Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ատամնաբույժը հիվանդին արնաքամ է արել

Հոկտեմբեր 17,2007 00:00

Ատամը հանելու համար 6 անգամ տարել-բերել են

84-ամյա Կալիպսե Մաթեւոսյանի շարժվող ատամը հանելիս նրան արնաքամ են արել, ինչ է թե նա միամտաբար բժշկին զգուշացրել է, որ ինքը թոշակառու է եւ իրեն պետք է կարգի համաձայն անվճար սպասարկեն:

Տեղեկանալով, որ իր բնակավայրին մոտ գտնվող «Դենտա-Էլիտա» ատամնաբուժարանում կարող է պետպատվերով բուժում ստանալ, Կ. Մաթեւոսյանը հաճախել է այդ բուժհիմնարկ: Նշենք, որ ատամնաբուժարանի պատին փակցված հիշեցման համաձայն՝ թոշակառուների բուժսպասարկումն անվճար է:

«8 հազար դրամ թոշակ եմ ստանում ու հազիվ յոլա եմ գնում: Հնարավոր է, որ ամիսը մի քանի անգամ ատամնաբույժի մոտ գնամ, եթե ինձ անվճար սպասարկում է հասնում, ինչո՞ւ պետք է ես գումար վճարեմ»,- ներկայացրեց օրերես «Առավոտի» խմբագրություն եկած Կ. Մաթեւոսյանը: Երբ կինը փորձել է անվճար բուժսպասարկման իր իրավունքից օգտվել, բժիշկ Մելս Հարությունյանը վրդովված պատասխանել է. «Վերեւից ներքեւ նալոգ եմ տալիս, դրա համար էլ ինձ գումար է պետք»: Նկատենք, որ թոշակառու Կ. Մաթեւոսյանի համար պետությունը «Դենտա-Էլիտա» ատամնաբուժարանի հաշվին 23 հազար դրամ փոխանցել է:

Մինչդեռ, ինչպես մեզ հետ զրույցում պատմեց Կ. Մաթեւոսյանը, բժիշկը չհամակերպվելով, որ գումարն առձեռն չի ստացել, իր ողջ զայրույթը կնոջ վրա է թափել. «Ծնոտս քերեց, լինդս փոս գցեց: Ատամս հանելուց հետո երբ բժիշկը ինձանից հեռացավ՝ ամբողջ հագուստը, ձեռքերն արյուն էին, իմ 2 թաշկինակները, որոնցով մաքրում էին բերանս, որ քամեիր՝ արյուն կթափվեր»: Նա ասաց նաեւ, որ այդ ցավից պրծնելու համար ի վերջո 4000 դրամ վճարել է. «Իմ այսքան բողոքներից ու լացից հետո վերադարձրեց միայն 3000-ը»: Տիկին Կալիպսեն մի քանի անգամ փորձել է ուրիշ բժշկի մոտ գնալ, սակայն նրան մերժել են՝ ասելով, թե որ բժիշկը գործը սկսել է՝ նա էլ պիտի ավարտի: Քանի որ տիկին Կալիպսեի «գործն» արդեն հասել էր կենտրոնի տնօրենին՝ Զոհրապ Հարությունյանին, վերջինս խոստացել էր մնացած ատամնաբուժական աշխատանքները պահել իր հսկողության տակ եւ պրոթեզավորումն իրականացնել անվճար, սակայն տիկին Կալիպսեն նախընտրել է գնալ ուրիշ բժշկի մոտ:

Երեկ «Առավոտը» պարզաբանման համար դիմեց «Դենտա-Էլիտա» ատամնաբուժական կենտրոնի տնօրենին: Նրա աշխատասենյակում էր նաեւ Կալիպսե Մաթեւոսյանը: Մեր ներկայությամբ Մ. Հարությունյանը տիկին Կալիպսեին հորդորում էր հետ վերցնել «Առավոտին» տված բողոքը, քանի որ, ըստ նրա՝ «Թոշակառու տատիկ ես, մի բան պատահի՝ կրկին մեր կենտրոն ես դիմելու»: Մ. Հարությունյանը տեսնելով, որ չի կարողանում կնոջը համոզել եւ ստիպված է իր արարքի վերաբերյալ պարզաբանումներ տալ, ասաց. «Ամեն մարդու օրգանիզմ յուրովի է եւ տարբեր պատճառներով կարող էր տիկին Կալիպսեի ատամի հեռացումն այդքան դժվար ստացվել: Հնարավոր է նա ցավի ազդեցությամբ է այդքան զայրացել եւ դիմել ձեզ»: Կ. Մաթեւոսյանն էլ ավելացրեց. «Այդքան ցավ քաշելուց հետո ես ո՞նց գայի, վախեցա: Դրա համար էլ գնացի ուրիշ տեղ»:

«Նալոգների» առնչությամբ էլ «Դենտա-էլիտայի» տնօրենն ասաց. «Եթե ես այս կենտրոնի 100 տոկոսանոց սեփականատերն եմ եւ դրամարկղ մտնող բոլոր գումարներն իմն են, ինչպե՞ս կարող եմ իմ գումարից աշխատողներիցս նորից նալոգ պահանջել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել