Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուժկովի նվերից բացի՝ հայկական գրքեր

Հոկտեմբեր 13,2007 00:00

\"\"«Առավոտին» էին դիմել թիվ 132 միջնակարգ դպրոցի մի քանի ծնողներ, որոնց անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում: «Մշտապես գրքերի հետ կապված խնդիրներ ենք ունենում: Ամեն տարի գումար են հավաքում եւ բաժանում դասագրքերը, բայց դրանց մի մասը այդպես էլ չի օգտագործվում: Տարեվերջին ոչ մի անգամ չբացած դասագրքերը կրկին վերադարձնում ենք դպրոցին: Այս տարի եւս 5-8-րդ դասարանների մաթեմատիկայի, ռուսերենի եւ այլ առարկաների գրքերը ստիպել են վերցնել, բայց նաեւ պահանջել են շուկայից նույն առարկայի այլ գրքեր գնել, որոնցով ընթանալու է դասապրոցեսը»,- նեղսրտեց մի ծնող: Մյուսն էլ բողոքեց. «Միջին դասարաններում նորմալ դասապրոցես չկա, իսկ 9-10-րդ դասարաններում ահավոր վիճակ է, ամբողջ օրը ուսուցիչները վեճի մեջ են մտնում աշակերտների հետ՝ փոխանակ պարապելու: Տնօրենը նորմալ մարդ է, բայց կոլեկտիվն այլեւս առաջվանը չէ, լավագույն ուսուցիչները կամ կրճատվել-օպտիմալացվել են, կամ հեռացել դպրոցից: Արդյունքում՝ ծնողներից ոմանք էլ իրենց երեխաներին հանել-տարել են հարեւան դպրոցներ»: Թիվ 132 դպրոցի տնօրեն Լեւոն Դանիելյանը հեռախոսով «Առավոտին» պարզաբանեց, որ ծնողների դժգոհությունը ռուսերեն ուսուցմամբ դասարանների մասին է, որոնց ամեն տարի դասագրքեր են բաժանվում, բայց գումար չի հավաքվում, քանի որ դրանք Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի նվերն են. «Երեխաներն անցնում են ՌԴ-ում տպագրված դասագրքերով, բայց մենք գտնում ենք, որ նրանց սեղանին պիտի լինեն նաեւ հայաստանյան դպրոցների համար տպագրված դասագրքեր, որովհետեւ քննությունները հանձնում են ոչ թե ռուսաստանյան, այլ հայաստանյան ծրագրերով: Ինչ վերաբերում է օպտիմալացված ուսուցիչներին, այո, եղել են կրճատումներ, կոնկրետ այս տարի՝ 6 հոգի: Ինչպե՞ս կարող էինք թողնել կենսաթոշակային տարիքի թեկուզ վաստակաշատ ուսուցիչներին եւ տեղ չտալ երիտասարդ կադրերին: Բացի այդ, մեզանից պահանջվում է 22 ժամով դրույք, իսկ ավելորդ կադրեր պահելու շռայլություն թույլ տալ չենք կարող»: Դպրոցի տնօրենը հերքեց այն լուրը, թե իրենց կրթօջախից երեխաների «արտահոսք» կա այլ դպրոցներ. «Մեր դպրոցը երբեք ռեգրես չի ապրել, եթե էդպես լիներ՝ 1700 աշակերտ չէինք ունենա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել