Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՍԱՏԱՐԵՑ ԵՐԵՎԱՆԻ 2789-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբեր 16,2007 00:00

\"\"Այս ընկերությունը մեծ սիրով շնորհավորեց եւ իր բարձր աջակցությունը ցուցաբերեց Էրեբունի-Երեւանի ծննդյան տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին

Այս տարի Էրեբունի-Երեւանի 2789-րդ տարեդարձն է: Ինչպես հայտնի է, այս առթիվ մի շարք \"\"տոնական համերգներ եւ միջոցառումներ են կազմակերպվել: Այդ մշակութային ու սպորտային միջոցառումներին իր մասնակցությունն ունի նաեւ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն: «ԱրմենՏելը» հանդիսանալով Հայաստանում ամենախոշոր ընկերություններից մեկը եւ հավատարիմ մնալով իր ավանդույթներին՝ մեր մայրաքաղաքում էլ սատարում է Երեւանի ծննդյան տոնակատարություններին եւ միշտ ուրախ է աջակցել ազգային տոներին: Նշում ենք՝ հավատարիմ է մնում իր ավանդույթներին, քանի որ «Վիմպելկոմ» ընկերությունը, որը հանդիսանում է նաեւ «ԱրմենՏելի» սեփականատերը, իր ուրույն քաղաքականությունն ունի, որի համաձայն՝ ցանկացած քաղաքում, որտեղ ծավալում եւ հիմնում է իր բիզնեսը, մասնակցում է այդ քաղաքի տոնակատարություններին ու աջակցում այդ երկրի զարգացմանը: Գիտակցելով, որ Երեւանն ունի 2789 տարվա վաղեմություն եւ որ այն անգամ Հռոմից է 29 տարով հին, «ԱրմենՏելի» ղեկավարությունը հպարտանում է, որ իրենց գործընկեր հայ ազգը գոյատեւել ու կայացել է, եւ նրանք ցանկանում են արժանին մատուցել Երեւանին, փայփայել, գուրգուրել մեր մայրաքաղաքն ու ամեն անգամ ասել, որ թանկ է այն, ասել. «Մենք սիրում ենք քեզ, մեր Երեւա՛ն»: Նրանք գիտակցում են, որ Երեւանում տոն է, տոն է բոլորիս համար, մանուկների, երիտասարդների ու տարեցների: Եվ քանի որ այս ընկերության աշխատակիցներն ու ղեկավարությունն իրենց զգում են մեր երկրի ու Երեւանի լիարժեք բնակիչ, սիրով աջակցում են քաղաքապետարանին՝ Էրեբունի-Երեւան տոնի բոլոր միջոցառումների կապակցությամբ: Հոկտեմբերի 11-ից 13-ը «ԱրմենՏելն» ապացուցում էր, որ ինքը մեր կողքին է ու իր ներդրումն ունի մշակութասպորտային 15 տարբեր միջոցառումներին:

\"\"Այս միջոցառումները հանդիսավոր բացվեցին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ ներկա էին բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն էլ միանալով բոլորի շնորհավորանքներին, ներկաներին պատմեց հետագա անելիքների մասին եւ խոստացավ, որ ընթացող շինարարությունը ավարտվելու է նշված ժամկետում: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանին ու գրող-հրապարակախոս Աղասի Այվազյանին: Շենքի ճեմասրահում էլ ցուցադրվեց «Երեւանն իմ աչքերով» ֆոտոցուցահանդեսը: Այս ամենից հետո՝ երեկոյան, երիտասարդ երեւանցիների համար Ազատության հրապարակում անցկացվեց համերգ-դիսկոտեկ՝ հայտնի դիջեյների մասնակցությամբ: Դիսկոտեկին եկած Արմինե Գեւորգյանը մեզ հետ զրույցում նշեց, որ շատ է սիրում իր քաղաքը. «Ես նաեւ շատ եմ սիրում պարել, այդ պատճառով էլ մեր քաղաքի տոնի կապակցությամբ ընկերներով եկել ենք զվարճանելու: Շատ գեղեցիկ է այս ամենը կազմակերպված եւ նման չէ նախորդ տարիներին»: Հաջորդ օրը կրկին Ազատության հրապարակում անցկացվեց շախմատի սիրողական մրցաշար՝ հնաբնակ երեւանցիների մասնակցությամբ: Այս մրցաշարին մասնակցում էր նաեւ միջազգային կարգի մասնագետ Միշա Խաչատրյանը: Մանուկների ու պատանիների համար Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հարող տարածքում միջոցառումների շարք էր, Անգլիական այգում էլ երգում էին լավագույն մանկապատանեկան համույթներն ու անհատ կատարողները: Կիրովի անվան այգում էլ Երեւանին նվիրված տոնական խաղեր ու վիկտորինաներ էին ընթանում, նույնպես նվիրված մայրաքաղաքի տոնին: Ազգային կոխի ցուցադրական ելույթներն էլ «Մարաթուկ» համույթի մասնակցությամբ ցուցադրվեցին Հյուսիսային պողոտայում: Երեկոյան միջոցառումների շրջանակներում Ազատության հրապարակում սուսերամարտի առաջնություն էր, մասնակցում էին մայրաքաղաքի լավագույն սուսերամարտիկները: Սպասված գալա-համերգն էլ անցկացվեց Հանրապետության հրապարակում:

\"\"Երեւանի ծննդյան տոնակատարության վերջին օրը՝ հոկտեմբերի 13-ին, Օղակաձեւ այգում ցուցադրվեցին ֆլորիստների աշխատանքները, Ազատության հրապարակում էլ ընթացավ ֆուտբոլի պատանեկան բլից մրցաշար, իսկ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ազգային փոքրամասնությունների կողմից կազմակերպվել էր համերգ: Միջոցառմանն ընդգրկված էին նաեւ հեծանվորդներն ու հաշմանդամ մարզիկները, որոնք Երեւանի քաղաքապետարանի մոտից մեկնարկեցին իրենց մրցավազքը: Այստեղից սկսվեց նաեւ մարաթոնյան վազքը: Սպորտային մրցույթին որպես հանդիսատես եկած Գեւորգ Մինասյանը բարձր գնահատելով միջոցառման կազմակերպիչների կատարած աշխատանքը՝ ասաց. «Հաճելի է, որ հաշմանդամներն էլ են մասնակցում այս գեղեցիկ միջոցառմանը: Ես էլ եմ հաշմանդամ եւ երկար ժամանակ մեկուսացված եմ եղել հասարակությունից, շատ ուրախ եմ, որ նման միջոցառումներ են կազմակերպվել, որոնց օգնությամբ մենք մեզ մենակ չենք զգում եւ քիչ-քիչ ինտեգրվում ենք հասարակությանը»:

\"\"«Իմ Երեւանը» խորագրով կավճանկարների արդեն ավանդական դարձած մրցույթն անցկացվեց Ազատության հրապարակում, որին մասնակցում էին մեր քաղաքի գրեթե բոլոր համայնքների պատանիներն ու մանուկները: Միջոցառումները ավարտվեցին տոնական համերգով, որի ժամանակ Երեւանին ու երեւանցիներին շնորհավորում էին հայ ճանաչված երգիչները: Եղավ հրավառություն:

Նշենք նաեւ, որ Երեւանին շնորհավորելու էին եկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Բելառուսի, Հունգարիայի եւ Ուկրաինայի պատվիրակությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել