Լրահոս
Օրվա լրահոսը

425 ադամանդ՝ «Միսս Հայաստանին»

Հոկտեմբեր 16,2007 00:00

Սպիտակ ոսկուց պատրաստված թագը ամեն տարի կփոխանցվի հաջորդ գեղեցկուհուն

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Միսս Հայաստան-2007» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթը:

Երեկ այս առիթով «Արմենպրեսի» մամուլի սրահում ասուլիս էր հրավիրել «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը: Ասուլիսին ներկա էր նաեւ «Միսս Ուկրաինա-2006» եւ «Միսս Եվրոպա-2006» Ալյոնա Ավրամենկոն: Կ. Արիստակեսյանը նշեց, որ այս տարի նորություններ կան: «Առաջին անգամ «Միսս Հայաստանը» կունենա փոխանցիկ թագ: Այն արժի մոտ $7000, զարդարված է 425 ադամանդե քարերով եւ 14 նռնաքարերով, պատրաստված է սպիտակ ոսկուց»,- ասաց Կ. Արիստակեսյանը: Նա հայտնեց, որ այս տարվա մրցույթը ունի «Միսսի» եւ փոխգեղեցկուհիների համար մրցանակներ՝ ոսկյա, արծաթյա եւ պղնձյա արձանիկներ: Անվանակարգերը լինելու են այսպես՝ «Միսս Հայաստան-2007», «Առաջին փոխգեղեցկուհի», «Երկրորդ փոխգեղեցկուհի» եւ «Լավագույն յոթնյակ»: Կլինեն նաեւ «Միսս մամուլ», «Միսս նրբագեղություն», «Միսս հմայք», «Միսս համերաշխություն», «Միսս համակրանք»: Վերջինս կտրվի sms քվեարկությամբ: Ժյուրիի կազմում կլինեն «Միսս Եվրոպա», «Միսս Լեհաստան» գործակալությունների նախագահները, հայկական մշակույթի եւ շոու-բիզնեսի հանրահայտ դեմքեր: «Անուններ չեմ ուզում տալ, ժյուրիի անդամների անունները չգիտեն անգամ գեղեցկուհիները: Այդ կերպ փորձում ենք խուսափել հնարավոր ճնշումներից կամ ազդեցություններից»,- տեղեկացրեց Կ. Արիստակեսյանը:

Նշենք, որ «Միսս Հայաստան» մրցույթի 200 մասնակիցներից ընտրվել է 18-ը: Նրանք երեկոյին հանդես կգան ազգային տարազով, լողազգեստով եւ երեկոյան զգեստով: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե աշխատանքներ տարվե՞լ են, որ գեղեցկուհիները կարողանան բեմի վրա գրագետ երեւալ: Կ. Արիստակեսյանը պատասխանեց. «Մասնակիցների թվում կան մարդիկ, որոնք բուհերի ուսանողներ են եւ տիրապետում են տարբեր լեզուների: Մեկամսյա նախապատրաստական աշխատանքների ընթացքում մենք փորձում ենք ավելի մոտիկից ճանաչել նրանց եւ տիտղոսներ շնորհել լավագույններին»: Թե ինչպիսին կլինեն «Միսս Հայաստանի» պարտականությունները, Կ. Արիստակեսյանը բացեց փակագծերը. «Միսս Հայաստան» տիտղոսակրի պայմանները շատ չեն տարբերվում միջազգային մրցույթների տիտղոսակիրների պարտականություններից: Մենք նոր բան չենք հնարել: Նրանց հետ կնքվում է գործակալական պայմանագիր: «Միսս Հայաստանը» մեկ տարի չպիտի ամուսնանա: Նա պետք է շրջապատում իրեն ճիշտ դրսեւորի, ներկայանալի տեսք ունենա: Այն կերպարանքը, որով հաղթել է մրցույթին, պետք է պահպանի մեկ տարի, խոսքը վերաբերում է մազերին, կազմվածքին եւ այլնին»:

Ա. Ավրամենկոն էլ նշեց, որ ինքը դեռ չի ծանոթացել հայ գեղեցկուհիների հետ. «Ուզում եմ, որ աղջիկները ճիշտ ներկայացնեն իրենց արտաքինը, ընդգծեն գրավչությունը, լինեն բնական: Հիմնականում ուշադրություն կդարձնեմ նրանց բեմական պահվածքի վրա: Ես եղել եմ բեմում եւ գիտեմ, որ աղջիկները հնարավոր է հուզվեն, բայց դա չպետք է խանգարի գեղեցկուհիներին՝ լինել այնպիսին, ինչպիսին իրականում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել