ՆԱՏՕ-ին եւ հայաստանյան նատօամետ ուժերին ասում է Ռուբեն Թովմասյանը
Աշխարհաքաղաքական գործընթացներում ՆԱՏՕ-ի դիրքորոշումը խիստ անհանգստացնում է Հայաստանի կոմունիստական կուսակցությանը՝ ի դեմս կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանի: «Չկա Սովետական Միությունը, վարշավյան պայմանագիրը, եւ այս պայմաններում ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի է ուժեղանում եւ մոտենում ԽՍՀՄ սահմաններին՝ հիմնական թիրախ ընդունելով Ռուսաստանը: Ես չեմ կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ է այդ կառույցն իրեն միջազգային ժանդարմի ֆունկցիաներ վերագրել եւ այդպես ռմբակոծությունների միջոցով ճնշում Հարավսլավիային, խցկվեց Վրաստան, միջինասիական հանրապետություններ, աքցանի մեջ է վերցնում Ռուսաստանը, նկրտումներ ունի Չեխիան «զավթելու», Իրաքը, Աֆղանստանը… Պուտինն առաջարկություն արեց Գաբալայի մասին՝ չընդունեցին: Մինչդեռ դա հզոր ուժ է, ժամանակին Սովետական Միությունը պատահական բաներ չէր կառուցում»,- «Առավոտին» իր մտահոգությունները փոխանցեց ընկեր Թովմասյանը՝ եզրակացնելով, որ ՆԱՏՕ-ն մնում է ամենաագրեսիվ կառույցը: Ուստի՝ պահանջում է, որ Հայաստանի իշխանությունները ձեռնպահ մնան այդ կառույցի հետ համագործակցությունից ու թույլ չտան Հայաստանն օգտագործել «իրենց հեռակա նպատակների՝ Իրանի, Սիրիայի կամ Լիբանանի դեմ ուղղված գործողությունների համար, մանավանդ որ՝ ՆԱՏՕ-ն Հայաստանում արդեն հիմնում է իր ինֆորմացիոն կենտրոնները»: Եվ, բնականաբար, հայ կոմունիստներին դուր չի գալիս, որ «հայաստանյան որոշ ուժեր, հատկապես՝ նախկին կուսակցական», Հայաստանի անվտանգության համակարգը տեսնում են ՆԱՏՕ-ի շրջանակներում, «գովերգում, արդարացնում են ամերիկյան քաղաքականությունը», եւ դա էլ դեռ բավական չէ՝ «գտնում են, որ ռուսական ուժերը պետք է Հայաստանից դուրս գան, ինչ է թե՝ մի ռուս չինովնիկ մի հիմար հայտարարություն է արել: Հապա մեր ղեկավարների հայտարարությունները վերլուծեք: ՆԱՏՕ-ի առաջ դռները բացելը կնշանակի արյունարբու Թուրքիայի առաջ դուռ բացել: 106 բանաձեւի քննարկման ժամանակ էլ տեսանք, թե իրենք իրենց ոնց պահեցին»,- հավատարիմ մնալով հայ-ռուսական հավերժ բարեկամությանը՝ Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի բոստանը քար գցեց ընկեր Թովմասյանը:
Վերջինս ի պատասխան ասաց. «Քաղաքականությունը հենց դրա համար է, որ յուրաքանչյուրն իր տեսակետն ունենա: Պետք է ուղղակի քաղաքական կուլտուրա ունենանք եւ հարգենք միմյանց տեսակետները: Այլ մոտեցումներ ունենալու համար ես մարդկանց չեմ վիրավորում»:
ԱՄՆ Կոնգրեսում քննարկումների փուլ անցնող 106-րդ բանաձեւի շուրջ բարձրացած աղմուկի առիթով էլ ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղարը հայտարարում է. «Ամերիկայի ղեկավարները միշտ էլ եղել են մի քանի երեսանի եւ նրանք երբեք էլ հայանպաստ որոշումներ չեն ընդունի»: Այդուհանդերձ, իրենց իսկ իմիջի համար Թովմասյանը խորհուրդ է տալիս ընդունել Հայոց ցեղասպանության փաստը եւ չկոծկել այն պետական ահաբեկչության քողով: