Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի հեճուկս ԱՄՆ-ի

Հոկտեմբեր 17,2007 00:00

ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի մոսկովյան վերջին բանակցությունների լիակատար ձախողումից անմիջապես հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Իրան կատարած այցը բոլորովին այլ երանգ է ձեռք բերում:

Հիշեցնենք, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները Մոսկվայում փորձում էին համաձայնության գալ վերջին ժամանակաշրջանում ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ լարվածության լուրջ պատճառ դարձած երեք հիմնական հարցերի շուրջ. Եվրոպայում հակահրթիռային ամերիկյան համակարգի տեղակայում, Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացում եւ Կոսովոյի խնդրի կարգավորում: Չնայած ամիսներ շարունակ Վաշինգթոնի կողմից գործադրված եռանդուն դիվանագիտական ջանքերին, բոլոր երեք հարցերն էլ, փաստորեն, մինչ այժմ մնում են առկախ եւ չհամաձայնեցված: Ավելին, Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ ծրագրերի առնչությամբ երկու երկրների միջեւ առաջացած անջրպետն այնքան է խորացել, որ ինչպես Վաշինգթոնում, այնպես էլ Մոսկվայում վաղուց արդեն սկսել են խոսել «սառը պատերազմի» ուրվականի վերակենդանացման մասին: Ակնհայտ է, որ այդ խոսակցությունները Պուտինի՝ Թեհրան կատարած այցից հետո ավելի են աշխուժանալու, մտածել տալով, որ խոսքն արդեն ոչ թե ուրվականի, այլ իրապես սառը պատերազմի մասին է:

Փորձենք ի մի բերել մի քանի բնութագրական հանգամանք: Ռուսաստանի կամ, ավելի ճիշտ՝ նրա իրավանախորդ ԽՍՀՄ-ի ղեկավարը վերջին անգամ Իրան է այցելել 1943 թվականին: Մասնավորապես, ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ նկատելիորեն ջերմացան ռուս-ամերիկյան հարաբերությունները, շատ դժվար էր պատկերացնել նման այցի հնարավորությունը: Առաջին հայացքից ՌԴ նախագահի այցը Իրան առավել անհավանական կթվար նաեւ վերջին ամիսներին, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է Թեհրանի միջուկային ծրագիրն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով (այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ) պատժամիջոցներ սահմանում նրա նկատմամբ: Ու չնայած այդչափ աննպաստ թվացող ֆոնին, Պուտինը ամերիկացի առանցքային պաշտոնյաների հետ ունեցած անպտուղ բանակցություններից ընդամենը մեկ օր անց մեկնում է «վտարյալ» հռչակված այդ երկիրը: Շատ վերլուծաբանների գնահատմամբ, սա այլ բան չէ, քան Վաշինգթոնին հասցված շառաչուն դիվանագիտական ապտակ: Ընդ որում, այս պարագայում բոլորովին անկարեւոր չեն այցին նախորդած լուրերը, թե Թեհրանում ՌԴ ղեկավարի նկատմամբ մահափորձ է նախապատրաստվում: Պուտինը, իհարկե, «հերոսաբար» մեկնեց՝ անտեսելով այդ լուրերը, իսկ ռուսական եւ իրանական լրատվամիջոցները շտապեցին ենթադրել, թե դա ամերիկյան հատուկ ծառայությունների հեղինակած սադրանքն էր, որի նպատակը ռուս-իրանական հարաբերությունները փչացնելն էր: Այս դեպքում, թերեւս, ավելի ճշմարտանման են թվում հակառակ ենթադրություններն այն մասին, որ մահափորձի մասին լուրերը մտահղացվել եւ շրջանառության մեջ են դրվել Մոսկվայում՝ ՌԴ ղեկավարի այս, մեղմ ասած, ոչ կոռեկտ այցին որոշակի դրամատիզմ հաղորդելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել