառավարման փիլիսոփայության հիմնաքարը եւ դրա պատասխանում էր նա տեսնում հանրապետականների ու այլոց միջեւ եղած սկզբունքային տարբերությունը: Փիլիսոփայական հենց այս տեսակետն էր, որ Կոնգրեսում քննություն բռնեց: Իսկ հետաքրքրականն էլ այն էր, որ դրա կենսունակությունը քննության ենթարկեց Բուշի Հանրապետական վարչակազմը: Եվ, վերջապես, ընդունված որոշումը թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Եվրամիության անդամ երկրների համար ավելի պարզ կդարձնի, թե որքանով է այսօրվա Թուրքիան ժողովրդավար եւ արդյո՞ք պատրաստ է անդամակցելու Եվրամիությանը:

Ահա այս ամենի գիտակցումով մենք, այո, պետք է մեր շնորհակալական խոսքն ուղղենք ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին գործերի Կոմիտեի անդամներին, հայտնենք մեր գոհունակությունը, նշենք, որ կոնգրեսականները նախեւառաջ բարձր պահեցին սեփական երկրի պատիվը, դատապարտելով Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած հայերի ցեղասպանության փաստը: Կարծում եմ, այսպիսի ուղղվածություն պետք է ունենան մեր արձագանքները, առավել եւս ԱՄՆ-ի Կոնգրեսի լիագումար նիստից առաջ»,- ահա սա էր վերջին օրերին այնքան աղմուկ բարձրացրած հարցի կապակցությամբ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի տեսակետը, որը նա խնդրեց ներկայացնել առանց խմբագրական միջամտության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել