Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹԸ ՇԱՀՈՒՄ ԵՆ ՈՒ ՈՆՑ ՈՒԶՈՒՄ՝ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Հոկտեմբեր 17,2007 00:00

\"\"Քաղաքապետարանը գծի տերերին ու նրանց շահագործած երթուղին, ըստ էության, չի վերահսկում

Թիվ 55 երթուղին սպասարկում է «Երիտասարդական» մետրոյից մինչեւ Նոր Նորքի երկրորդ զանգված ընկած ճանապարհահատվածը:

Քաղաքապետարանի կողմից սահմանված մրցութային կարգով այդ գիծը պետք է աշխատի 9-10 րոպե ինտերվալով: Այս ինտերվալը խախտելու դեպքում երթուղու տերը պետք է ենթարկվի պատասխանատվության: Մինչդեռ թիվ 55-ի վարորդները, քաղաքապետարանի կանոններից անկախ, իրենց համար առանձին կարգուկանոն ու առանձին ինտերվալներ են սահմանել: «Երիտասարդական» մետրոն այդ երթուղու սկզբնակետն է, ու վարորդները, մինչեւ 10 ուղեւոր սկզբնակետից չեն վերցնում՝ չեն շարժվում: «Օրերս առավոտյան ժամը 11-ն անց 5 րոպեից թիվ 55 երթուղայինում սպասում էինք՝ մտածելով, որ ուր որ է՝ մեքենան կշարժվի (պետհամարանիշը՝ 0819 Տ): Բայց կես ժամ սպասելուց հետո երբ հետաքրքրվեցինք, թե երբ է շարժվելու, վարորդը բղավեց՝ «կարող ա մի ժամ, հլը մի քանի հոգի եք, մինչեւ մի 10 ուղեւոր չլցվի՝ դատարկ չեմ գնալու»: Արդեն ժամը 12-ն էր, մենք մեկ ժամ սպասել էինք, հազիվ 9 ուղեւոր էր հավաքվել, իսկ վարորդը համառորեն չէր վարում մեքենան: Երբ ուղեւորները սկսեցին դժգոհել ու բողոքել՝ վարորդը դուռը բացեց ու դուրս հրավիրեց բոլոր դժգոհողներին»,- «Առավոտին» պատմեց այդ երթուղուց մշտապես օգտվող ուղեւորներից մեկը:

Քանի որ քաղաքապետարանը մրցույթն անցկացնելուց հետո որեւէ վերահսկողություն չի սահմանում գծի տերերի նկատմամբ, երթուղին շահագործողները, անկախ նրանից, թե ինչ պայմաններով են մրցույթը շահել, սպասարկում են այնպես, ինչպես ուզում են:

Այս առնչությամբ «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Կարեն Եդիգարյանը հորդորեց՝ իրենց փոխանցել ուղեւորների հետ նման կերպ վարված վարորդի մեքենայի համարանիշը՝ խոստանալով, որ անպայման խնդրով կզբաղվեն ու կպատժեն այդ վարորդին:

Թիվ 76 երթուղու վարորդներն էլ, ճիշտ է, ուղեւորներին չեն կոպտում, ճիշտ ինտերվալով են երթեւեկում, սակայն երեկոյան ուշ ժամերին 100 դրամի փոխարեն ուղեվարձը գանձում են 200 դրամ, ընդ որում՝ ուղեվարձի «բարձրացման» մասին վկայող ցուցանակ էլ են փակցնում, որպեսզի ուղեւորները չասեն, թե անակնկալի են եկել, չեն իմացել: «Երեւանտրանսի» շահագործման բաժնի պետ Նելսոն Դադայանն «Առավոտին» տեղեկացրեց, որ մայրաքաղաքի բոլոր երթուղայինները պետք է աշխատեն մինչեւ երեկոյան ժամը 24-ը՝ 100 դրամ ուղեվարձով. «Այն վարորդները, ովքեր սահմանված գումարից ավելի են վերցնում, նրանք օրենք են խախտում, եթե քաղաքացիները վարորդի անուն-ազգանունը կամ մեքենայի համարը մեզ տրամադրեն՝ մենք խնդիրը կլուծենք»:

Թիվ 105-ի երթուղայիններից նույնպես ուղեւորները բողոքում են: Այդ երթուղին սպասարկում է Նոր Խարբերդից մինչեւ «Այրարատ» կինոթատրոն գնացող ուղեւորներին: Հաշվի առնելով, որ Խարբերդում շատ ամառանոցներ ու այգիներ կան, հատկապես աշնան այս բերքահավաքի շրջանում այդ երթուղին գերծանրաբեռնված է աշխատում: Ուղեւորները դժգոհում են, որ 20 րոպեից շուտ վարորդները չեն երթեւեկում, չնայած, ինչպես ճշտեցինք «Երեւանտրանսից», այդ գծի տերը մրցույթը շահելիս պարտավորվել է աշխատել 5-6 րոպե ինտերվալով: Ուղեւորների պատմելով՝ «Մենք ամեն անգամ 105-ի երթուղայիններից օգտվում ենք վախը սրտներումս, որ ուր որ է՝ շուռ ենք գալու, էնքան շատ ուղեւոր են վերցնում, որ անգամ ոտքը մի փոքր շարժելու տեղ չի լինում»: Թիվ 105-ի երթուղային գիծը սպասարկում է «Տիգրան» ՍՊԸ-ն, որի տնօրեն Էդիկ Հովհաննիսյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ իր գծում 20 միկրոավտոբուս է աշխատում եւ այդքան մեքենան լրիվ բավարար է՝ ուղեւորներին նորմալ սպասարկելու համար. «Կան ժամեր, որ մեքենաները Խարբերդից դատարկ են գալիս քաղաք, հիմնականում առավոտյան եւ երեկոյան ժամերին են լիքը լինում, իսկ կեսօրին միշտ դատարկ են լինում, դրա համար էլ ձեռնտու չէ մեքենաներ ավելացնելը»: Իսկ «Երեւանտրանսի» տնօրեն Կարեն Եդիգարյանն էլ տեղեկացրեց, որ 105-ի գծում աշխատող 20 միկրոավտոբուսից 3-ը մաշվածության պատճառով հանվել է գծից եւ ներկայումս դրանց փոխարինող մեքենաներ չկան: Ըստ Կ. Եդիգարյանի՝ «Իհարկե, 17 մեքենան այդ գծի համար քիչ է, բայց մեքենա ավելացնելը հարցի լուծում չէ: Մենք բոլորին կոչ ենք անում, որ միկրոավտոբուսների փոխարեն ավտոբուսներ բերեն, քանի որ դրանք ե՛ւ հարմարավետ են, ե՛ւ 2 միկրոավտոբուսի չափ ուղեւոր կարող են սպասարկել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել