Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆԻ

Հոկտեմբեր 17,2007 00:00

\"\"ԱԺ նախագահ եւ ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը վստահ է, որ նախագահական ընտրությունների նախապատրաստական այս շրջանում որակապես նոր փուլի սկիզբ է դրվում:

– Ըստ տեղեկությունների, ՀՀԿ հերթական համագումարի օրը՝ նոյեմբերի 10-ը, դարձյալ փոփոխվելու է: Ե՞րբ կլինի ձեր կուսակցության համագումարը եւ արդյոք հենց այդ օ՞րը կհրապարակեք ՀՀ նախագահի ձեր թեկնածուի անունը:

– Անհեթեթ են այդ խոսակցությունները, ինչպես նաեւ ասեկոսեները, բամբասանքներն ու հերյուրանքները, որ այսօր փորձում են տարածել կուսակցության, կուսակցության լիդերի՝ վարչապետի, կուսակցությունում կարեւոր դերակատարություն ունեցող մյուս անձանց մասին: Ցավոք, որոշ մարդիկ ու խմբեր առաջիկա ընտրությունների ենթատեքստում մրցակցության այլ ձեւերի ընդունակ չեն, քան հերյուրանքների տարածումը, ինչն ակնհայտորեն նկատելի էր նաեւ նախորդ ընտրություններից առաջ: Որ դա այլեւս որեւէ ազդեցություն չի ունենում, հեշտ է նկատել այդ ընտրությունների արդյունքներով:

Կուսակցության խորհրդի նիստում արձանագրվել է համագումարի օրը, օրակարգը, եւ ինչ-որ խորհրդավոր բաներ որոնելու կարիք չկա: Համագումարը կամփոփի ե՛ւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ե՛ւ կնախանշի առաջիկա անելիքները: Խոսքը վերաբերում է ոչ միայն նախագահական ընտրություններին եւ այդ ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուի առաջադրմանը, այլեւ երկրի զարգացման հնարավորություններին ու խնդիրներին: Առաջին փուլում՝ անցած ժամանակահատվածում Հայաստանում ձեւավորվել եւ ամրապնդվել են պետության տնտեսական, քաղաքական եւ իրավական հիմքերը, վերջին տարիներին արձանագրվել է տնտեսության շարունակական զգալի աճ: Նախագահական ընտրություններից հետո սկսվելու է նախորդի վրա հիմնված եւ դրա տրամաբանական շարունակությունը հանդիսացող մի նոր փուլ: Այդ փուլի հիմնական խնդիրը լինելու է որակապես նոր կյանքի ապահովումը մեր քաղաքացիների համար, սոցիալական համերաշխության եւ արդարության հաստատումը՝ եկամուտների համաչափ բաշխում, աշխատատեղեր, աշխատավարձերի ու հատկապես թոշակների բավարար մակարդակ, նոր որակի դատական համակարգ: Նոր փուլը պետք է առանձնանա նաեւ բազմակուսակցական համակարգի եւ քաղաքացիական հասարակության լիարժեք կայացմամբ, ինչպես նաեւ հոգեւոր՝ կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում որակական բարելավումներով: Մեր քաղաքացիները բավականին բարդ մի շրջան ապրեցին անկախության վերահաստատումից ի վեր, տարան բազմաթիվ զրկանքներ, եւ այսօր, երբ կուսակցությունն ունի լիարժեք մեծամասնություն եւ պատասխանատվություն, պարտավոր է նրանց համար արժանապատիվ կյանք ապահովել:

– Ձեր նշած նոր փուլում ՀՀԿ-ն կկարողանա՞ լուրջ դերակատարություն ունենալ, մանավանդ, երբ այս օրերին ակնհայտ է, որ առաջին նախագահը եւ նրա շրջապատը բավականին ակտիվ անցել են քաղաքական գործունեության եւ հավակնում են հաղթել նախագահական ընտրություններում: Սա չի՞ անհանգստացնում ձեր կուսակցությանը:

– Անցած խորհրդարանական ընտրություններն ակնհայտորեն ցույց տվեցին, թե որ կուսակցությունն ինչ հնարավորություններ, ինչ հասարակական ազդեցություն եւ ինչ ներուժ ունի: Հանրապետական կուսակցությունը կարողացավ էապես ավելացնել իր տեղերի թիվը եւ խորհրդարանում ունի ձայների կեսից ավելին: Սա, կարծում եմ, չափազանց խոսուն ցուցանիշ է: Ավելին, միջազգային կազմակերպությունների անվերապահ գնահատականն այն էր, որ այս խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին, ինչն ավելի է ընդգծում հաջողությունը:

– Իմ հարցն այլ բանի մասին էր՝ նոր իրավիճակ է, եւ նոր ուժ է հայտնվում իր ուժեղ թեկնածուով;

– Նոր ուժ չորս ամսում չէր կարող առաջանալ եւ չկա: Ավելին, առաջին նախագահին սատարող ուժերի մեջ չկա մեկը, որը մայիսին ստացած լինի զգալի թվով ձայներ: Իրավիճակն էլ նոր չէ, այլ՝ ավելացել է նոր շտրիխ, որը ինքնին նոր չէ: ՀՀՇ-ն ինքն է անցյալում արդարացիորեն շատ հաճախ քմծիծաղով խոսել փրկչի գաղափարի մասին: Հասարակությունն էլ վաղուց նման հեքիաթների չի հավատում, այլ գնահատում է փաստերը: ՀՀ առաջին նախագահը երկար լռությունից հետո իր հայտնի ելույթով փաստեց, որ իր մոտեցումներում 97-ից այս կողմ որեւէ բան չի փոխվել: Ինչպես այն ժամանակ, այսօր էլ նա հայտարարում է, որ ամեն բան կախված է ԼՂ խնդրից, սակայն որեւէ լուծում չի կարող առաջարկել: Ընդ որում, հնչեցվում են մեղադրանքներ ներկայիս իշխանությունների հասցեին՝ «չնկատելով» անգամ, որ միայն վերջին երեք տարվա ընթացքում է հաջողվել հասնել այն բանին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային հանրությունը ճանաչում է որպես հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկը, եւ դա արձանագրվել է փաստաթղթերում: Մեկ այլ հարց. առաջին նախագահը, նշելով, որ Հայաստանն իր հարեւանների հետ պետք է ունենա լավ հարաբերություններ, ի՞նչ է առաջարկում անել դրա համար: Թուրքիան եւ Ադրբեջանը դրա համար պահանջում են մոռանալ Ցեղասպանությունը եւ Ադրբեջանի ողորմածությանը հանձնել Արցախը: Սա՞ է այդ հարաբերությունների գինը լինելու, մի՞թե շանտաժին ենթարկվելը լավ հարաբերություններ հաստատելու ուղին է:

– Եթե ձեզ ճիշտ եմ հասկանում, դուք հիմա ասում եք, որ Հանրապետականը ցայտնոտի մեջ չէ՞ ոչ ՀՀՇ-ի եւ ոչ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի ակտիվացման պատճառով:

– Բացարձակապես, որովհետեւ որեւէ ընտրության կամ խոշոր քաղաքական իրադարձության հետ կապված ոչ թե այս կամ այն անձի կամ ուժի հետ պետք է կապել սեփական գործողությունները, այլ՝ սեփական պատկերացումների, ծրագրերի եւ գաղափարների: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ 98-ի սկզբին, երբ տեղի ունեցավ իշխանափոխությունը, չարագուշակ կանխատեսումներ էին արվում, որ 1-2 տարվա ընթացքում Հայաստանը կհայտնվի ծանր վիճակում, կկորցնենք Ղարաբաղը, ճնշումները Հայաստանի նկատմամբ կսաստկանան եւ այլն: Կարծում եմ, ճիշտ կլիներ պատասխան տրվեր, թե ինչու այս կանխատեսումները չարդարացան: Իսկ այս ամենը նշանակում է մեկ բան՝ այն ժամանակ արված կանխատեսումները չիրականացան, այսինքն՝ սխալ էին դրանց համար հիմք ծառայած մոտեցումները եւ սկզբունքները, որոնք այսօր էլ չեն փոխվել:

Համեմատեք, թե ինչ են առաջարկում ՀՀԿ-ն եւ իր թեկնածուն եւ մյուս կողմը, ու ակնհայտ կդառնա, որ մեր մրցակիցների համար առաջիկա ընտրություններում հաջողություն ակնկալելու որեւէ հիմք չկա:

Առաջիկա նախագահական ընտրությունների նախընտրական թոհուբոհով գլխովին տարված մեր գործընկերներին ցանկանում եմ նաեւ հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը հիմնարար փոփոխություններ է կրել, եւ ստեղծվել է իշխանության թեւերի հակակշիռների ու զսպումների լիարժեք համակարգ, որի արդյունքում առաջիկա ընտրություններում ընտրվող հանրապետության նախագահը երկրի քաղաքական կյանքում առանցքային դերակատարություն կարող է ունենալ միայն այն դեպքում, եթե խորհրդարանական մեծամասնության լիդերն է, քանի որ կամայականորեն չի կարողանա լուծարել խորհրդարանը, պաշտոնանկ անել խորհրդարանում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի վարչապետին, կասեցնել կառավարության որոշումները եւ այլն: Հեշտ է նկատել, որ այս տեսակետից եւս մեր թեկնածուն մրցակցությունից դուրս է: Ավելին, դժվար չէ նկատել, թե որն է քաղաքական հասունության տեսակետից շատ քաղաքական գործիչներից եւ ուժերից զգալիորեն առաջ անցած հասարակության կողմից իշխանության մարմինների ձեւավորման՝ մայիսին սկսված գործընթացի տրամաբանական ավարտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել