Լոռու մարզի դատախազությունում խոշտանգումների մասնակիցներին ու պատասխանատուներին խրախուսել է ինքը՝ ՀՀ նախագահը:
Սեպտեմբերի 6-ին Երեւանում ՀՀ ոստիկանություն բերման էր ենթարկվել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբոր որդին՝ Արման Դարբինյանը: Հիշեցնենք, որ Ա. Դարբինյանին ձերբակալելուց անմիջապես հետո նրան պատկանող «Կրայսլեր» մակնիշի 36 US 001 պետհամարանիշի ավտոմեքենայի բանալիները ոստիկանները նրա ձեռքից վերցրել էին, եւ այն շուրջ մեկ ժամ եղել էր ոստիկանության տրամադրության տակ, որից հետո Ա. Դարբինյանը ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխվել էր Վանաձոր: Արդեն Լոռու մարզի դատախազությունում նրա ավտոմեքենայի զննությամբ մեքենայի պահուստային անվադողում, իբր, հայտնաբերվել էր 4 հատ փամփուշտ: Դա այն դեպքում, երբ ավելի վաղ՝ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունից հետո, Ա. Դարբինյանի ավտոմեքենան էլի եւ մանրակրկիտ խուզարկվել էր, բայց այն ժամանակ իրավապահները ոչինչ չէին գտել: Ինչեւէ, Ա. Դարբինյանի դեմ Լոռու մարզի դատախազությունում քրգործ էր հարուցվել ՀՀ ՔՕ համապատասխան՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքով: Ու թեեւ Ա. Դարբինյանին պատկանող «Բելիսիմո» ռեստորանային համալիրի աշխատակիցներին Լոռու մարզի դատախազությունում անգամ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների տակ ստիպել էին ցուցմունք տալ Ա. Դարբինյանի դեմ՝ իբր նրա մոտ ապօրինի զենք են տեսել, բայց իրավապահներին նման, ինչպես նաեւ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությանը Ա. Դարբինյանի առնչությունների մասին որեւէ ցուցմունք կորզել այդպես էլ չէր հաջողվել: Այդուհանդերձ, չնայած այն բանին, որ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն, Ա. Դարբինյանի կալանավորումը որեւէ կապ չունի մարզի դատախազի սպանության հետ, ակնհայտ է, որ Ա. Դարբինյանի կալանավորումը անուղղակիորեն կապված է հե՛նց դատախազի սպանության հետ ու այն քաղաքապետ Ս. Դարբինյանի վրա բարդելու միտում ունի: Ա. Դարբինյանը սեպտեմբերի 8-ից ի վեր Լոռու մարզի 1-ին ատյանի դատարանի որոշմամբ, շարունակում է մնալ կալանքի տակ՝ այն դեպքում, երբ նրա պաշտպան Ենոք Ազարյանի եւ հարազատների փոխանցմամբ, նրա առողջական վիճակը վատ է. այն ամրապնդված է բժշկական բազմաթիվ փաստաթղթերով: Ա. Դարբինյանի պաշտպանը 1-ին ատյանի դատարանի սույն որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում՝ պահանջելով փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Վերաքննիչը, սակայն, 1-ին ատյանի դատարանի որոշումը թողել էր ուժի մեջ՝ պատճառաբանելով, թե ազատության մեջ գտնվելով՝ Ա. Դարբինյանը կարող է խուսափել ցուցմունքներ տալուց եւ խոչընդոտել քրգործի նախաքննությանը, ճնշում գործադրել հնարավոր վկաների վրա: Սա անհեթեթ պատճառաբանություն է, որովհետեւ, եթե փորձենք դատողություններ անել իրավապահների տրամաբանությամբ, ապա քրգործի նախաքննությանն ու դատախազի սպանության բացահայտմանը կարող են խոչընդոտել ավելի ազդեցիկ մարդիկ, օրինակ՝ նույն ինքը՝ Ա. Դարբինյանի քաղաքապետ հորեղբայրը, որն ազատության մեջ է:
Ե. Ազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը դիմելու է Վճռաբեկ դատարան՝ Ա. Դարբինյանի խափանման միջոցը նաեւ գրավով փոխարինելու միջնորդությամբ: Միաժամանակ Ե. Ազարյանը դեռ անցյալ շաբաթ հիմք ընդունելով ՀՀ Քր. դատ. օրենսգրքի 151-րդ հոդվածը, որով նախաքննության մարմինը, տվյալ դեպքում՝ դատախազությունը, իրավասու է վերացնել խափանման միջոցը, գրավոր միջնորդություն է ներկայացրել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ Ա. Դարբինյանի խափանման միջոցը փոխելու նպատակով: Գլխավոր դատախազին ուղղված նամակի պատասխանը դեռ չի ստացվել: Այդ դիմումում պաշտպանը նշել է, որ Ա. Դարբինյանի ձերբակալությունը տեղի է ունեցել օրենքի խախտումներով. նախ՝ նա զրկված է եղել պաշտպանից, նրա հարցաքննությունն անցել է առանց պաշտպանի մասնակցության, բացի այդ՝ խափանման միջոցը կիրառելու ժամանակ մարզի 1-ին ատյանի դատարանը կալանքի ժամկետը հաշվարկել է ձերբակալությունից մեկ օր ուշ, թեեւ պետք է հաշվեր ձերբակալման պահից սկսած:
Սեպտեմբերի 8-ից ի վեր Ա. Դարբինյանի հետ քննչական գործողություններ չեն կատարվում: Միայն անցած ուրբաթ օրը Ե. Ազարյանը քրգործը վարող քննիչի հետ միասին ծանոթացել է պաշտպանի միջնորդությամբ կատարված դատաքիմիական փորձաքննության արդյունքների հետ: «Այն նշանակվել էր մեր միջնորդությամբ եւ նպատակ ուներ հստակեցնել փամփուշտների վաղեմության ժամկետը՝ որքան ժամանակ է, որ դրանք գոյություն ունեն, եւ որքան ժամանակ են գտնվել Ա. Դարբինյանին պատկանող ավտոմեքենայում»,- պարզաբանեց պաշտպանը: Պարզվում է, որ փորձաքննությունն այդ հարցի պատասխանը տալ չէր կարողացել՝ պատճառաբանելով, թե գիտական մեթոդով հնարավոր չէ ասել: Այն, որ Ա. Դարբինյանին կալանքի տակ պահելը միայն բարոյական ճշման ձեւ է նրա հարազատների եւ Վանաձորի քաղաքապետի դեմ՝ այլեւս հստակ է:
Իսկ ի՞նչ փուլում է գտնվում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ դեռեւս սեպտեմբերի 13-ի հրամանով նշանակված ծառայողական քննությունը՝ Վանաձորում Արման Դարբինյանին պատկանող «Բելիսիմո» ռեստորանային համալիրի մի քանի աշխատողներին, մարզի դատախազությունում խոշտանգելու փաստի կապակցությամբ: Այդ հրամանին հետեւած օրերի ընթացքում Վանաձորի մեր աղբյուրները փոխանցում էին, որ Լոռու մարզի դատախազությունում իրենց հորդորել էին բողոքները ետ վերցնել՝ խոստանալով հոգալ պատճառված բարոյական վնասն ու փոխհատուցել բժշկական ծախսերը: Բայց ոչ ոք այդ բողոքը ետ չէր վերցրել: Երեկ մեր հարցին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը ասաց, թե այդ փաստի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 241-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ավելի համակողմանի քննություն անցկացնելու նպատակով: Արդյունքների մասին, բնականաբար, առայժմ ոչինչ հայտնի չէ, ու դժվար էլ մարդ խոշտանգած քննիչները լուրջ պատասխանատվության ենթարկվեն՝ նկատի ունենալով այն, որ ՀՀ բարձրագույն իշխանություններն իրենք են փաստացի խրախուսում իրավապահների նման գործելաոճը: Դրա ապացույցն է այն, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ անկախության հռչակման 16-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ Հակոբ Ղարախանյանը, որը գլխավորել էր «Բելիսիմոյի» աշխատակիցներին ծեծի ենթարկած քննչական խումբը, պարգեւատրվեց «Մխիթար Գոշ» մեդալով, իսկ ավելի ուշ Լոռու մարզի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Շահբազյանն էլ նշանակվեց մարզի դատախազ: Սա այն դեպքում, երբ, հիշեցնենք՝ «Բելիսիմոյի» աշխատակից Կարեն Դոդոռյանին, որին ամենաշատն էին ծեծել մարզի դատախազությունում, հե՛նց Կ. Շահբազյանն էր սպառնացել, թե կնոջը կբերեն ու աչքի առաջ կբռնաբարեն, նաեւ Շահբազյանի ներկայությամբ էր, որ Կարենին ծեծել էին այնքան, որ նա կորցրել էր գիտակցությունը: