ԿԱՍԿԱԾՆԵՐ ԿԱՆ, ԲԱՅՑ…
OPT-ի կիրակնօրյա լրատվավերլուծական ծրագրում վերջերս Վրաստանին նվիրված ռեպորտաժում մի պահ երեւաց Զուրաբ Ժվանիայի եղբայրը, որն ասաց, թե բոլորն էլ գիտեն՝ ինչպես է մահացել իր եղբայրը, բավական է ամեն անցորդի հարցնես՝ նա կասի, թե ինչպես է դա եղել:
Առիթ ունեցանք համոզվելու՝ Թբիլիսիում Միխայիլ Սահակաշվիլիի նկատմամբ իրոք չկա նախկին էնտուզիազմը: Հասարակ քաղաքացիները, որոնց հետ զրուցում էինք՝ նրան մեղադրում էին, թե ժողովրդի կենսամակարդակը չի լավացել, չկան էական տեղաշարժեր: Եվ նոյեմբերի 2-ին սպասվելիք մեծ հանրահավաքից առաջ շատերն էին կարգախոսի պես կրկնում՝ «Բարի ճանապարհ Սահակաշվիլուն»:
Սակայն անկախ դժգոհություններից՝ արդյոք իրոք այդչափ տարածվա՞ծ է համոզվածությունը, թե Սահակաշվիլին մեղսակից է իր նախկին զինակցի մահվանը, եւ իրոք բոլո՞րն էլ վստահ են, որ Ժվանիայի վախճանի պաշտոնական վարկածը չի համապատասխանում իրականությանը: Այս հարցն ուղղեցինք Թբիլիսիի պետական համալսարանի Լրագրության դպրոցի դեկան Դավիթ Պաիչադձեին, որը նաեւ պրակտիկ լրագրության երկարամյա փորձ ունի: «Հատկապես դա ոչ ոք չի ասի, թե ինչպես է մահացել Զուրաբ Ժվանիան,- ի պատասխան ասաց նա:- Անկասկած է, որ սպիտակ բծեր ու հարցականներ մնացել են, եւ գործնականում անհնար է վերականգնել պատկերը, թե ինչպես է նա մահացել: Բայց ես չեմ կարող անգամ ասել, թե հատկապես ինչպես է վախճանվել հայրս, որը մահացավ սրտի տագնապից՝ ծառայության ընթացքում: Բայց թե հատկապես ինչպես դա տեղի ունեցավ՝ ես չգիտեմ. նույնիսկ ինձ հարազատ մարդու մահը պարուրված է թեկուզ փոքրիկ գաղտնիքով: Այն, որ Ժվանիայի մահը գազից թունավորման հետեւանք էր՝ ակնհայտ է: Վեճերն այն բանի շուրջ են, թե նրան սպանե՞լ են, թե՞ ոչ: Բայց իշխանությունների առնչակցության մասին կասկածները սերմանել էր ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին, որն էլ մինչ այդ ասում էր, թե դա դժբախտ պատահար է»: Փաստորեն այն համընդհանուր համոզվածությունը, որի մասին ակնարկում էր Ժվանիայի եղբայրը՝ իրականում չկա: Սակայն մնում են չփարատված կասկածներ:
Ա. Ի.