Իսկ թոռներն ակամայից՝ ամերիկացի
Իր երկամյակի առիթով «Հայելի» բանավեճի ակումբը հերթական մրցանակները շնորհեց: «Ամենացանկալի եւ սպասված հյուր» տիտղոսը տրվեց լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, «Ամենահետաքրքիր ու անկանխատեսելի բանավիճող» ճանաչվեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը, իսկ «Ամենաինտելեկտուալ բանավիճող»՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Թե ով ինչ է ասելու ու անելու՝ բոլորը գիտեն, դրա համար էլ ես իրենց ֆոնի վրա անկանխատեսելի եմ»,- երեկ հայտարարեց Տիգրան Կարապետիչը եւ պատասխանեց «Առավոտի» մի քանի հարցերին:
– Դուք միշտ քննադատում եք այն քաղաքական գործիչներին, որոնք ձեր կարծիքով արեւմտյան արժեքների են դավանում, մինչդեռ ձեր չորս զավակները բնակվում են ԱՄՆ-ում:
– Ես ընդամենը վեց երեխա ունեմ, երեքը այստեղ են, երկուսը՝ Վոլգոգրադում, միայն մի տղաս է Միացյալ Նահանգներում: Նա այնտեղ ամուսնացած է եւ այդ պատճառով էլ չի կարող վերադառնալ Հայաստան…
– Բայց ձեր հայաստանաբնակ դուստրը՝ Մարիետան, եւս ծննդաբերել է ԱՄՆ-ում. մի՞թե դա զուգադիպություն է:
– Այո, դա ճիշտ է, աղջիկս այնտեղ էր եւ երեխա ունեցավ: Հիմա էլ է երեխայի սպասում, որը կծնվի այստեղ՝ Հայաստանում: Ես արեւմտյան արժեքները չեմ թերագնահատում, կրկնակի ստանդարտներին եմ դեմ: Ախր ինչո՞ւ պիտի դրսից թեկնածուներ լինեն, դրսի գործոնը աշխատի, եւ քաղաքական գործիչները թաքցնեն դա: Ես կողմ եմ փոխադարձ հարգանքով հարաբերություններին: Միշտ ասում եմ՝ եթե կան եվրոպական արժեքներ, ի սեր Աստծո, թող ի սկզբանե մեր արժեքները հարգենք, հետո դրանց գումարենք ավել արժեքներ, ոչ թե գլոբալիզացիայի հետեւից գնանք: Ինչ վերաբերում է անձերին, ինչ ասել եմ՝ միայն ճիշտն եմ ասել: Ընդհանրապես շառ չեմ անում: Երբ որեւէ քաղաքական գործիչ թաքցնում է իր կապերը, ուրեմն էդտեղ մի բան կա: Ո՞վ չգիտի, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայրը՝ Ռիչարդ Հովհաննիսյանը, Քըրքորյանի հետ համագյուղացի են՝ Այնթապից են եւ հեռու բարեկամ: Ինչո՞ւ պետք է դա հերքել: Եթե մինչեւ հիմա որեւէ մեկին շառ եմ արել, թող գա ասի՝ պարոն Կարապետյան, ինչո՞ւ եք այդ բանն արել:
– Դուք 1998-ին առաջադրվել եք Վոլգոգրադի քաղաքապետի թեկնածու, եթե 1998-ին դեռ Վոլգոգրադի քաղաքացի էիք, ուրեմն Հայաստանում ձեր քաղաքացիության 10 տարին չի լրացել: Ինչպե՞ս պիտի առաջադրվեք ՀՀ նախագահի թեկնածու:
– Ես Վոլգոգրադի քաղաքացի չեմ եղել: Սովետական անձնագրով, ով որ մինչեւ 1991 թիվը Ռուսաստանում էր, մեխանիկորեն համարվում էր Ռուսաստանի քաղաքացի: Ես եղել եմ ԽՍՀՄ-ի քաղաքացի, 87 թվից մեխանիկորեն, ակամայից եմ դարձել այդտեղի քաղաքացի: Հետագայում՝ 1994թ. փոխել եմ իմ անձնագիրը, հայկական վերցրել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես այդ երկիրն ընդունում եմ որպես մեր դաշնակից, ինձ համար շատ գրավիչ է, որ Ռուսաստանից 2-3 մլն հայեր օգնում են իրենց բարեկամներին:
– Մշտապես Ռուսաստանի մասին դրական եք արտահայտվում, ձեր կարծիքով, ինչո՞ւ ձեր վրա «ստավկա» չեն անում:
– Որովհետեւ ես իրենց մարդը չեմ: Բացի դրանից, մեր իշխանությունները միտումնավոր ընդհանրապես բոլորին իջեցնում են, որ ոչ մեկի վրա էլ «ստավկա» չդնեն, հենց դա էր պատճառը, որ Կարապետյանն ավելի քիչ ձայներ ունեցավ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քան պիտի ունենար: Չէին ուզում, որ մտնեի քաղաքական ասպարեզ: