ԱԺ պատգամավոր Աշոտ Տոնոյանը Էրեբունի-Երեւանի ծննդյան տոնը նշեց իր համայնքի բնակիչների հետ
Հոկտեմբերի 13-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքում տոն էր, համայնքի բնակիչները նշվում էին Էրեբունի-Երեւանի ծննդյան 2789 ամյակը: Ծննդյան տոնի կապակցությամբ Զեյթուն թաղամասի «Մեծ շատրվանների» մոտ հայ աստղերի մասնակցությամբ համերգ էր, իսկ շատրվաններից վերեւ՝ ծածկի տակ, տոնական սեղաններ էին բացված՝ մանկապարտեզների ու դպրոցների տնօրենների եւ համայնքի հեղինակավոր անձանց, ինչպես նաեւ իշխանական բարձրաստիճան հյուրերի համար: Այս ամենի հեղինակն ու հովանավորն Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Տոնոյան էր: Նա միջոցառման մասին խոսելով ասաց, որ նախորդ տարիներին այս տոնի կապակցությամբ բոլոր համայնքներում, այսպես ասած, պարտադրված սեղաններ են գցվել. «Իսկ, ինչպես հայտնի է, ամեն պարտադրված բան իր ցանկալի արդյունքը չի տալիս եւ չի ստացվում: Այս տարի ես ցանկանում եմ նոր շուք տալ այդ տոնին եւ այս պարագայում ինձ մի քիչ օգնել է թբիլիսցիների 50-ամյա փորձը: Գիտե՞ք նրանք իրենց քաղաքի տոնը ինչքան ճոխ են նշում, ամենայն հավանականությամբ տարիների փորձն է վրացիներին օգնում այդքան հետաքրքիր ավանդույթներով նշել տոնը»: Պարոն Տոնոյանը լինելով Քանաքեռ-Զեյթուն համայնքի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր՝ հատկապես կարեւորել էր իր համայնքում կիրառել ճոխ միջոցառման ավանդույթները: Նա օրվա ընթացքում շրջում էր Քանաքեռ-Զեյթուն համայնքի գրեթե բոլոր բակերում, շնորհավորում բնակիչներին մայրաքաղաքի ծննդյան օրվա կապակցությամբ եւ հրավիրում «Մեծ շատրվաններ»՝ միասին նշելու տոնը: Ա. Տոնոյանին ամբողջ միջոցառման ընթացքում դուր էր եկել հատկապես այն, որ իր նախաձեռնած միջոցառումից ոգեւորված՝ մարդիկ իրենք էլ էին ամեն բակում առանձին եւ յուրօրինակ տոն նշում ու սեղաններ գցում:
Բոլոր այն բակերում, որտեղ շրջեց Ա. Տոնոյանը, բնակիչներն օրհնում էին ու պատգամավորին լավ կյանք մաղթում: 65-ամյա Սվետլանա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մինչեւ հիմա մեր համայնքում այսպիսի միջոցառումներ չեն եղել, շատ ուրախ ենք, շնորհակալ ենք պարոն Տոնոյանին: Աստված նրան երկար կյանք տա եւ հնարավորություններ, որպեսզի այսպիսի միջոցառումներ ավելի հաճախ կազմակերպի»: Բնակիչները գոհ էին, որ իրենց ընտրած պատգամավորը սպասումներն արդարացնում է: Հասմիկ Ավագյանն էլ Նոր Նորքի 4-րդ զանգվածից էր եկել, որ մասնակցի համերգ-տոնակատարությանը: Նրան տեղեկացրել էր Զեյթունում ապրող ընկերուհին՝ Զվարթ Աբրահամյանը: «Տեսնում եմ ոչ ոք չի պարում՝ ես եմ պարում, շատ եմ ուրախացել»,- այսպես փոխանցեց իր ուրախությունը Հասմիկ Ավագյանը:
Համերգ-տոնակատարությունը սկսվեց ժամը 19:30-ին եւ շարունակվեց մինչեւ ուշ գիշեր: Բնակիչներին ուրախացրել էր, որ իրենց տոնական միջոցառմանը մասնակցելու էր եկել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:
Աշոտ Տոնոյանը ցանկացել էր համերգն անցկացնել Զեյթունում, քանի որ հենց իր միջոցներով էր նորոգվել ու մայիսի 6-ին վերաբացվել «Մեծ շատրվանները»: Ա. Տոնոյանի կազմակերպած Էրեբունի-Երեւան տոնական համերգին ելույթ ունեցան երգիչներ Սասունցի Դավիթը, Սոֆի Մխեյանը, Միստր X-ը եւ այլք:
Մեզ հետ զրույցում պարոն Տոնոյանը նշեց, որ իր համար մի ամբողջ կյանք արժե իր համայնքի բնակիչներին ուրախացնելը: