Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՆԹԱԿԱ ՉԷԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ

Հոկտեմբեր 17,2007 00:00

\"\"Զինդատախազությունը խախտումներ է հայտնաբերել

Հոկտեմբերի 3-ին ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ քննության էին դրվել այս տարվա գարնանային զորակոչի արդյունքները, արձանագրված խախտումները: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Արմեն Խաչատուրյանը բացահայտված խախտումների վերաբերյալ հանդես է եկել զեկուցումով: Կոլեգիայի նիստը, որն անցել է առանց լրատվամիջոցների մասնակցության, քննության էր առել զինկոմիսարիատներում, զորահավաքակայանում եւ բուժհաստատություններում կատարված ուսումնասիրությունները, որով պարզվել էր, որ բժշկական հանձնաժողովների եւ զինկոմիսարիատների զորակոչային բաժանմունքների աշխատանքներում թույլ են տրվել մի շարք խախտումներ: Ըստ Ա. Խաչատուրյանի՝ մի շարք զորակոչիկներ ենթակա չեն եղել զորակոչի:

Զորակոչիկ Ա. Էլրակիձեն ցանկացել էր զորակոչվել ՀՀ զինված ուժեր, քանի որ երկար ժամանակ ազգությամբ հայ մոր հետ բնակվել է Հայաստանում: Հետագայում պարզվել էր, որ նա ծնվել է Վրաստանի Հանրապետությունում եւ ՀՀ քաղաքացի չէ, չնայած մայրը ընթացիկ տարում ձեռք էր բերել ՀՀ քաղաքացիություն: Վարդան Մարգարյանը գարնանային զորակոչի ժամանակ ճանաչվել է ոչ պիտանի ծառայության համար՝ «երկկողմանի երրորդ աստիճանի հարթաթաթություն, ֆունկցիայի զգալի խանգարումով» ախտորոշմամբ: «Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի կենտրոն» ՓԲԸ-ի փետրվարի 16-ի ակտի համաձայն էլ, այս զորակոչիկի ախտորոշումը եղել է «երկկողմանի երրորդ աստիճանի հարթաթաթություն, ֆունկցիայի չափավոր խանգարումով», ինչը առիթ էր դարձել, որ զինկոմիսարիատի բուժհանձնաժողովը նրան ճանաչի պիտանի ծառայության համար: Մեկ այլ զորակոչիկ՝ Մեգրեն Բուռնուսուզյանը, զորակոչային հանձնաժողովի կողմից ուղարկվել է ստացիոնար հետազոտման՝ մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկական կենտրոն: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության տեղեկանքի, հետազոտման արդյունքները ներկայացնելուց հետո նա ճանաչվել է պիտանի շարային ծառայության համար, ներկայացվել է հավաքակայան: Սակայն հավաքակայանում բժշկական կրկնակի զննության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է տեսողության արատ: Ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության: Արթուր Փիլիկյանին ճանաչել են պիտանի, երբ նրա մոտ առկա է եղել ողնաշարի սկոլիոզ: Մեկ այլ զորակոչիկ էլ՝ Համլետ Կիրակոսյանը, գարնանային զորակոչի ժամանակ հետազոտվելիս ախտորոշվել է ոչ պիտանի, քանի որ ուներ «աջ ոտնաթաթի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մատների սերտաճած կոտրվածք», որը «դժվարացնում էր քայլքը զգալի աստիճանի» եւ «կոշիկի կրումը չափավոր խանգարող էր»: Նրան տրվել է տարկետում՝ 3 տարի ժամանակով: Սակայն այս ախտորոշմամբ անգամ նրան ներկայացրել են զորակոչման, թեեւ ճանաչվել էր պիտանի ոչ շարային ծառայության համար: Ըստ ուսումնասիրությունների, ծառայության առաջին իսկ օրվանից Կիրակոսյանը հոսպիտալացվել էր, ապա զորացրվել:

Զորակոչիկ Հայկ Սարդարյանն էլ ճանաչվել էր պիտանի ծառայությանը, սակայն այս տարվա զորակոչի ժամանակ զինկոմիսարիատ էր ներկայացրել «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված էպիկրիզը, ուր հայտնվում է, թե նա գտնվել էր ստացիոնար բուժման մեջ՝ բրոնխների ասթմա ախտորոշմամբ: Զինկոմիսարիատի բուժհանձնաժողովի կողմից նա էլ է ճանաչվել ծառայության համար պիտանի՝ սահմանափակումով: Հետագայում զորակոչիկին ներկայացրել էին հետազոտման, նրա մոտ ախտորոշվել է ասթմա, բրոնխիտ, նա ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի, տրվել է տարկետում՝ 3 տարի ժամանակով: Գարնանային զորակոչին պիտանի էր ճանաչվել անգամ փայծաղի 8 մմ կիստա ունեցող, «պրակտիկ առողջ» Վրեժ Հայրապետյանը, ողնաշարի կրծքագոտկային շրջանի ծռվածությամբ՝ Հովհաննես Արզումանյանը, «պրակտիկ խլություն» ախտորոշմամբ՝ Սուրեն Առաքելյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել