Ասում է իրավաբան Արա Ղազարյանը
«Դատաիրավական բարեփոխումները Հայաստանում. լրատվամիջոցների դերը» թեմայով երկօրյա սեմինար էր կազմակերպվել «Գրողների միություն» հանգստի տանը:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանի գնահատմամբ, պետական մարմինների համեմատ, դատական համակարգն ամենաթափանցիկներից մեկն է: Մասնավորապես՝ 2002-ից, դատաիրավական բարեփոխումներից հետո:
Վճռաբեկ դատարանի նախագահը համեմատեց 1995թ. դատական համակարգը 2002-ի հետ: Նա տեղեկացրեց, որ դատարաններում ձեւավորվել է մամուլի հետ աշխատող պատասխանատուների ինստիտուտը, վճռաբեկ դատարանի ակտերը հրապարակվում են: Իր խոսքն ավարտեց լրագրողներին ուղղված հռետորական հարցադրմամբ. արդյոք դուք երբեմն չե՞ք տրվում ընթերցողին՝ իրականությունը սկանդալային պատմություններով լցնելով, չե՞ք տրվում ֆինանսական, կոնյունկտուրային գայթակղություններին: Նա առաջարկեց ներկայացնել այն խոչընդոտները, որոնց հանդիպում են այս ոլորտը լուսաբանող լրագրողները: Զեկուցող, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Դավիթ Ավետիսյանը ներկայացրեց դատաիրավական բարեփոխումների երկրորդ փուլի խնդիրները: Տեղեկացնենք, որ 2008թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի «Դատական օրենսգիրքը»: Կձեւավորվեն Երեւան քաղաքի, Հյուսիսային եւ Հարավային մասնագիտացված դատարանները, որոնք կքննեն ծանր, առանձնապես ծանր հանցագործությունները (ցմահ ազատազրկում ենթադրող), ի դեպ՝ 3 դատավորի մասնակցությամբ: Ըստ քրեական գործերում թրծված Դ. Ավետիսյանի. «Օրենսդիրը ճիշտ ճանապարհով գնաց՝ կոլեգիալ կազմով նման գործերը քննելու համար»: Մեկ այլ մասնագիտացված դատարան էլ՝ վարչականը, քաղաքացի-պետություն իրավահարաբերությունների խնդրով է զբաղվելու:
«Գործը կրկին քննող դատարանը»՝ վերաքննիչ դատարանը, առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները չի քննելու, բացառությամբ հարգելի պատճառի, այն է՝ կողմը հնարավորություն չի ունեցել ներկայացնելու: «Վերաքննիչն ըստ էության իրավունքի դատարան է, այլ ոչ թե՝ փաստի»,- ասաց Դ. Ավետիսյանը:
Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավաբան, զեկուցող Արա Ղազարյանի թեման էր՝ «Ազատ արտահայտվելու իրավունք եւ դատական համակարգ. եվրոպական դատարանի որոշումները»: Իրավաբան Ա. Ղազարյանն անդրադարձավ «Վորմն ընդդեմ Ավստրիայի» գործին, որը Եվրոպական դատարանում լսվել է 1997թ. օգոստոսի 29-ին: Լրագրողը դատապարտվել է Վիեննայի վերաքննիչ դատարանի կողմից «դատավարության վրա անթույլատրելի կերպով ազդեցություն գործելու համար», մասնավորապես՝ «դատաքննության մասին պատրաստած լրատվական նյութը դատավարության ելքի վրա ազդելու համար»: Իսկ դատավարությունը վերաբերել էր ֆինանսների նախկին նախարարին, որը մեղադրվել էր խոշոր չափերի գումարների հափշտակման մեջ: Լրագրողը պնդել էր, թե ինքը մեջբերում է կատարել դատախազի հայտարարությունից: Սակայն ազգային-վերաքննիչը ներպետական օրենսդրության 23 հոդվածով (քրեական դատավարության վրա անթույլատրելի ազդեցություն գործելը) դատապարտել էր լրագրողին 180 օր տուգանքով: Ըստ հայ իրավաբանի. «Լրատվությունը փչացող ապրանք է», եւ լրագրողը պարտավոր է այն «ռեալիզացնել» օպերատիվ կերպով: Ա. Ղազարյանն անդրադարձավ նաեւ լրագրողական աղբյուրների պաշտպանության եւ զրպարտության գործերի վերաբերյալ եվրոպական դատարանի վճիռներին: