ՀՅԴ-ի եւ «Օրինաց երկրի» անցած շաբաթավերջին անցկացրած միջոցառումները
ՀՅԴ-ն դեմ է միահեծան իշխանությանը
ՀՅԴ նախագահի թեկնածուներ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն ու ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հոկտեմբերի 13-ին հանդիպել են Մասիս քաղաքի բնակչության հետ: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության համաձայն՝ երկու թեկնածուներն էլ վստահություն են հայտնել, թե երկրի զարգացման առումով ճիշտ է, որ Հայաստանի նոր նախագահը չլինի օրենսդիրում եւ գործադիրում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի, այն է՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչը: Վահան Հովհաննիսյանն այս կապակցությամբ նշել է. «Ակնհայտ է, որ երկրում ստեղծվել է մի վիճակ, որ մի կուսակցություն ունի շատ լծակներ՝ որոշում կայացնելու համար: Եթե նախագահը լինի այլ կուսակցությունից, բախումներ չե՞ն լինի: Կլինե՛ն: Բայց հենց դա կբերի մեր երկրին զարգացման»: Նաեւ հավելել է. «Այս դեպքում էլ, սակայն, զարգացման բնականոն ընթացքը կարող է ապահովվել այն դեպքում, եթե երկրի նոր նախագահը քաղաքական այնպիսի ուժի ներկայացուցիչ լինի, որը պատրաստ է համագործակցության: Հակառակ պարագայում երկիրը կարող է ճգնաժամի առաջ կանգնել: Դաշնակցությունն այդ առումով առաջարկում է իշխանության ներսում զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ, որոնք իշխանության մյուս օղակներին զերծ կպահեն տարատեսակ գայթակղություններից»:
Նույն խնդրին անդրադառնալով՝ Արմեն Ռուստամյանը նշել է. «Եթե մեկ քաղաքական ուժի են պատկանելու բուրգի երեք հիմնական կետերը, ապա ձեւավորվելու է միահեծան իշխանություն: Բայց մյուս ծայրահեղությունն էլ կա: Եթե իշխանության գա մի քաղաքական ուժ, որը համագործակցության եզր չի տեսնում, ապա ճգնաժամային բնույթ կկրի: Մենք համագործակցության եզրեր տեսնում ենք»: Ըստ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցչի՝ «Համագործակցության առումով Դաշնակցության փորձը թերեւս բավականին մեծ է: Սկզբում՝ կոալիցիոն գործընկերոջ կարգավիճակով, խորհրդարանական ընտրություններից հետո՝ համագործակցության համաձայնագրի հիմունքներով: Բայց ամենակարեւորը՝ երկու դեպքում էլ ՀՅԴ-ն հավատարիմ մնաց սկզբունքներին՝ աչք չփակելով հասարակության արատավոր երեւույթների վրա»:
Ի դեպ, նշենք, որ հոկտեմբերի 9-ին Գյումրիում հանդիպման ժամանակ պրն Ռուստամյանն ասել էր. «Դաշնակցությունը, դժբախտաբար, այս 10 տարիների ընթացքում, երբ որ իշխանության մաս է եղել՝ երբեք չի ունեցել այնպիսի ազդեցություն, որ որոշումները կայացվեն իր ուզած ձեւով: Երկրում որոշումները չեն կայացել, դժբախտաբար, մեր ուզածով եւ մեր պատկերացրած եղանակներով, եւ էն լուծումները, որ երկրում շատ հաճախ տրվել են, չեն որոշվել ՀՅԴ ամբողջական տեսակետները հաշվի առնելով»:
ՕԵԿ-ը դեմ է հուսալքությանը
Հոկտեմբերի 12-14-ին Ծաղկաձորում ընթացել է «Օրինաց աշուն» երիտասարդական հավաքը, որին մասնակցել են նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, քաղխորհրդի եւ պատգամավորական խմբակցության անդամները: ՕԵԿ մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդման համաձայն՝ հավաքի մասնակից երիտասարդները ժամանել էին Երեւանից ու Հայաստանի բոլոր մարզերից. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երիտասարդությունը որպես շարժիչ ուժ մշտապես վճռորոշ դերակատարում ունի քաղաքական իրադարձությունների կայացման եւ հետագա զարգացումների գործընթացում՝ ՕԵԿ ղեկավարներն արժեւորեցին նման հավաքի անհրաժեշտությունն առաջիկա քաղաքական կարեւորագույն իրադարձության՝ նախագահական ընտրությունների նախաշեմին»։
«Օրինաց աշուն» հավաքում ելույթ է ունեցել Արթուր Բաղդասարյանը եւ անդրադարձել ներքաղաքական խնդիրներին, պատասխանել երիտասարդների հարցերին: Քաղաքական հարցերից բացի՝ նրանց հետաքրքրել են գների աննախադեպ աճի, մարզաբնակ երիտասարդների համար աշխատատեղերի զանգվածային բացակայության, կոռուպցիայի դեմ մղվող պայքարի անարդյունավետության շուրջ ՕԵԿ առաջնորդի տեսակետները:
Արթուր Բաղդասարյանն, ըստ հաղորդագրության՝ հայտնել է. «ՕԵԿ-ը հավատարիմ նախընտրական իր խոստումներին եւ ծրագրերին, որպես խորհրդարանական ուժ, այսօր էլ շարունակում է ակտիվ նախաձեռնողական քայլեր իրականացնել ԱԺ-ում, արդեն իսկ ներկայացնելով 50-ից ավելի օրենսդրական նախագծեր»: Նաեւ հավելել է. «Առաջիկա նախագահական ընտրությունները բացառիկ նշանակություն ունեն մեր երկրի համար: Հետեւաբար, մենք պետք է ստեղծենք ազատ ու ժողովրդավարական երկիր, պարկեշտ, հանդուրժող եւ հույսերով լի հասարակություն, այլ ոչ թե անհանդուրժողականության եւ հուսալքության հասարակություն»: